Կարելի է, անշուշտ, ե՛ւ գիրք գնել, ե՛ւ ջազ լսել, կամ էլ օրինակՙ ֆոլք-ռոք, բայց ինձ գոնե անհնարին է թվում ե՛ւ երաժշտություն լսելը, ե՛ւ գիրք կարդալը: Ուրեմն կա՛մ գիրքն է տափակ, կա՛մ երաժշտությունը չի խաղում հոգու լարերի հետ: Չէ, ես չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք նապոլեոնական ունակություններով են օժտված եւ կարող են համ երաժշտություն լսել, համ գիրք կարդալ, համ էլ, օրինակ լահմաջուն ուտել, չմոռանալով, անշուշտ, հեռուստացույցով հետեւել ֆուտբոլային հանդիպմանն ու հեղինակավոր կարծիք ասելՙ հետընտրական իրավիճակի մասին, բայց ես համոզված եմ, որ եթե գիրքը լավն է, ջազը խանգարում է: Վերջինՙ թվով երկրորդ Երեւանբուք ֆեսթին, որտեղ ելույթ ունեցան հանրահայտ Մալխաս ջազ բենդն ու Բամբիռ խումբը, լավագույն պոետ ճանաչվեց Վիոլետ Գրիգորյանը: Ես անշուշտ չեմ մեջբերի նրա հրաշալի պոեզիայից մի հատված, միայն ասեմ, որ երեւանյան գրքի փառատոնին ջազն ու ֆոլք-ռոքը պարզապես ընտիր էին: Հենց այդ փառատոնին էլ իմացա, որ հայտարարվում է գրողական նոր մրցույթՙ ով ամենալավը կգրի թավշյա հեղափոխության մասին, նա էլ կհաղթի: Դժվարանում եմ ասել, թե այս թեմայով ո՞վ է ավելի լավ գրելու, քան «Իջեւան մոլորակից իջած փրկիչը» գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը, բայց դա մրցույթի կազմակերպիչների գործն է: Ինձ այլ հարց է անհանգստացնում: Հիշո՞ւմ եք դպրոցներում կար այսպիսի հանձնարարությունՙ գրել շարադրությունՙ օգտագործելով աշուն, դեղնած տերեւներ, անձրեւ, մշուշ, վտիտ, գույնզգույն, թաց լուսամուտներ, երազային հեռուներ բառերն ու բառակապակցությունները: Տպավորություն ունեմ, որ գրական մրցույթների կազմակերպիչները ցերեկը դպրոցներում նման հանձնարարություններ են տալիս, երեկոներն էլ գրողական մրցույթներ են կազմակերպում: Լավ, գրողին կարելի՞ է ասելՙ մտածիր միայն այս ուղղությամբ: Գուցե բառե՞րն էլ տան, որ պարտադիր օգտագործենք թավշյա հեղափոխությանը նվիրված գրական գործերում, դե օրինակՙ ուսապարկ, մի ազնիվ մարդ, տակացուն մաշված կոշիկներ, արնախում ռեժիմի վերջ, ազատատենչ ժողովրդի հաղթանակ… Մի խոսքով: Բա, եթե թելադրում եք, թե ինչի՞ մասին մտածեն Հայաստանի անկախ Հանրապետության ազատ գրողները, բառերն էլ հուշեք, որ գրեն, էլի: Չեք վախենո՞ւմ: Իշխանությունը հասկանալի է, որ ոչ. ժողովրդի մեծամասնությունը կողքին է, ժողովուրդը…
Ժողովուրդ, չեք վախենո՞ւմ: Ախր սա գրականություն է, ոչ թե մամուլ: Այստեղ չպետք է մտքերն ուղղորդվեն, գիրքը չպետք է իջնի կարտոֆիլի շուկա, որտեղ բոլոր վաճառողները ներկայացնում են այն ապրանքը, որը գնորդին դուր կգա: Գրականությունը մի տեսակ կարտոֆիլ չէ, կամ բազուկ, կամ կաղամբ, կամ նույնիսկ հատուկ տանգոյի համար կարված կարմիր զգեստ: Գրականությունը հարց է, որի պատասխանը փնտրելիսՙ հանկարծ զգում ես, որ երկնքում եսՙ զույգ թեւերդ պարզած, ամպերին հավասար թռչում ես, բայցՙ նկատելով գետնին սողացող բոլոր որդերին. եթե չնկատեսՙ պաթոսը կուտի:
Գրականությունն ուտում ենՙ գրողին մտածելու թեմա առաջարկելով: Եւ գրողի ընտրությունն էՙ դառնա՞լ կեր, թե՞ բարձրանալ վեր:
Գրականությունը չի կարող լինել հեղափոխության մասին, քանի որ ինքը… հեղափոխություն է: