Վերջին շրջանում ուշադիր դիտողն ավելի ու ավելի է հակվում այն մտքին, թե մեր պետության մեջ ինչ-որ բան այն չէ, ու դա նկատվում է առաջին հայացքից մանրուք թվացող բաների մեջ: Բայց ինչ-որ շատ են այդպիսի մանրուքները, որոնք մի օր կարող են այնքան շատանալ, որ հանկարծ ու դուրս կմղեն գլխավորին:
Դատեք ինքներդ:
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավորվածության վիճարկման հետ կապված դատաքննությունը, որտեղ վերջինս հայտարարում է, թե յոթ մարդ սպանվել է այն հատվածում, որտեղ պետության ուժային ոչ մի միավոր չի վերահսկել, յոթ սպանություն կատարվել է ոչ ոստիկանների, ոչ էլ բանակի կողմից, այլ` «այլ անձանց» կողմից:
Այս հարցն, իհարկե, որպես այդ դեպքերի ժամանակակցի` միշտ տանջել է ինձ, ժամանակին Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հենց իմ հարցին պատասխանելով էր ասել ավտոբուսի հետեւոմ պախկվող-կրակողների մասին: Ու հիմա պետության անպաշտպանությունն ի ցույց է դրվում իր ողջ մերկությամբ: Ո՞վ է վերահսկել այդ հատվածում, մի քանի քայլ այն կողմ բուն իրադարձություններից: Իսկ ի՞նչ, եթե Քոչարյանի բուն դատավարությամբ պարզվի, որ այլ պետության դիպուկահարներն են մեր 7 հոգուն սպանել, սա ավելի ցնցող փաստ կլիներ, քան մի քանի նմանատիպ դատավարության բոլոր ցնցող փաստերը միասին վերցրած: Ի՞նչ, եթե ուղղակի փաստերով ապացուցվի, որ մեր բարեկամ հայտնի պետությունն առանց ձեւականությունների խառնվել է մեր ներքին գործերին, ինչպես որ տասնամյակներով սովոր է եղել: Իսկ միգուցե դատավարությունը նախաձեռնողները հենց դա էլ նկատի են ունեցել որպես դատավարության մի նպատակ, հարակից մի շարք նպատակներին զուգահեռ, ու պետության անվտանգությունը կասկածի տակ դնող այդպիսի հանգամանքի բացահայտումը թաքնված ենթատեքստեր ունի՞:
Կամ` էլի թվում է մանրուք. անսահմանափակ լիազորություններ ունեցող վարչապետի հենարան խորհրդարանական մեծամասնության` ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու ցանկությանը հակադրվում է սահմանափակ լիազորություններ ունեցող եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Հայաստանի նախագահը` արդեն երկրորդ անգամ բոլորովին այլ թեկնածուի ներկայացնելով: Ի՞նչ է սա` հեռահար հաշվա՞րկ, սպաում իրադարաձությունների այլ զարգացմա՞ն, թե՞ պարզապես այդպես իր գործոնը կարեւորելու վարմունք, չգիտենք: Ինքը`մեծամասնության ֆավորիտ համարվող Վահե Գրիգորյանն իր էջում վստահ է, թե «սահմանադրական լիազորության սուվերեն կամքի իրականացման արդյունքով» է նախագանը այդ որոշումը կայացրել: Բայց եթե գիտես, որ մեծամասնությունը չի ընտրելու նոր թեկնածուին, ինչու , ուրեմն, առաջադրել նրան, ինչու առիթ ստեղծելՙ մի հավելյալ անգամ խորհրդարանի մեծամասնությանը մուկնուկատու խաղալու: Ի՞նչ է սա, եթե ոչ հակադրություն պետական կառույցների միջեւ, կամ պետության վերածումը Կռիլովի առակի սուբյեկտի: Բնականաբար ծնվում է հարցը` ի՞նչ է կատարվում. ենթադրական պատասխանները մեր հաշվարկով երեքն են, երեքն էլ չեն խոսում պետության օգտին:
Կամ ասենք` խորհրդարանում մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորը, քաղաքական խմբավորում ներկայացնողի ողջ էնտուզիազմով սպառնում է քաղաքական հակառակորդներին, թե` հակահարված կստանան, բնօրրանում կխեղդվեն եւ այլն: Փոխանակ հանգիստ ու քաղաքական հայացքով դիտարկի տեղի ունեցող ամեն բան:
Լավ, չե՞ք պատկերացնում, որ դուք նախկինի պես այլեւս քաղաքական փոքր խմբի խմբային շահեր ներկայացնող չեք, այլ երկրի բոլոր քաղաքացիներին ներկայացնող խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ, ներկայացնում եք Հայաստանում ապրող բոլոր հայերի, այդ թվում` ձեզ ընդդիմադիր քաղաքացիների շահերը, թողեք խմբապետական այդ բառապաշարը, վերացեք նեղ շահերից, դուք պետականություն, հայրենիք ու ժողովուրդ եք ներկայացնում: Ի՞նչ օրինակ եք տալիս բոլոր մյուսներին` երիտասարդներին, այսպես կոչված` ֆեյսբուքահայությանը. նրանք հրահանգ ստացածի պես վերցնում են ձեր բառապաշարը, բաժանվում խմբերի, ինչպես դուք եք ձեզ խմբի անդամ պատկերացնում, ու գրոհում, հայհոյում այլ կարծիք ունեցողներին, սպառնում, երբեմն անգամ զզվելի է կարդալ այդ հայհոյանքները: Երկու կողմերին էլ ասում եմ` այսպիսի պառակտում, ազգի միավորների այսպիսի սաստիկ մասնատում երբեք չեմ տեսել, նույնիսկ 1996-ին, երբ կես միլիոն մարդ հակադրվում էր իշխանությանը:
Սխալվում-հեռուստացույց ես միացնում, մի երկու ալիք շուռ տալիս` այնտեղ Ավարայրի ճակատամարտին հավասար լեզվակռիվ է, ամեն ալիք իր սեփական Ավարայրն ունի` տարբեր հերոսներով, ու դա ատամներով, մինչեւ վերջին շունչը պաշտպանում է: Ախր` էս ժողովուրդը շատ է հոգնել, արդեն երեսուն տարի բոլորս քաղաքական սթրեսի մեջ ենք, ուրիշ պետություններում մարդիկ ապրում են, կյանքի հետաքրքրական կողմերը բացահայտում, վերջապես` արժանավայել կեցության համն առնում, այստեղ անընդհատ քաղաքական թատրոնի մասնակից են ու սպասման մեջ` ո՞վ վերջապես կմտածի իրենց մասին, կբարելավի կյանքը: Ոչ թե սպառնալիքներ կտեղա, այլ կխոսի ու կգործի հոգածաբար ու սրտացավությամբ: Դուք ուրիշ պետություններում ապրող ձեր ընկերներին զանգեք ու հարցրեք` այնտեղ առավոտից չեն նստում լրատվամիջոցների ականջին ու «լայվով» դատավարությունների չեն հետեւում ողջ ժողովրդով, կառավարության նիստերը չեն լսում, քանի որ ուրիշ կյանք ունեն ու ամեն օր ինչ-որ կերպ անհրաժեշտություն չունեն սնելու կյանքը փոխելու սպասումը, նրանք ապրո՛ւմ են: Անցած բոլոր իշխանություններից, բոլոր երեք նախագահներից դժգոհ մնաց հայ մարդը, քանի որ բոլոր երեքի օրոք էլ աշխատեց «կողմնակիցներին` ամեն ինչ, մյուսներին` ոչինչ սկզբունքը», հայ մարդը մնաց դափ ու դատարկ, ու այս անգամ իշխանությունը փոխելով` նա դեղին քարտ է ցույց տվել նախորդած բոլոր երեք իշխանություններին, ու նորի հետ հույս կապել: Հիմա եթե նրան նորից կերակրելու եք շոուներով, վերելակի համար առանձին եք փող ուզելու, տրանսպորտի կարգավորման համար` առանձին, աղբի վարձը թանկացնելու եք, վաղը շենքերի կտուրները նորոգելու համար փող կուզեք, գումարած «մենք ու դուք» մշտական սպառնալի խոսակցությունը, սա չի կարող տեղավորվել իշխանափոխություն իրականացրած լայն զանգվածների պատկերացումների մեջ, որոնք վերջին իշխանությանը մերժելով` մերժել են բոլոր նախկին երեք նախագահներին: Իսկ եթե այնպես պատահի, որ հիասթափվեն նաեւ այս նորից` արդեն նոր իշխանափոխության դեպքում բոլորովին նոր մարդկանց են ապավինելու, նախկիններից ոչ մեկն այլեւս վերադարձի իզուր հույսեր թող չփայփայի: Ամեն հոխորտացող, խմբային շահերով մտածող սա պետք է հասկանա: Չնայած` մտածող մարդկանց համար, միեւնույն է, պարզ է, որ քաղաքական թատրոնն անհրաժեշտ է լինելու դեռ երկար, քանի որ տեսարանները միշտ էլ պետք են, երբ հաց չկա: Բայց որքա՞ն` գոնե ասեք, ինչքան ժամանակ պետք է առանցքային փոփոխությունների բուն օրակարգերը մի կողմ դնենք ու զբաղվենք երկրորդական հարցերով: Ասենք`ինչ մի հետաքրքիր է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 21 անդամները ոնց, ինչ ձեւով (դե`քննությունների, թե շարադրությունների) են ընտրվելու, մարդկանց ավելի հետաքրքրում է, թե նրանք, ով էլ լինեն, ե՞րբ են արդյունք, կյանքի բարելավում ապահովելու:
Հա, լավ է, վարչապետը Ճենաց երկիր գնաց («Ցնցված ենք չինական հյուրընկալությունից»- Ն. Փաշինյան), շոյիչ ընդունելության արժանացավ, բոլոր հայերս էլ շոյված ենք չինական ընդունելությունից, ինչպես որ նեղված ենք Արեւելյան գործընկերության հիմնադրման տասնամյակի հանդիպման լուսանկարից, որտեղ վարչապետի դեմքը չի երեւում: Վերջինն էլ մեր արարողակարգայինների թերացումն է, քանի որ հանդիպման մասնակից մեր երկրի համապատասխան պատասխանատուները նման բաները ժամանակին պիտի տեսնեն ու առկախեն, նույնիսկ եթե դրա տակ քաղաքական ենթատեքստ կա, ու դրանով բան են հասկացնում: Իսկ թե չինական ցնցող հյուրընկալությանը հետեւելո՞ւ են մեր տնտեսությունը դրական ցնցող հայ-չինական ծրագրերը` այ, դա՛ պետք է առարկայական ցուցադրվի, ու դրանից Հայաստանի քաղաքացին որքա՞ն շուտ է շահելու, դա՛ շոշափվի: Կոնյակ ու գինի ենք արտահանելու Չինաստան, լավ, արտահանողի աչքը լույս, վերելակների արտադրություն են հիմնելու չինացիք` հա, մենք պիտի չինական վերելակները սպառենք ու զարկ տանք չինական արտադրությանը, էլի լավ` բյուջե հարկ կմտնի, բայց գլոբա՛լ, գլոբա՛լ` որոնք են մեր հնարավորությունները չինական անսահման ուղղությամբ:
Սովորական մարդու տեսանկյունով այս ամենը նրա կյանքի որակի վրա արագ ու էական ազդեցություն չունի` հաճելի տեսաշար ապահովելուց բացի, ու այդ պատճառով էլ հայերի մեծ մասը շարունակում է մնալ պասիվ հայեցող, հանդիսատես կամ հարգելի հեռուստադիտող, որի` ամեն ամսի 4-ին ստացած թոշակն արդեն ամսի 9-ին վերջանում է, կամ ցածր աշխատավարձը ամսի երկրորդ կեսի սկզբին զրոյանում է` կոմունալ վճարները մուծելուց հետո:
Թվում է` ես խոսում եմ մանրուքներից, գլխավորը թողած, դե բա` անցումայիիիի՜ն արդարադատություն, մինչեւ տասնվեց տարեկան երեխաների մոտ սեռական քարոզի քրեականացուուու՜մ, ու էս կարգի մեծ-մեծ բաները թողած: Իմ կարծիքով` չէ, մանրուքներն են ձեւավորում մեծը: Էն մանրուքները, որ կան պետությունը ներկայացնող մարդկանց` իրար անհամաձայն գործողությունների եւ խոսքի մեջ են, ու որ սնում են դիմակայություն եւ պառակտում, փոխանակ, հակառակը, հանրության մեջ լարումներն ու հակադրությունները լիզցքաթափեն:
Հ.Գ.-Ավարտեմ մշտապես արդիական Չարենցով. «Բաժակաճառ, ասված մի մեծարգո ժողովում» վերնագրի տակի եռատողով.
Բարեկամնե՛ր, այսօր ես ձեզ ասեմ պիտի,
Որ շարքերում լծված այս կառեթին
Կա եւ կարապ, եւ ձուկ, եւ խեցգետին…