Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա. նրանց պետք է Սյունիքը. Արմեն Աշոտյան

Ադրբեջանական Գաբալա քաղաքում օրերս կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հերթական գագաթաժողովին ընդունված բանաձեւում «Զանգեզուրի միջանցք» ալիեւյան խոսույթի եւ ձեւակերպումների մասին արդեն գրվել է։

Սակայն ուշադրությունից դուրս է մնում մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հանգամանք։

14 էջանոց փաստաթղթում թվարկված են անդամ-պետությունների եւ կազմակերպության համար կարեւոր միջազգային հարցերի շուրջ արձանագրումներ՝ Հյուսիսային Կիպրոս, Սիրիա, Աֆղանստան, Կենտրոնական Ասիա եւ այլն։

Սակայն որեւէ անդրադարձ չկա հայ-ադրբեջանական «խաղաղության» համաձայնագրի վաշինգտոնյան նախաստորագրման փաստի առթիվ։

Նշված փաստաթղթի անկարեւորության եւ ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի կտոր լինելու մասին դժվար է գտնել ավելի ցինիկ եւ ճչացող ապացույց։

Այս հանգամանքն էլ ավելի ցայտուն է դառնում Սյունիքի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների ֆոնին։

Թուրքիան եւ Ադրբեջանը թքած ունեն «խաղաղության» համաձայնագրի վրա։ Նրանց պետք է Սյունիքը, եւ դա 100%-ոց ճշմարտություն է։

Որքան էլ Նիկոլը եւ իր խեղկատակները ներքին լսարանի վրա ծախեն «խաղաղություն», դրա հիմքում ընկած թուղթը ռեալ քաղաքականության մեջ ընդամենը թղթի թափոն է, մակուլատուրա։

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