ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Ամանորին նախորդող օրերին Եվրասիական փորձագիտական ակումբը ձեւավորված ավանդույթի համաձայն իր ամենամյա ժողովում ամփոփում է կատարված աշխատանքի արդյունքները: Մեր հետազոտողները, ովքեր Հայաստանում եւ, արդեն նաեւ նրա սահմաններից դուրս, ճանաչված, առաջատար մասնագետներ են, ամփոփում են տնտեսական, սոցիալական եւ մշակութային արդյունքները, հող նախապատրաստելով կանխատեսումների եւ հետագա գործունեության ծրագրերի մշակման համար: Այդ ամփոփման նախօրեին գրված այս վերլուծականում փորձենք փոխանցել մեր հետազոտությունների որոշ, արդիական հնչողություն պարունակող ընթացիկ եզրակացություններ:
ԵԱՏՄ-ին անդամակցության որոշ տնտեսական ընթացիկ արդյունքներ
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը համոզված է, որ ինտեգրացիոն գործընթացների առանցքային նպատակը անդամ երկրների մրցունակության մակարդակի բարձրացումն է: Էական նշանակություն ունի պատրաստի արտադրանքի արտահանման նշանակալից աճը, որն իր մեջ պարունակում է ավելի բարձր ավելացված արժեք: ԵԱՏՄ-ին անդամակցության չորս տարվա ընթացքում այս ցուցանիշը էապես բարելավվել է: Նա հավելում է նաեւ, որ աշխարհում հումքի արտահանումը Էական հիմնախնդիրներ չի առաջացնում: ԵԱՏՄ անդամ պետությունների զարգացման հիմնարար գործոն է հանդիսանում զարգացման սցենարը: Առաջին սցենարով կարող է ընդլայնվել ծառայությունների ոլորտը, ավելանալ ներքին սպառումը վարկերի, գրանտերի, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին: Երկրորդ սցենարը ենթադրում է ապահովել տնտեսության զարգացումը ռազմաարդյունաբերական համալիրի եւ պատրաստի արտադրանքի էական աճի հաշվին: Պարզ է, որ պետք է գնալ այս երկրորդ ճանապարհով:
Էական տնտեսական զարգացման համար արտադրանքի եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է հասնի 50%-ի: Ընդ որում, պետք է գերակայի պատրաստի արտադրանքը: Այլ դեպքերում փոքր տնտեսություն ունեցող երկրները էական զարգացում չեն ունենա: 2017թ. այս ցուցանիշը Հայաստանում հավասար է եղել 38,1%-ի:
Սկսած 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրներում իրավիճակը մակրոտնտեսական ցուցանիշների առումով էապես բարելավվել է: 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանից արտահանումը ավելի քան կրկնապատկվել է: Սկսած 2016թ.-ից շարունակաբար բարելավվել են ապրանքաշրջանառության ցուցանիշները: Հայաստանի մերօրյա արտաքին տնտեսական կապերի բովանդակությունն ու ուղղությունը պարզորեն ցուցադրում են տնտեսության հետագա զարգացման իրական վեկտորը: Այսպեսՙ պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է Ռուսաստան: Հայաստան մտնող ուղղակի դրամական փոխանցումների 63%-ը գալիս է Ռուսաստանից: Էներգակիրների նշանակալից մասը մենք ստանում ենք Ռուսաստանից (գազի 90%-ը եւ միջուկային վառելիքի 100%-ը): Հայաստանում արված արտասահմանյան ուղղակի ներդրումների 50,7%-ը արել են ռուսաստանյան ընկերությունները: Պրոֆ. Ա.Թավադյանը պնդում է, որ ինտեգրումը ԵԱՏՄ շրջանակներում ունի ներուժ տնտեսության զարգացման համար, ինչպես նաեւ արագացված արդիականացման սոցիալական չափորոշիչների բարելավման: ԵԱՏՄ անդամ երկրների իշխանություններն ու ինտելեկտուալ վերնախավերը պարտավոր են հետեւողական ջանքեր գործադրել այս ներուժի լիարժեք օգտագործման համար:
Եվրասիական եւ եվրոպական ինտեգրման զուգակցման հնարավորությունները գլոբալ առճակատման պայմաններում
Մեր խնդրանքով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ուսումնասիրել է այս թեման, որի արդյունքում հստակ ձեւակերպել է գլոբալ անկայունության, ինչպես նաեւ առճակատման անբարենպաստ պայմաններում մեր երկրի հնարավորություններն առաջ մղելու թե՛ եվրասիական ինտեգրումը, թե՛ զարգացնելու հնարավոր բոլոր կապերը Եվրոպական Միության հետ: Նա հիշեցրել է, որ Սերգեյ Լավրովի հայտնի «Եվրասիական ինտեգրման նախագիծ. միտվածություն դեպի ապագա» հոդվածում ցույց է տրվել, որ Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում բազմակողմ համագործակցության ընդլայնումն եւ ինտեգրացիոն գործընթացների խորացումն ու մեծացումը մի ուղի է, որը հաշվարկված է որպես ռազմավարական հեռանկար: Այսօր բազմամակարդակ եւ տարբեր արագությամբ ինտեգրման սկզբունքի համաձայն ԱՊՀ շրջանակներում հաջողությամբ զարգանում են տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերը: Դրանք օրգանապես լրացնում են միմյանց, ստեղծելով գործընկերության լայն հարթակ:
Մեզանում էլ, կարծես, սկսում է հաղթանակել այն մոտեցումը, որ ԵԱՏՄ ստեղծումն ուղի է, որը թույլ է տալու նրա մասնակիցներին պատվավոր տեղ զբաղեցնել գնալով ավելի բարդացող, ուժեղացող մրցունակություն դրսեւորող 21-րդ դ. աշխարհում: Եվրասիական ինտեգրումը բացարձակապես ժամանակակից նախաձեռնություն է, մեր դարաշրջանի իրողություններին եւ ոգուն հարազատ, գլոբալ կառավարման ռեգիոնալ մակարդակի ամրապնդման միտումներին հարիր, որոնց զարգացումը կոչված է դնելու կայուն ինքնակարգավորվող միջազգային համակարգի հիմքերը: Ամեն դեպքում, գտնում է պրոֆ. Թ.Մանասերյանը, համոզված կերպով կարելի է ասել, որ եվրասիական ինտգրումը զարգացման սեփական տրամաբանություն է ձեռք բերել: Նրա հիմքում առեւտրատնտեսական ոլորտում գործնական, հասկանալի նախաձեռնությունների կենսագործումն է: Հստակ կոնսենսուս է ձեւավորվել հօգուտ այս գործընթացի աստիճանական առաջխաղացմանՙ առանց թռիչքների եւ վազանցի: Դրանում է ԵԱՏՄ հաջող հեռանկարը: Մենք իրապես շահագրգռված պետք է լինենք, որ մերձավոր հարեւանների եւ գործընկերների առջեւ չկանգնի արհեստական ընտրությունը ինտեգրման «արեւմտյան» եւ «արեւելյան» վեկտորների միջեւ:
Արեւմուտքում ԵԱՏՄ նախագիծը չընդունվեց դրականորեն, այնինչ Արեւելքում, այդ թվում Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում եւ այլ երկրներում սկսեցին փնտրել այդ նախաձեռնության հետ ավելի սերտ ու փոխշահավետ համագործակցության հնարավորություններ: Ամբողջ աշխարհն այսօր շարժվում է տնտեսասկան գլոբալացման եւ ռեգիոնալիզացման ճանապարհով: Պետք է հույս ունենալ, որ համագործակցության ուղիներ փնտրելուն միտված քաղաքականությունը, որը ընդունելություն է գտնում ե՛ւ պաշտոնական Մոսկվայի կողմից, ե՛ւ պաշտոնական Բրյուսելի, կպահպանվի նաեւ հետագայում: Կարեւոր է, որ աշխարհաքաղաքական այդ բեւեռները չեն դնում «կամ-կամ» հարցադրումը Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների առջեւ: Հայաստանի համար կարող է հետաքրքրական լինել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների օրինակը, որի պարագայում Թուրքիան 1996թ. սկսած, չլինելով ԵՄ-ի անդամ, օգտվում է ազատ առեւտրի ռեժիմի բոլոր արտոնություններից, ինչպես եւ եվրոկանան երկրները: Հասկանալի է, որ ԵԱՏՄ եւ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր է: Տարբեր են նաեւ համագործակցության պայմանները եւ գործընթացները: Այսուհանդերձ, այս երկու վեկտորների ծնած հնարավորությունները կարող են դիտարկվել մեկ մակարդակում: Հայաստանի համար այս երկու վեկտորների համադրմանն ուղղված խելացի ջանքերի պայմաններում կարելի է սպասել նոր լիցք անկախության եւ ինքնիշխանության խորացման, կայունության ամրապնդման, մասնավորապես, գլոբալ առճակատման ակնհայտ բացասական հետեւանքները մեր փոքրիկ երկիր չներմուծելու համար:
Տնտեսական շահագրգռության դիրքերից վերանայել մեր պատմական անցյալը
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը ուսումնասիրել է եվրասիական ինտեգրման գործընթացում որոշ արդիական հնչողություն ունեցող տեղեկատվական հիմնախնդիրներ: Նա փորձել է հասկանալՙ որքանով են իրականությանը համապատասխանում «Խորհրդային Միությունում Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների» մասին այստեղից-այնտեղից հնչող դատողությունները: Նրա կազմած մի խոսուն աղյուսակի համաձայն, խորհրդային հանրապետությունների շարքում 1985-ից 1990թթ. ընկած ժամանակահատվածում սպառման եւ արտադրության հարաբերակցության ցուցանիշների ուսումնասիրությունը ինքնին շատ բանի մասին է խոսում: Այսպես, ՌԽՖՍՀ-ում այդ հարաբերակցությունը ամենացածրն էրՙ ընդամենը 76%-ը արտադրված արդյունքի: Ստացվում է, որ «գաղութարարը» սպառում էր ավելի քիչ, քան իր «գաղութները» եւ, փաստորեն, ամրացնում էր նրանց իր սեփական ռեսուրսների հաշվին: Հետաքրքրական է նաեւ, որ երեք սլավոնական հանրապետություններից միայն Ուկրաինան էր սպառում ավելի շատ, քան արտադրում էր: Հետաքրքրական է նաեւ, որ Ուզբեկստանը, Վրաստանը եւ Հայաստանը Ռուսաստանի եւ Բելառուսի համեմատությամբ երեք անգամ ավելի շատ էին սպառում, քան արտադրում: Գ.