Այս շաբաթ Հայաստան հնչեղ այցերի եւ Արցախում զույգ հայկական պետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի առումով իսկական լրատվական իրարանցում էր: Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթն էր, մեր երկիր էր եկել այդ կառույցի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Հայաստանում էր հարեւան երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչ-ինչ հարցերի ճշտման կարիք էր զգացել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը: Եթե գումարենք օպերայի մերձակա տարածքից սրճարանների ապամոնտաժման շուրջ աղմուկն ու մի շարք այլ` հանրության տարբեր շերտերի դժգոհության դրսեւորումը մի շարք հարցերի շուրջ, ապա լրատվական, եւ ոչ միայն, իրարանցումն, իրոք, ապահովված էր:
Գլխավորն Արցախում էր
Հավանաբար արժեր ձգել Արցախի հարցի ստատուս- քվոն մինչեւ 2021 թվականը, երբ կլրանա Կարսի պայմանագրի 100 տարին, դրանից էլ ամիսներ առաջ` Մոսկվայի ռուս- թուրքական պայմանագրի ժամկետը կլրվի (որով Սուրմալուն Բաթումիի փոխարեն ռուսները զիջեցին Թուրքիային), եւ գոնե երկրորդ պայմանագրի առումով Ռուսաստանը որպես պետություն ստիպված կլինի ասել իր խոսքը` 100 տարի առաջ իր վերահսկած տարածքները էլի թողնո՞ւմ է, որ Թուրքիան տիրապետի, թե՞ այլ առաջարկ ունի: Այլ առաջարկի դեպքում`տարածաշրջանում շատ բան կփոխվի, իսկ Արցախի հարցի լուծումը կախված կլինի այդ փոփոխություններից:
Սակայն Արցախի հարցի շուրջ այժմյան իրարանցումը ցույց է տալիս, որ եւրոպական ու մյուս (ասենք` ԱՄՆ-ի եւ այլն) ուղղություններով էլ ընկալել են բացվածքը, ու հավանաբար դա էլ է դեր խաղում Արցախի հարցի բանակցությունների նոր խթանման համար. կողմեր կան, որոնց ձեռք է տալիս փոքր հարցերը լուծած-թեթեւացրած մտնել տարածաշրջանային մեծ փոփոխությունների ժամանակշրջան: Սակայն հայերիս համար միգուցե ձեռնտու լիներ ժամանակ շահելը դեռ: Փորձագիտական եւ դիվանագիտական շրջանակների համադրված հաշվարկերի արդյունքում պետք է վեր հանվի` հայերիս այս պահին հարկավո՞ր է գլխովին խրվելը ղարաբաղյան բանակցությունների նոր փուլի մեջ, թե՞ լավ կլինի գոնե մի տարով եւս ժամանակ շահելը, մինչեւ տեսնենք, թե ուր է գնում մեծ խաղացողների մտքի թելը: Մանավանդ` Թուրքիային դաս տալ ցանկացողների թիվը ժամանակի հետ աճում է`օրերս եվրոխորհրդարանի պատգամավորների գերակշիռ մասն, օրինակ, էլի դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցություններին:
Ստեփանակերտը` հանդիպման վայր
Բոլոր դեպքերում` հայկական զույգ պետությունները, Հայաստանում իշխանափոխությունից դեռ ուշքի չեկած, հայտնվեցին Արցախի շուրջ զարգացումների նոր հորձանուտում, կամա թե ակամա:
Այսպիսով` դեռ օրը, վայրն ու ժամը չճշտած (տեղը եւս կարեւոր ցուցիչ կլինի, ըստ որոշ արտահոսքերի`դա հավանաբար ԱՄՆ-ում կլինի) Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ հայկական կողմում մի շարք հստակեցումներ, այնուամենայնիվ, եղան` մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որն, իհարկե, աննախադեպ էր, ու արդեն մի շարք վերլուծաբաններ այն անվանել են պատմական, քանի որ դուռ է բացվում այլ «համատեղների» համար:
Արդյունքն, իսկապես, լիովին պարզ չէ, զույգ երկրների ղեկավարների ելույթներից այդպես էլ պարզ չեղավ` Արցախի անունից բանակցելու իրավունք Հայաստանի վարչապետը ստանում է, թե չի ստանում, թե՞ առայժմ կարող է բանակցել որպես Արցախի անվտանգության երաշխավոր, մինչեւ Մինսկի խմբում վերաբերմունք հայտնեն Ստեփանակերտում հնչեցված եւ Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանը եւս բարձրաձայնվելիք տեսակետների վերաբերյալ: Հավանաբար դեր կարող է ունենալ նաեւ Արցախի խորհրդարանը, որը լավ կլինի պաշտոնապես որոշում կայացնի` բանավոր պայմանավորվածություններին զուգահեռ:
Վերհիշենք գլխավոր մոտեցումները, որոնք հնչել են Մինսկի խմբի հերթական, բայց որոշ առումով տարբերվող հայտարարությունից հետո, Ստեփանակետում:
Նիկոլ Փաշինյանը մի նոր բան ասաց փաստորեն, թե Մինսկի խմբի առաջարկած բանակցային երեք սկզբունքի եւ վեց տարրերի պարզաբանման անհրաժեշտություն կա, քանի որ Ադրբեջանի մեկնաբանություններն այդ սկզբունքների վերաբերյալ հայկական կողմի համար ընդունելի չեն: Հստակեցումը պետք է, որպեսզի դրանք տեղիք չտան որեւէ տարընթերցման եւ տարբեր մեկնաբանությունների: Այս առաջարկից հետո հապշտապ վերլուծականներ գրվեցին, թե փաստորեն Փաշինյանը չեղյալ է հայտարարում Մադրիդյան սկզբունքները եւ նոր առաջարկների անհրաժեշտության դուռ բացում: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը , սակայն, ավելի ուշ ճշտեց` խոսքը պարզաբանման, հստակեցման մասին է, ոչ թե վերանայման: Այսպիսով` Ստեփանակերտում Փաշինյանը առաջարկում էր երկու բան` Արցախին մասնակից դարձնել բանակցություններին եւ ավելի հստակեցնել բանակցային առաջարկները, կա նաեւ երրորդը` խաղաղության պատրաստել նաեւ Ադրբեջանին, այսինքն` Հայաստանը պետք է Ադրբեջանին եւս խաղաղության պատրաստի (՞), որն իր գործողություններով հակառակն է անում:
Սակայն հետաքրքրական է, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը խոսում է նաեւ բանակցային սկզբունքների վերանայման անհրաժեշտության մասին, ասում է` եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, պետք են նոր, իրատեսական առաջարկություններ: Եւ կարեւորը` Արցախի չմասնակցելու պարագայում առաջընթաց բանակցություններում անհնար է` Մայիլյանը Հայաստանի այս մոտեցումը կառուցողական է անվանում: Փոխպայմանավորվածությո՞ւն, թե՞ ինքնաբուխ տեսակետ:
Ընդ որում` Արցախի եւ Հայաստանի անվտանգության տարրեր պարունակող միասնական մոտեցման օրակարգը համահայկական է, այդպես է դիտում Բակո Սահակյանը , այդ օրակարգի սպասարկմանը պետք է ներգրավվի ողջ հայությունը:
Արդյոք սա պատասխա՞ն էր Մինսկի խմբի համանախագահների թվով 9-րդ հայտարարությանը, որով ձեւաչափի փոփոխություն է ընկալվում փաստորեն Արցախի վերադարձը բանակցային սեղան: Ադրբեջանը համենայնդեպս այդպես է ըմբռնել այն պարբերությունը, որով համանախագահները կոչ են անում «ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք առաջարկում են էապես փոխել իրավիճակը տեղում, նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխությունՙ առանց մյուս կողմի համաձայնության, ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում»:
Հայտարարության այս մասը հատկապես Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը մտահոգիչ էր համարել:
Ընդհանուր առմամբ` Մինսկի խումբն իր հայտարարությամբ հիշեցրել է մինչեւ հիմա եղած բանակցությունների ուղղությունը, որին առանձնապես չեն ընդդիմացել Հայաստանի նախորդ բոլոր իշխանությունները, այն է` չնայած մեր թափած արյանն ու հաղթողի դիրքին`ընդունել մի փուլային տարբերակ, որը ոչինչ չի երաշխավորում, Արցախի կարգավիճակը թողնելով ապագային: Ստեփանակերտյան նիստը սրբագրում է հայկական կողմի մոտեցումը եւ ուղերձ անում համանախագահներին` հստակեցրեք սկզբունքները, հետո կխոսենք: Հաշվարկվա՞ծ է այս մոտեցումը, դիվանագիտորեն արդարացվա՞ծ, թե՞, այնումենայնիվ, պակաս փորձառության արդյունքՙ դեռ վաղ է ասելը:
Փաշինյանի ելույթն առհասարակ հակասական գնահատականների արժանացավ ընդդիմադիրների կողմից` ամենահամապարփակ, բայց… (Աշոտյան), լրիվ մեր ուզածը չէր (Ծառուկյան), մտահոգիչ («Լուսավոր Հայաստան» եւ ՀՅԴ), ընդ որում` տարբեր կերպ է ընկալվել նաեւ Մադրիդյան սկզբունքների մասին Փաշինյանի ասածը. մի մասը համարում է, որ այդպիսով Մինսկի խմբին առաջարկվում է նոր առաջարկներ ձեւավորել, մյուս մասինՙ որ, ընդհակառակը, Փաշինյանը չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից: Շատերն են հակված այն մտքին , որ Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը, եթե, իհարկե, կողմերն այդ հանդիպումից չհրաժարվեն, կարող է բերել կա՛մ բանակցային նոր փուլի, կա՛մ պատերազմի: Համենայնդեպս` Բաքուն, որ այս պահին զբաղված է լայնածավալ եւ նախապես չհայտարարված զորավարժություններով` մկաններ ցույց տալով հանդիպումից առաջ, պաշտոնապես քաղաքական գնահատական չի հնչեցրել Հայաստանի եւ Արցախի ԱԽ-երի համատեղ նիստի մասին, չհաշված մի քանի մասնավոր կարծիքները: Չնայած` արցախցի վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի դիտարկմամբ` այդ կարգի քաղաքական խորհրդատվությունները չէին կարող համաձայնեցված չլինել Մինսկի խմբի համանախագահների հետ` հայկական կողմերի մոտեցումները ճշգրտելու եւ հետագայում միասնական կարծիք ներկայացնելու միտումով: Այնպես որ` միգուցե չտեղեկացված քաղաքական ու լրատվական շրջանակներն են լվից ուղտ սարքում:
Եթե իրերն իրենց անուններով կոչեինք, ապա այն դեպքում, երբ Փաշինյանի` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը, ինչպես նաեւ ինքնորոշման սկզբունքը Ադրբեջանի համար անընդունելի են, ի վերջո Ալիեւի հետ հանդիպման նյութ կարծես թե չկա: Սակայն բանակցելը միշտ ճիշտ է, չբանակցելու համարժեքը պատերազմն է, իսկ Հայաստանը խաղաղության կողմնակից է: Ինչպես Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն է ասում` կառուցողականության ամենաբարձր դրսեւորում է, որ Հայաստանն այս պայմաններում շարունակելու է բանակցությունները:
Տեսնենք, թե ինչ զարգացումներ կհաջորդեն. մանավանդ` անգամ ընդդիմադիրներն են վարչապետ Փաշինյանին հաջողություն մաղթում առաջիկա հանդիպմանը:
Հ.Գ. ի դեպՙ հետաքրքրական էր այն արտահոսքր, թե ստեփանակերտյան նիստի օրերին Արցախում էր Սերժ Սարգսյանը եւ ակտիվ շփումներ ուներ Արցախի իշխանությունների հետ: