Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու
Ջրաղացները նախկինում մեծ դեր եւ նշանակություն ունեին Հայաստանի տնտեսության զարգացման գործում:Ներկայումս մեր երկրում միակ գործող ջրաղացը գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Ջրաղաց կա նաեւ Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղում: Այն գտնվում է անմխիթար վիճակում, բայց հնարավոր է շահագործել:
Հայաստանում ջրաղացները տարածված են եղել դեռեւս ուրարտական ժամանակներից, որի մասին վկայում է Վարագա լեռան (Վան քաղաքից հարավ-արեւելք) վրա գտնված, 92 սանտիմետր տրամագծով ջրաղացքարը: Ջրաղացները կառուցվում էին գետակների եւ առուների վրա, այնպիսի տեղերում, որ հնարավոր լիներ փայտե, քարե, հետագայում նաեւ մետաղյա խողովակով թեքությամբ գահավիժող ջրի ուժով պտտեցնել թափանիվը, դրա միջոցով էլ` վերին կամ շարժական ջրաղացքարը: Հաճախ միեւնույն առվի կամ գետակի վրա կառուցվել են տասնյակ ջրաղացներ, որոնք սպասարկել են շրջակա բնակավայրերին: Ջրաղացներում տեղադրվում էր նաեւ ձավար ծեծելու սարք (դինգ): 19-րդ դարի 20-ական թվականների վերջին Հայկական մարզում գոյություն ունեին 1456 ջրաղաց, 138 դինգ, իսկ Երեւան քաղաքում` 47 ջրաղաց, 6 դինգ: Ջրաղացներն ունեին շատ պարզ կառուցվածք: Դրանք բաղկացած էին ջրաղացքարից, որը տեղադրված էր նույն մեծությամբ, բայց ավելի բարակ, մի այլ անշարժ քարի վրա , ուղղաձիգ ուղղությամբ մի առանցքից,որը վերեւում հատուկ հարմարանքով մտնում էր ջրաղացքարի վրա փորված փոսիկի մեջ, իսկ ներքեւի ծայրում իր վրա կրում էր թեւավոր անիվ: Ջրաղացների մասին տեղեկություններ կան նաեւ Մխիթար Գոշի դատաստանագրքում:
Կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի ջրաղացների վերաբերյալ տարվի նոր քաղաքականություն: Այն կարող է դառնալ զբոսաշրջիկության զարգացման կարեւոր գործոն Հայաստանում:
Լուսանկարները ` հեղինակի
Նկար 1. Տաշտուն գյուղի ջրաղացի արտաքին տեսքը, ՀՀ Սյունիքի մարզ