Հարությունյանի կազմած աղյուսակը, որը շուտով կհրապարակենք, խոսուն ցուցադրությունն է այն հանգամանքի, որ փլուզված ԽՍՀՄ-ում բացակայում էր այսպես կոչված գաղութային էթնիկ շահագործումը, որը բնորոշ էր, օրինակ, բրիտանական գաղութային համակարգին:
Այս իրողությունները հարկ է իմանալ, որովհետեւ ժամանակակից ուժգնացող տեղեկատվական պատերազմների շրջանում մեկը մյուսին հաջորդող գործողություններում անընդհատ փորձում են մեզ ներշնչել, որ ինտեգրացիոն գործընթացների դեմ խոսողները բարի գործ են անում հանուն անկախության ամրապնդման եւ ինքնիշխանության: Փաստերի այսպիսի նենգափոխումը, համաձայն մեր փորձագետների, հնարավոր է այն դեպքում, երբ մոռացության է տրված պատմական անցյալը, նրա նկատմամբ հավաքական հիշողության դեմ իրականացված են թշնամական ներխուժումներ, հավաքական ամնեզիայի պայմաններում իջեցվել է հասարակության կրթական ու գիտական մակարդակը, բթացել է հասարակական դիմադրության ուժը եւ թուլացել է պահանջկոտությունը: Սրա դեմն առնելու համար հարկ է զարգացնել պահանջված գիտակրթական եւ մշակութային համագործակցությունը, իրականացնել բազմակողմ ծրագրեր, նպատակաուղղել տվյալ դեպքում ԵԱՏՄ-ի հետազոտողներին, գիտնականներին, արվեստի ու մշակույթի մարդկանց սերտ համագործակցության արդյունքում ստեղծելու նոր մշակութային ու քաղաքակրթական արժեքներ:
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի եւ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի հետազոտությունները վերաբերում են գիտության եւ մշակույթի ասպարեզներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը: Պրոֆ. Է.Ղազարյանը ցույց է տվել, որ մեր երկու երկրների ագրարային ոլորտի համալսարանների եւ գիտական կենտրոնների համագործակցությունը վերջին տարիներին ուղղակիորեն նպաստում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Այս ասպարեզում տնտեսագիտական ցուցանիշների աճը շատ նկատելի է, իսկ համագործակցության օրինակներըՙ պատկառանք ներշնչող:
Պրոֆ. Ալ.Սաֆարյանը մեր խնդրանքով հետազոտել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի համալսարանների ու գիտական կենտրոնների միջեւ հաջողված համագործակցությունը, որը նոր մակարդակի է բարձրացնում ետխորհրդային դարաշրջանի արեւելագիտությունը: Կարեւոր է, որ մեր երկիրը երկկողմ ու բազմակողմ գիտամշակութային կապերում ներկայանում է որպես հավասար կողմ, արժանապատիվ գործընկեր եւ մշակութային նոր արժեքներ ստեղծելու ունակ մասնագիտական հանրություն: Կարծում ենք, որ գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության ասպարեզներում համագործակցությունը ինտեգրման գործընթացների կարեւորագույն բաղադրիչն է: Առանց այս ոլորտների ուսուցանող ու դաստիարակող դերակատարության դժվար է պատկերացնել լոկ տնտեսական շահով պայմանավորված փոխգործակցության գլոբալ հաջողությունը:
Հայաստանի նոր իշխանությունները պետք է լրջորեն ուսումնասիրեն եվրասիական տնտեսական ինտեգրման չորս տարիների բոլոր հաջողությունները: Հարկ է վերլուծել նաեւ, թե ինչո՞ւ են կաղում որոշ գործընթացներ եւ ինչո՞ւ չի ամբողջությամբ գործադրվում ինտեգրման հսկայական ներուժը: Կարծում ենք, որ ներքաղաքական առճակատումն ու անպտուղ քաղաքական բանավեճերը այս ընտրություններից հետո վերջապես պետք է տեղը զիջեն որակյալ մասնագիտական մշակումների վրա հիմնված, տնտեսության զարգացմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքական որոշումներին: Եվրասիական փորձագիտական ակումբի չորս տասնյակ անդամները պատրաստ են օգնել քաղաքական վերնախավերին ճիշտ եւ սպասված քաղաքականության մշակման ու կենսագործման հարցում: