Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒԲԱՅՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԱԶԻՍ «ՌԱԴԻՈ ԱՅԳ»-Ի ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Հարցազրույցըՙ ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ

Սփյուռքում գործող հայկական ռադիոկայանները համարվում են հայապահպանման կարեւորագույն բաղադրիչներից: Հենց այս առաքելությունն ունի նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գործող «Այգ» հայկական ռադիոկայանը, որի հիմնադիր-տնօրեն Շաքէ Մանգասարյանի հետ էլ ծավալվեց իմ հարցազրույցը:


– Դուք ծնունդով Լիբանանից եք. ինչպե՞ս եւ ե՞րբ, ի՞նչ դրդապատճառներով հայտնվեցիք Արաբական Միացյալ Էմիրություններում. արդյոք Էմիրություններ տեղափոխվելն առնչվո՞ւմ էր Ձեր աշխատանքային գործունեությանը կամ կրթությանը:

– Ծննդավայրս Հալէպ է: Արմատներովՙ Խարբերդ, Չմշկածագ: Համալսարանը աւարտելէս ետք աշխատանքի բերումով տեղափոխուած եմ Արաբական Միացեալ Էմիրութիւններ:

– Ձեր հիմնադրած «Ռադիո Այգ»-ը առաջի՞ն հայկական ռադիոժամն է Էմիրություններում, թե՞ մինչ այդ եւս գործել են նման լրատվամիջոցներ:

– «Ռատիո Այգ» կայանը առցանց կայան է, հետեւաբար հեռարձակումը կը ծածկէ աշխարհը եւ կը սփռուի շուրջօրեայ 24 ժամ` 365 օր. մինչեւ այսօր ալ միակն է որպէս գործող հայկական լրատուամիջոցՙ տուեալ տարածքին:

– Ո՞րն է «Այգ»-ի հիմնական առաքելությունըՙ հայապահպանությո՞ւնը, արաբական աշխարհում մի փոքրիկ լրատվական օազիս ստեղծե՞լը, թե՞ այն ավելի շատ սկզբունքային հարց է եւ ցանկության, երազանքի իրագործում:

– Ազգանպաստ եւ անշահախնդիր զոհողութիւն մը նուիրաբար տրուած սփիւռքի տարածքինՙ սփիւռքի կարիքներուն որպէս սատարում:

– Գիտեմ, որ «Այգ»-ը բազմահազարանոց ունկնդիրների լսարան ունի. ինչո՞ւմն է դրա գաղտնիքը:

– Գովազդային ոչ մէկ միջոցներու չեմ դիմած: Առածը կ՚ըսէ «Բերնէ բերանՙ կ՚ըլլայ գերան»: «Radio AYK» ռատիոն կը շարունակէ իր եթերըՙ անկախ իր ունկնդիրներու քանակէն:

– Շաքե՛, միայնա՞կ եք տանում այդ ծանր պատասխանատու աշխատանքը, թե՞ օգնողներ ունեք:

– Այո՛, պատասխանատու մեծ աշխատանք է, որուն գլխաւոր, հիմնական եւ աշխատանքի մեծագոյն տոկոսը մինակս կը կատարեմ: Քոյրերսՙ Սեդան ու Լուսինը, կը բերեն նաեւ իրենց աջակցութիւնըՙ կայքէջի թեքնիք-արուեստագիտական եւ դիմագիրքի ոլորտներուն մէջ: Շնորհակալ եմ քոյրերուս:

– Բնականաբար, կունենաք նաեւ այդ հեռարձակումները եւ ռադիոյի գոյությունն ապահովող հովանավորներ. եթե գաղտնիք չէ, կասե՞ք ովքեր են նրանք…

– Անկախ եւ ազգանուէր առցանց «Այգ» ռատիոկայանը հիմնադրուած օրէն ի վեր միակ ֆինանսաւորողը ամուսինս էՙ հաւատալով գաղափարին: Մենք չունինք եւ չենք ունեցած հովանաւորողներ եւ որեւէ միութեան-կուսակցութեան հովանիի ներքոյ չենք:

– Գիտեմ, որ համագործակցում եք Հայաստանի Հանրային ռադիոյի հետ: Պատմեք, խնդրեմ, նաեւ այդ մասին եւ ասացեք, թե ինչ է տալիս այդ համագործակցությունը, քանի՞ տարվա պատմություն ունի:

– «Ռատիո Այգ»-ի հիմնադրման յաջորդ քայլը Հայաստանի հետ կապեր հաստատելն էր: Առաջին քայլս էրՙ «Երկիր Մեդիա»-ի, Սփիւռքի նախարարութեան, ՀՀ Հանրային ռատիոյի հետ կապերու հաստատումը, որ արդէն եօթը տարիներու պատմութիւն ունի: Կապեր հաստատուած են նաեւ Ամերիկայի «Հորիզոն Արմինիըն թիվի» եւ «Ասպարէզ», Հայաստանի «Ազատութիւն թիվի», «Նոյյեան Տապան» լրատուական, «Արցախ թիվի», «Բարա թիվի» լրատուականներու հետ:

– Հարգելի՛ Շաքե, Ձեր ռադիոկայանի անունը երբեմն գրվում է K տառով. ռադիոկայանի անունը կապ ունի՞ այգաբացի հետ, եւ ո՞վ է անվանակոչողը:

– «Այգ» անուանումը, ինչպէս նշեցիք, ունի իր նշանակութիւնըՙ այգաբաց, լուսաբաց, որմէ ծնունդ առած է ու կոչուած ամէնօրեայ քսանչորսժամեայ եթերի յատուկ անուանումըՙ «Այգ ռատիո»ՙ լուսաբացէ լուսաբաց…

– Դուք ունեք նաեւ «Այգ» էջը, որտեղ տեղադրում եք տարբերՙ շատ ուշագրավ հոդվածներ, հարցազրույցներ, բանաստեղծություններ. Դո՞ւք եք կատարում ընտրությունը:

– Այո՛, ընտրութիւն կատարելը բաւական ժամանակ կը խլէ այն առումով, որ տեղադրելէ առաջ ես պէտք է աչքէ անցընեմՙ կարդամ զանազան եւ բազմաթիւ լրատուական կայքերըՙ քաղաքականութիւն, մշակոյթ, արուեստ, գրականութիւն, ապա արժեւորեմ ու տեղադրեմ:

Կայ նաեւ այն երեւոյթը, զոր դուք մատնանշեցիք, որ երբեմն ալ առաւել զոհողութիւն ու ջանք թափելովՙ կը տեղադրեմ լուրերը նկարներու եւ խոշորացուած խորագիրներու, «պատկեր-լուր»-ի տեսքովՙ դիւրացնելու եւ ընթերցողին ուշադրութեան յանձնելու ընկալուող տողերը: Թէպէտեւ սա զոհողութիւն է, բայց այստեղ իմ մտայղացումն էՙ լուրերը ոչ միայն հասանելի դարձնել, այլեւ տպաւորել եւ ընկալումը դիւրացնել: Գիտէք, թէ այսօր ընթերցողին ինչը կը հետաքրքէ եւ ատոր համար ինչ ձեւաչափով կ՚ուզէի տեղեկատուութիւնը տեղ հասցնել հասարակական համացանցի հարթակի վրայ:

Եգիպտոսի Հայ դատի գրասենեակի եւ Եգիպտոսի հայ գործարարներու միութեան գրասենեակներուն հետ ունիմ սերտ կապեր եւ դիմագիրքի էջերուս վրայ յատուկ ուշադրութեան կ՚արժանանան իրենց ուղարկած տեղեկատուութիւնները: Նոյնը պիտի ըսէի նաեւ Կիպրոսէն դոկտոր Հրայր Ճէպէճեանէն ստացած թղթակցութիւններուս մասին:

Նշեմ նաեւ, որ խնդրանք, առաջարկ նամակներ կը ստանամ, նաեւՙ ել-նամակներ (Email)ի եւ դիմատետրի (Facebook-ի) միջոցներով, որպէսզի անդրադառնամ իրենց մասին եւ տեղադրեմ մեր էջերուն վրայ:

Ամփոփելու համար ըսեմ, որ կը մատուցեմ այն, ինչ պէտք է եւ անհրաժեշտ, որպէսզի ընթերցողը տեղեակ մնայ հայութենէն եւ կամ գիտելիք պաշարէ ու թարմացնէ իր գիտելիքները:

– Խոսեք խնդրեմ նաեւ արեւմտահայերենով արված Ձեր թարգմանությունների մասին, որոնք տեղ ենք գտել «Վիքիպեդիայում»:

– Աշխատանք կը տանիմ «Վիքիփետիա» հարթակի վրայ խթանելու արեւմտահայերէնը եւ բազմացնելու արեւմտահայերէնի վերածուած էջերը: Ի՞նչ հաղորդումներ են հեռարձակվում Ձեր ռադիոկայանով, եւ որի՞ն եք տալիս նախապատվությունը :

– Ունկնդիրները արդէն ընտելացած են ծրագիրինՙ երաժշտութեան ընտրանիին կը յաջորդէ վերջին լուրերու եւ հարցազրոյցներու սփռումըՙ ամէն երեք ժամը մէկ:

– Շաքե՛, աշխարհի տարբեր ծայրերում սփռված են հայկական ռադիոկայաններ. բացի ՀՀ Հանրային ռադիոյիցՙ արդյոք համագործակցո՞ւմ եք նաեւ տարբեր երկրներում գործող հայկական ռադիոկայանների հետ:

– Այո՛, ինչպէս քիչ առաջ նշեցի հաստատուած կապերուս մասին, այստեղ ուրախութեամբ նշեմ, որ Երեւանի «Վէմ» ռատիոկայանի հետ ունիմ սերտ կապեր, որուն հոգեւոր ծրագիրները կը սփռենք երկուշաբթի օրերուն:

– Շաքե՛, ՀՀ Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի «Սփյուռքի ձայն» հաղորդաշարով հաճախ ենք լսում ձեր լրահոսը եւ «Արեւմտահայերեն» հաղորդաշարը. քանի՞ տարի եք համագործակցում:

– Ուրախ եմ այս հարցի համար: Այստեղ ըսեմ, որ ՀՀ Հանրային ռատիոյի ծրագիրին մէջ կը տեսնէք իմ նախաձեռնած «Արեւմտահայերէն» հաղորդաշարը, որ կը սփռուի ամէն կիրակի օր, Երեւանի ժամովՙ 12:13-ին, եւ ըսեմ նաեւ, որ համագործակցական աշխատանքներու ծիրէն ներս սա կը համարեմ գլխաւոր ու ազգանուէր ներդրումս: Իսկ ամէն Ուրբաթ, Երեւանի ժամովՙ 21:15-ին, ՀՀ Հանրային ռատիոյի «Կամուրջ» ծրագիրի «Սփիւռքի ձայն» հաղորդաշարի եթերով կը լսէք նաեւ իմ պատրաստած լրահոսը, որուն հիմնական նպատակը Սփիւռքի համայնքներու կապը Հայաստանի հետ ամուր պահելու միտումովՙ թղթակցութիւններու, ձայնահաղորդագրութիւններու հետեւողական աշխատանքն է եւ Սփիւռքի տարբեր համայնքներու գործունէութիւնը լսելի դարձնելը:

– 2018-ը ի՞նչ նորություններով նշանավորվեց «Ռադիո Այգ»-ի կյանքում, ո՞րն եք համարում 2018-ի ամենամեծ ձեռքբերումը եւ ի՞նչ ծրագրեր ունեք 2019-ին:

– Փոփոխուող եւ նոր ծանօթութիւններու ընդմէջէն, արժէքաւոր մարդկանց հետ կապն էր որպէս նորութիւններ: Այստեղ պիտի ողջունեմ իւրաքանչիւրին եւ յայտնեմ իմ շնորհակալութիւնն ու յարգանքըՙ մակագրուած գիրքեր ստանալով: Միացեալ Նահանգներէն, Լիբանանէն, Հալէպէն, Երեւանէն, Կիպրոսէն եւ այլ վայրերէ զանազան հեղինակներ կանոնաւոր կերպով կ՛առաքեն իրենց գիրքերը:

Մեծ գոհունակութեամբ ըսեմ, որ 2018-ի ամէնէն մեծ ձեռքբերումս արեւելահայերէն հէքիաթները արեւմտահայերէնի վերածելու աշխատանքս է, ուր արեւմտահայերէնի վերածեցի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հեղինակութեամբ «Չար տնակի հէքիաթը»: Այս քայլը նաեւ նուիրական գործունէութիւն մըն էՙ արեւմտահայերէնի կը վերածեմ Յ. Թումանեանի հէքիաթները, Սուրէն Քոչարեանի ժողովածուն, մանկագիր Յասմիկ Աճեմեանի հէքիաթները եւ վերջերս Ֆրանսաբնակ Աննա Իսաբեկեանի հէքիաթաշարքէնՙ «Փիսօն եւ հէքիաթը»: Ոմանք արդէն լոյս տեսան Լիբանանի մամուլէնՙ «Զարթօնք» օրաթերթի եւ «Երեբունի» անկախ լրատուական կայքի մէջ: Արձագանքը շատ գնահատելի է, եւ շատ մարդիկ հետաքրքրուած են հէքիաթներով, ինչ որ գոհունակութիւն կուտայ ինծի: Եւ այստեղՙ ինչո՞ւ այս թարգմանական գործը հարցումին պատասխանը այն է, որ Երեւանի գրախանութներու մէջ քրոջսՙ Սեդայի հետ մի քանի ամիս առաջ կը փնտռէինք արեւմտահայերէնով հէքիաթներ, սակայն ընտրանին քիչ էր: Բաւական քանակով հէքիաթներ գնեցինք, որպէսզի Սեդան Մոնթրէալի Սուրբ Յակոբ դպրոցի մանուկներու թատրոնի ժամին ներկայացնէ զանոնքՙ իր թատերական փորձառութեամբ եւ հմտութեամբ: Ձեռքբերումներու անուանումին տակ պիտի առանձնացնէի ռատիոյի բնագաւառի մէջ «Արեւմտահայերէն» հաղորդաշարով ներկայացուցածսՙ մուսալեռցիի յոյզերն ու կերպարը, որ անկեղծօրէն, առանց յուզմունքի եւ ոգեւորութեամբ կարելի չէր հնչեցնել: Խօսքս Դոկտոր Բաղդիշեանի իրապաշտ վէպին մասին էՙ «Մուսալեռցի պապս»:

– Սիրելի՛ Շաքե, խնդրում եմ Ձեր բարեմաղթանքը հղել «Ռադիո Այգ»-ի նվիրյալ ունկնդիրներին եւ համայն հայությանը` նոր տարվա առիթով:

– Շնորհակալ եմ զրոյցի համար եւ քեզ անսահման կորով կը մաղթեմ: Ողջոյններս բոլորին, յարգանք, սէր եւ ուրախութիւն: Շնորհակալ ենք, բոլոր անոնց, որոնք մօտէն կամ հեռուէն կը հետեւին «Այգ» ռատիոյին ու առատօրէն կը գնահատեն մեր ազգանուէր աշխատանքը. մենք ձեր գնահատականները կարդալով մեծ ուրախութիւն կ՚ապրինք: Թո՛ղ աշխարհի միայն բարի ցանկութիւններն ու քայլերը օրհնութեան արժանանան եւ առաջնորդուին դէպի լոյսը:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ 2 ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԲԱՎԱՐԻԱՆ, ԱՎՍՏՐԻԱՆ ՁՅԱՆ ՔԱՈՍԻ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՎԱՐԻԱՆ, ԱՎՍՏՐԻԱՆ ՁՅԱՆ ՔԱՈՍԻ ՄԵՋ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական