ՔԴՄ համագումարի արդյունքները
Գերմանիայի Համբուրգ քաղաքում շաբաթավերջին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը կարելի է համարել երկրի, թերեւս նաեւ ամբողջ Եվրոմիության մեծ քաղաքականության փոփոխություն: Կառավարող Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում գաղտնի քվեարկությամբ ընտրեցին կուսակցության նոր նախագահ: Գրեթե երկու տասնամյակ ՔԴՄ անփոփոխ առաջնորդը եղած Անգելա Մերկելի փոխարեն, որը որոշել էր իր թեկնածությունը չառաջադրել հերթական անգամ, նոր կուսակցապետ Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը :
Կուսակցության պատգամավորներն իրենց արդեն նախկին ղեկավարին ճանապարհեցին գրեթե տասը րոպեանոց ծափողջույններով: Այդ ընթացքում Անգելա Մերկելը շնորհակալություն հայտնեց կուսակիցներինՙ ավելացնելով, որ Համբուրգում համագումարը միայն դրա համար չի գումարվել: Նրա խոսքերովՙ եկել է նոր դարագլուխ բացելու ժամանակը, եւ ինքը երախտապարտության զգացում է ապրում կուսակիցների վստահության համար:
ՔԴՄ ղեկավարի պաշտոնին հավակնում էին երեք անձինքՙ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպան ԼԳԲՏ ներկայացուցիչ, մուլտիմիլիոնատեր Ֆրիդրիխ Մերցը եւ ՔԴՄ հայտնի գործիչ Կրամպ-Կարրենբաուերը: Վերջինս, փաստորեն, Անգելա Մերկելի հովանավորյալն է: Գերմանիայում նրան նույնիսկ անվանում են «մինի Մերկել»:
Մերկելը 18 տարի գլխավորել է Քրիստոնեադեմոկրատական միությունը: Ներկայիս սերնդափոխության նկատմամբ Վաշինգտոնը ունեցել է որոշակի դիրքորոշումՙ հույսեր կապելով «Ատլանտյան խորհրդի» ղեկավար, մեծահարուստ Ֆրիդրիխ Մերցի հետ: Նա պաշտոնական Վաշինգտոնի գլխավոր գաղափարակիրն է Գերմանիայի վերնախավում:
Մերցի ընտրվելը կլիներ զուտ ամերիկանիզմի հաղթանակ, իսկ Կրամպ-Կարրենբաուերը հանդես է գալիս առավել հավասարակշիռ քաղաքականության օգտին, թեպետեւ խոստացել է ավելի կոշտ դիրք բռնել Ռուսաստանի նկատմամբ: Այդուհանդերձ, նա մտադիր չէ հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունից, որին դեմ է ԱՄՆ-ը: ՔԴՄ նոր առաջնորդը իր աշխատաոճն անվանում է «երկաթյա բռունցք մետաքսյա ձեռնոցի մեջ»:
Գերմանական ARD հեռուստաընկերության տվյալներով, ընտրություններից անմիջապես առաջ Շպանի թեկնածության օգտին հանդես էր գալիս ՔԴՄ կուսակցության անդամների ընդամենը 2%-ը, Մերցի օգտինՙ 35%-ը, Կրամպ-Կարրենբաուերի օգտինՙ 48%-ը: Ի դեպ, կուսակցապետ ընտրում են ոչ թե շարքային կուսակցականները, այլ շրջանային բաժանմունքների 999 պատվիրակները: Հաղթում է քվեների ավելի քան 50 տոկոսը ստացող թեկնածուն: Առաջին փուլում թեկանծուներից որեւէ մեկը չստացավ բացարձակ մեծամասնություն: Կրամպ-Կարրենբաուերը երկրորդ փուլում հաղթեց ընդամենը 35 ձայնի առավելությամբ: Մինչ այդ, իր ելույթում Կրամպ-Կարրենբաուերը փորձում է համոզել, որ ինքը «մինի Մերկել չէ, որեւէ մեկի պատճենը չէ»:
Կրամպ-Կարրենբաուերի ընտրվելը Մերկելի համար լավագույն ելքն է, քանի որ դա նրան հնարավորություն կտա կանցլերի պաշտոնում մնալ մինչեւ 2021 թվականը: Մի ժամանակ, Մերկելն ասում էր, որ կուսակցապետի եւ կանցլերի պաշտոնները պետք է զբաղեցնի միեւնույն անձնավորոթյունը, բայց այս տարվա հոկտեմբերին հայտարարեց, որ ինքը դեռ մնում է կառավարության ղեկավարի պաշտոնում: Ինչ վերաբերում է Մերցին, կուսակցության համագումարում նա ՔԴՄ-ին քննադատեց կոալիցիոն դաշնակից Քրիստոնեասոցիալական միության հետ չափից ավելի սերտ հարաբերությունների համար: Մերցը առավել նախահարձակ դիրքորոշում ունի արտաքին քաղաքականության հարցերի եւ, մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ:
Կրամպ-Կարրենբաուերի հետ Մերկելը նման խնդիրներ չի ունենա: Նա Մերկելի հետ համամիտ է ներգաղթի հարցում, բայց առավել պահպանողական է ընտանեկան հարցերում: Լինելով համոզված կաթոլիկ, Կրամպ-Կարրենբաուերը հանդես է գալիս ընդդեմ միասեռական ամուսնություների: Իսկ Ռուսաստանի հարցում նա Մերկելից ավելի խիստ դիրք է բռնել, մասնավորապես, Կերչի նեղուցի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ի տարբերություն Մերկելի, ով խոսել էր ռուս-ուկրաինական հակամարտության մեղմացման մասին, Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է, որ հարկավոր է Ազովի ծովից եկող ռուսական նավերի առջեւ եվրոպական նավահանգիստները փակել, քանի դեռ հակամարտությունը չի հարթվել: Նա նաեւ առաջարկել է սահմանափակել «Հյուսիսային հոսք-2» գազամուղով մատակարարվելիք ռուսական գազի ծավալները: