Արգելքը դիպչում է նաեւ Մոսկվայի շահերին
ԱՄՆ Պետդեպարտամենտը ուզում է Իրանին զրկել հարստացված ուրանը ռուսական ուրանի խտանյութի հետ փոխանակելու հնարավորությունից, արձանագրում է Bloomberg գործակալությունը: Մոսկվային սպառնում են նոր պատժամիջոցներ, եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են դրանց հնարավոր հետեւանքներից, եւ միայն վաշինգտոնյան ճուռակներն են գոհունակություն արտահայտում:
Գործակալությունը նշում է, որ Թրամփի տվյալ որոշումը, ըստ էության, ի չիք է դարձնում նախագահ Բարաք Օբամայի օրոք իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված բազմակողմ համաձայնագիրը: Վերջին տարիներին իրանական դիվանակագիտության մեծագույն ձեռքբերումներից մեկը այն էր, որ նա կարողացավ աշխարհին համոզել ընդունել ուրանը մինչեւ միջուկային վառելիքի մակարդակ հարստացնելու իր իրավունքը: Այժմ Թրամփի վարչակազմը դա կասկածի տակ է առնում:
Անցյալ ուրբաթ օրը ԱՄՆ վարչակազմը երկարաձգեց մի շարք հակաիրանական պատժամիջոցներ, ըստ որում չեղյալ հայտարարվեցին մի շարք ուրիշ բացառություններ: Երկարաձգումներն արժանացան ավելի մեծ ուշադրության, քան չեղարկումները: Նորացված պատժամիջոցներից մեկը, որը Իրանին կխանգարի հարստացված ուրանը Ռուսաստան ուղարկել ուրանի հանքնաքարի խտանյութի դիմաց, ըստ էության կարող է ի չիք դարձնել ավելի վաղ կնքնված գործարքը: Ըստ երեւույթին, շաբաթավերջին Եվրոպան գիտակցեց դա: Շաբաթ օրը հրապարակված Եվրոմիության հայտարությունն արձանագրում է, որ պատժամիջոցների վերականգնումը կխանգարի անցյալում ձեռք բերված առեւտրական համաձայնագրի կատարմանը:
Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է դադարեցնել ամեն տեսակ գործունեություն, որը կապված կլինի միջուկային զենքի տարածման հետ, այդ թվումՙ ուրանի հարստացման հետ: «Մենք չենք հանդուրժի այնպիսի գործողություններ, որոնք նպաստում են նմանօրինակ հարստացմանը», ընդգծվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
Մինչեւ անցյալ ուրբաթ Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ չէր ձեռնարկել Իրանի հետ ուրանի փոխանակման համար: Բայց հիմա նման պատժամջոցները հնարավոր են:
Այս ամենը հաճելի անակնկալ է վաշինգտոնյան ճուռակների համար, որոնք աչքի են ընկնում Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ: Սենատոր Թեդ Կրուզը ողջունել է ուրանի հարստացման իրավունքին վերջ դնելու որոշումը, թեեւ ափսոսանք է հայտնել որոշ այլ բացառություններ եւս 90 օրով երկարաձգելու կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Թեհրանի հակազդեցությանը, Իրանի վարչակարգը բնականաբար դժգոհ է: Ինչպես նշում է Bloomberg-ը, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ուրանի հարստացումը շարունակելու վճռականություն է արտահայտել, իսկ խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարը հայտարարել է, որ իրանցի դիվանագետները պետք է բանակցություններ սկսեն միջուկային այնպիսի համաձայնագրի շուրջ, որը Իրանին թույլ կտար ուրանի հարստացումը հասցնել է՛լ ավելի բարձր մակարդակի: