ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան
Կենտրոնական Ասիայի համար աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ Ղազախստանում: Երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը , որը զբաղեցնում էր պաշտոնը երեք տասնամյակ, խաղաղ եւ առանց արյունահեղության փոխանցեց իշխանությունը խորհրդարանի վերին պալատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին : Ղազախստանի անփոփոխ առաջնորդը վայր դրեց լիազորությունները եւ չսպասեց հերթական ընտրություններին, ինչով շատ զարմացրեց իր գործընկերներին: Ի՞նչ է լինելու հիմա Ղազախստանում եւ ինչպե՞ս է Նազարբաեւի հրաժարականը անդրադառնալու երկրում եւ տարածաշրջանում իրավիճակի վրա:
Իսկապես, մարտի 19-ի հրաժարականը անսպասելի դարձավ լոկ նրանց համար, ովքեր ուշադիր կերպով չեն հետեւում Ղազախստանի անցուդարձին: Նրանք, ովքեր տեղյակ էին կենտրոնաասիական այդ հանրապետության անցուդարձից, գիտեին, որ երկիրը պատրաստվում է իշխանության փոխանցմանը: Ղազախստանը վաղուց սկսել է անցումը կառավարման գերնախագահական մոդելից դեպի խորհրդարանականը, իսկ ինքըՙ Նուրսուլթան Նազարբաեւը, բոլորովին վերջերս դիմել էր Սահմանադրական խորհուրդ, բացատրություն ստանալու համար, թե ինչպե՞ս կամավոր վայր դնի լիազորությունները: Այդ պատճառով էլ, հրաժարականը սպասելի էր եւ, որոշ իմաստովՙ բնական:
Նուրսուլթան Նազարբաեւը գործող վերջին պետության ղեկավարն էր, ով ստանձնել էր պաշտոնը դեռեւս խորհրդային դարաշրջանում: Իր նախագահության ընթացքում նա առավելագույնն է արել հանրապետության համար, եւ եթե աշխարհում լիներ պետության ղեկավարների աշխատանքի արդյունավետության գնահատման որեւէ ունիվերսալ համակարգ, ապա Ղազախստանի առաջին նախագահը այնտեղ կստանար, անկասկած, 100%:
Նազարբաեւի նախագահության ընթացքում ձեւավորված է նոր պետականություն, կառուցված է շուկայական տնտեսություն, արդիականացված են բոլոր հասարակական հաստատությունները, բնակչության կենսամակարդակը աճել է ինը անգամ, աղքատության մակարդակը կրճատվել է տասը անգամ, գործարկվել են զարգացման ռազմավարական ծրագրեր, հավասարակշռություն է պահպանված Ղազախստանի հարաբերություններում շահերով բեւեռացված խաղացողների ՙ Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ եւ, ամբողջությամբ վերցրած, բարձրացված է հանրապետության կարգավիճակը միջազգային ասպարեզում:
1990-ներից պայթյունավտանգ բազմազգ կազմով երկիրը, որն ուներ բացառապես միութենական ենթակայության արդյունաբերություն (որն էլ դադարել էր գործել այդ նույն տարիներին), սոցիալական եւ տնտեսական հիմնախնդիրների ահռելի բեռից կքված, սահմանների չլուծված հարցով, դուրս եկավ առանց երկպառակությունների, պատերազմների եւ արյունահեղության: Ղազախստանը դարձավ հաջողակ, տնտեսապես բարգավաճող պետություն: Որպես հիմք ընդունելով «սկզբում տնտեսությունը, հետո քաղաքականությունը» սկզբունքը, Նուրսուլթան Նազարբաեւը առաջինն արեց այն, ինչ չէր համարձակվում անել հարեւաններից որեւէ մեկըՙ անցկացրեց սեփականաշնորհում, երկրի դռները բացեց խոշոր կապիտալի համար: Թե ի՞նչ ստացվեց դրանից, կարելի է համոզվել սեփական աչքերով: Ղազախստանը վաղուց եւ վստահորեն առաջ է անցել հարեւաններից զարգացման, տնտեսական գրավչության եւ շահերի պաշտպանության ամենատարբեր միջազգային ռեյտինգներում:
Կարելի է երկար թվարկել Ղազախստանի առաջին նախագահի բոլոր ծառայությունները: Նյութը կբավականացներ մի բազմահատոր աշխատության համար: Նա, իսկապես, շատ բան է արել երկրի, տարածաշրջանի համար եւ, որքան էլ պաթետիկ հնչի, նաեւ աշխարհի համար: Նազարբաեւը ցույց տվեց բարեկրթության եւ բանականության եզակի օրինակ: Ղազախստանը հրաժարվեց միջուկային զենքից այն ժամանակ, երբ շատերն էին ձգտում ամեն գնով դրան տիրանալ: Երկիրը կարող էր լավ փող աշխատել այս զինանոցի հաշվին: Բայց դրանով կարող էր եւ սպառնալիքի տակ դնել թե՛ սեփական ճակատագիրը, թե՛ աշխարհի ճակատագիրը: Բայց Նուրսուլթան Նազարբաեւը դա չարեց: Նա ապացուցեց աշխարհին, որ կարելի է հեղինակություն վաստակել առանց զենքը թափահարելու:
«Եկե՛ք շիտակ խոսենք. ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ նրա հարեւանները շատ բանով են պարտական Նազարբաեւին»,- այսպես կարճ, բայց խորը Ղազախստանի առաջին նախագահի մասին արտահայտվել է հայտնի հրապարակախոս, պատմաբան եւ լրագրող Լեոնիդ Մլեչինը :
Ուրեմն ինչո՞ւ հեռացավ Նազարբաեւը: Հիմա շատերն են խոսում այն մասին, որ նա տարեց է եւ դա կարող էր լինել հրաժարականի պատճառը: Այո, Ղազախստանի առաջին նախահը 78 տարեկան է: Բայց նա գերազանց մարզավիճակում է: Եվ հրաժարական տվեց, կարծում եմ, բոլորովին էլ ոչ ֆիզիոլոգիական պատճառով: Հակառակ դեպքում, նա ընդմիշտ կհեռանար քաղաքականությունից, սակայն դա տեղի չունեցավ:
Նազարբաեւը գործեց իրեն բնորոշ ոճով, իմաստուն եւ հեռատես: Հասկանալով, որ իշխանության փոխանցման չլուծված հարցը վտանգավոր անորոշություն է ստեղծում հասարակության մեջ, առաջացնում է արտասահմանյան գործընկերների եւ օտարերկրյա նորդնողների անհանգստությունը, նա որոշեց վաղաժամ վայր դնել լիազորությունները եւ տեղը զիջել ավելի երիտասարդ քաղաքական գործչի: Նա որոշեց վարվել այնպես, ինչպես երբեք չեն վարվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջնորդները, եւ այնպես, ինչպես կվարվեին իրականում համարձակ քաղաքական գործիչները:
Վայր դնելով լիազորությունները վաղաժամ, Նուրսուլթան Նազարբաեւը կենսագործեց երկրի գլխավոր քաղաքական ռիսկը: Եվ դա արեց փափուկ ու առանց ցնցումների: Երկիրն առանց սայթաքելու եւ առանց շոկի անցավ իշխանության սահմանադրական փոխանցման փուլը եւ մտավ պատմական նոր դարաշրջան: Եվ նրանք, ովքեր ասում են, որ իրավիճակը Ղազախստանում հիմա ավելի քիչ կանխատեսելի է, քան առաջ էր, մեծապես սխալվում են:
Ղազախստանում չեն լինելու լուրջ ցնցումներ առաջին նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Առաջինը, որովհետեւ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ամբողջապես պահպանելու է իր նախորդի գծած ուղենիշը: Դա նա հաստատել է երդմնակալութան արարողության ժամանակ: Ուրեմն, հանրապետոթյունը արտաքին եւ ներքին ուղենիշը կպահպանի առանց փոփոխությունների: Ղազախստանի բոլոր հիմնական իշխանության հաստատությունները աշխատելու են համաձայն նախկին դրվածքի եւ սկզբունքների:
Երկրորդը, Ղազախստանում նախագահը վերջին շրջանում միակ պաշտոնյան չէ, ով կրում է երկրում ընդունվող որոշումների համար ողջ պատասխանատվությունը: 2017թ. հանրապետությունում գործարկվել է գերնախագահականից կառավարման նախագահական-խորհրդարանական ձեւին անցման ժողովրդավարական գործընթացը: Նախագահից Կառավարություն եւ Խորհրդարան պատասխանատվության վերաբաշխման առաջին փուլն արդեն տեղի է ունեցել: Նախարարներն ու օրենսդիրները ստացել են տարբեր տեսակի մոտ քառասուն լիազորություններ, որոնք նախկինում պատկանում էին միայն նախագահին: Եվ երրորդըՙ Նուրսուլթան Նազարբաեւը չի հեռանում քաղաքականությունից ընդմիշտ: Նա մնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում լայն լիազորություններով, իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում եւ Ազգի առաջնորդի դերում: Նա մնում է որպես հեղինակավոր քաղաքական գործիչ, ով նույնիսկ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կարող է ազդել երկրի ճակատագրի վրա: Թվում է, որ դա՛ է հնարավոր սցենարներից լավագույնը…