Օրերս ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդականների հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանը ներկայացրել է նորացված պատերազմական ծրագիր, որով նախատեսվում է ամերիկյան ուժերի վրա Իրանի հարձակման կամ միջուկային զենքի վրա աշխատանքի արագացման դեպքում Մերձավոր Արեւելք ուղարկել 120 հազար զինծառայող: Այդ մասին հաղորդում է The New York Times թերթը: Փոփոխությունները կատարվել են Ջոն Բոլթոնի կոշտ գծի կողմնակիցների առաջարկությամբ:
120 զինծառայողների թվակազմը տպավորիչ է եւ մոտ է 2003 թ. Իրաք ներխուժած զինծառայողների թվին: Օդային, ցամաքային եւ ծովային այդ խոշոր ուժերի ծավալումը Իրանին հնարավորություն կտա ավելի շատ կոնկրետ թիրախներ ունենալ, ինչը ԱՄՆ-ին կարող է ներքաշել երկարատեւ հակամարտության մեջ:
Նորացված ծրագրի մի մասը վերաբերում է այն գործողություններին, որոնք Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է ձեռնարկել 2015 թ. բազմակողմ համաձայնագրին համապատասխան սառեցված իրանական ռազմական ուրանի արտադրության վերսկսման դեպքում: Թրամփի վարչակազմի համար դժվար կլիներ ապացուցել, որ ինքը իրոք հայտնվել է հարաճուն միջուկային սպառնալիքի առջեւ: 2016 թվականին Իրանը հարստացված ուրանի 97 տոկոսը դուրս է բերել երկրից եւ հիմա բավարար պաշարներ չունի միջուկային զենք ստեղծելու համար: Առվազն մեկ տարի է հարկավոր բավականաչափ պաշար կուտակելու եւ է՛լ ավելի երկար ժամանակՙ զենք արտադրելու համար: Դա ԱՄՆ-ին բավարար ժամանակ է տալիս պատասխան գործողություններ մշակելու համար:
Պենտագոնի պատերազմական ծրագրի նախորդ տարբերակը ներառում էր գաղտնի ենթաբաժին` Nitro Zeus պայմանական անունով, որը ենթադրում էր կիբեռզենքի օգտագործման միջոցով հոսանքազրկել Իրանի խոշոր քաղաքները, էներգահամակագը եւ զինված ուժերը: Կիբեռզենքը պետք է օգտագործվեր հակամարտության առաջին ժամերին Իրանը կազմալուծելու նպատակով, որպեսզի հարկ չլինի ռումբեր նետել կամ հարձակում կազմակերպել, հաղորդում է թերթը: Բայց նույնիսկ կիբեռգրոհը որոշակի վտանգ է պարունակում: Իրանը ստեղծել է սեփական խոշոր կորպուս, որը 2012 թվականին հաջողությամբ հարձակումներ գործեց ֆինանսական շուկաների վրա, Լաս Վեգասի խաղատների եւ մի շարք ռազմական օբյեկտների վրա: Այս տարվա հունվարին ռազմական հետախուզության ներկայացուցիչները Կոնգրեսին տեղեկացրին, որ իրանցի ցանցահենները ներկայումս ճարտար մասնագետներ են, որոնք ի վիճակի են ավելի ու ավելի մեծ չափով խոցել ամերիկյան թիրախները: