ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Մի քանի անգամ նկատել էի, որ 4-րդ դասարանցի դուստրս դասերը պատրաստելիս առաջինն անգլերենն ու ռուսերենն է սովորում, հետոՙ մյուս առարկաները, ամենավերջում մեծ դժկամությամբ ձեռքն է վերցնում մայրենիի դասագիրքը: Աչքի պոչով նրան հետեւելիս ինձ համար պարզ էր դարձել, որ աղջիկս մանկական խանդավառությամբ է արտասանում ու պատմում հատկապես ռուսերեն դասերը: Ուրախ, գունեղ, տրամադրող, ուսուցանող այդ պատմություններով անգամ ես էի տարվում: 4-րդ դասարանում, ի դեպ, անգլերեն եւ ռուսերեն քերականությունը բավականին մատչելի է մատուցված, եթե բախտդ բերի, երեխադ լավ ուսուցչի ձեռք ընկնի, ուրեմն օտար լեզուների հիմքն ամուր կդրվի: Մայրենիի դեպքում… մայրենիի դեպքում չգիտես որտեղի՞ց սկսելՙ դասագրքերն անհաջող, իմաստից, գեղագիտությունից, գեղարվեստից զուրկ տեքստեր, ավելի ճիշտՙ բառերի կույտ, որտեղ ոչ տրամաբանություն կա, ոչ իմաստային կապ, ոչ հերոսներ, ոչ գրական տեքստին հատուկ սկիզբ, կուլմինացիա ու վերջաբան: Ամեն ինչՙ մակերեսային, ծանծաղ, մոտավորապես: Ռուսերենից ու անգլերենից 4-րդ դասարանում խոսքի մասեր, շարահյուսություն, հոլովներ ու ժամանակային ձեւեր են անցնում, մինչդեռ երեխան իր մայրենի լեզվով կազմած նախադասության մեջ չգիտեՙ ո՞րն է ենթական, ո՞րըՙ ստորոգյալը, որովհետեւ դրանք ծրագրում չկան:
Միջառարկայական կապ մեր դպրոցներում առհասարակ գոյություն չունի, աշակերտին հնարավորություն չի տրվում տեսականորեն ու գործնականում համեմատել տարբեր լեզուները, գտնել ընդհնարություններն ու տարբերությունները, ինչն ավելի տպավորիչ կդարձներ լեզուների ուսուցումը: 3-4-րդ դասարաններում դասվարներն աշակերտներին արդեն իսկ վարժեցնում են թեստերին: Եթե հարցնեքՙ 8-9 տարեկան երեխան, որ քերականական, բառագիտական, հնչյունաբանական ոչ մի գիտելիք չունի, գեղարվեստական գրականություն չի կարդացել, ինչո՞ւ պետք է սերտի հոմանիշ-հականիշների բառարանը, հսկայածավալ տեքստերի մեջ փնտրի թաքնված պատասխաններ, ուսուցիչը կպատասխանիՙ թեստերին ենք վարժեցնում, որ բարձր դասարաններում չդժվարանան:
4-րդ դասարանցիները օրերս մայրենիի քննությունը հանձնեցին: Մինչ այդՙ երկու ամիս շարունակ, ամեն օր մեր հանրապետության բոլոր դասվարներն ու 4-րդ դասարանցիները սերտում էին նոր տպագրված թեսթերի ժողովածուն: 9 ու 10 ստացան այն աշակերտները, ովքեր թեստերի բոլոր կետերը լավ էին սերտել, քնած ժամանակ էլ անվրեպ կպատասխանեին: 4-րդ դասարանցիների քննությունը լայն քննարկումների առիթ չդարձավ, իսկ 9-րդ դասարանցիները մինչեւ հիմա Գնահատման եւ թեստավորման կենտրոնում բողոքարկման դիմումներ են ներկայացնում: Այս տարի իններորդցիներն առաջին անգամ քննական թեստ հանձնեցին, որտեղ կար շարադրության պահանջ: Հենց այստեղ են աշակերտների միավորներն իջել: Նախՙ կոդավորված աշխատանքներն ստուգել են ուսուցիչները: Ասենքՙ Հրազդանի թիվ 5 դպրոցի ուսուցիչներն ստուգել են Հրազդանի թիվ 8 դպրոցի 9-րդցիների հայոց լեզվի եւ գրականության քննական թեստերը: Եվ յուրաքանչյուր ուսուցիչ ճաշակի, գեղագիտության, լեզվամտածողության սեփական չափանիշներով է առաջնորդվել: Ստեղծագործական աշխատանքի դեպքում այդ չափանիշները կարող են խիստ սուբյեկտիվ լինել եւ եղել են: Քննության արդյունքները բողոքարկել է 860 աշակերտ: Ընդհանուր առմամբ ցածր ցուցանիշներն ազդել են աշակերտների առաջադիմության վրա, շատերը զրկվել են կարմիր վկայականից: Կարմիր գրիչով ալիքաձեւ նշումները գնահատական են իջեցրել, բայց անհասկանալի էՙ այդ կարմիր ալիքները ոճակա՞ն, մտքի՞, շարադասակա՞ն, թե՞ այլ սխալ են ընդգծել: Օրինակՙ շարադրություններից մեկում աշակերտը գրել է. «Մարդիկ պետք է միմյանց նկատմամբ գթասիրտ լինեն»: «Միմյանց նկատմամբ»-ի տակ աշխատանքը ստուգող ուսուցիչը կարմիր ալիք է նկարել ու միավոր իջեցրել: Աշակերտը բողոքարկել է, սպասում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի պատասխանին, մինչ այդ շարադրությունը տարբեր մասնագետների է ցույց տվել, որոնք զարմացել ենՙ այստեղ ոչ մի սխալ չկա, կարմիր ալիքն ինչո՞ւ է գծված:
Անցնենք 12-րդ դասարանցիների հայոց լեզվի եւ գրականության միասնականՙ այսինքն ընդունելության քննության արդյունքներին: Այս տարի անբավարար է ստացել դիմորդների 19,5 տոկոսը: Միջին գնահատականը եղել է 11,5 միավորը: Հատկապես վերջին տարիներին հայոց լեզու եւ գրականություն առարկայի ընդունելության քննությունների արդյունքներից շատերն են բողոքումՙ դիմորդները, նրանց ծնողները, ուսուցիչները: Արդյունքները թեստերի հետեւանքն են: Իսկ թեստերի 4 ժողովածուներից անգամ բանասիրական ֆակուլտետի դասախոսները գլուխ չեն հանում: Ժողովածուների 16 հոգանոց խումբը գլխավորում է Միրցա Հալաջյանը: Երկրորդ անունը Փառանձեմ Մեյթիխանյանն է: Մյուսների անունները դիմորդներն անգիր չեն հիշում, բայց հատուկ վրեժով են լցված բոլորի նկատմամբ: Այդքա՜ն ատելություն ու թշնամանք իրենց իսկ ազգի նոր սերնդիՙ 17-18 տարեկան պատանիների ու աղջիկների նկատմամբ… Եթե ուզում եք տեսնել, թե ինչպես կարելի է թակարդ, որոգայթ, ծուղակ լարել դիմորդների համար, ծանոթացեք հայոց լեզվի եւ գրականության ավարտական միասանական քննության թեստերի ժողովածուներին: Հայոց լեզվի ուղղագրությունը, կետարդրությունը, քերականությունը, բոլոր բաժիններն ու ենթաբաժինները տիրապետող, հայ գրականությունը ծայրից ծայր կարդացած աշակերտը շվարում-շփոթվում է այդ թեստերի առջեւ: Դրանք գիտելիք, լեզվական հոտառություն, կողմնորոշվելու ունակություն չեն ստուգում, այլ կոտրում են դիմորդի ինքնավստահությունը, կամքի ուժը, հավատը, նրան սեփական աչքում նսեմացնում ու ոչնչացնում: Հայոց լեզուն ու հայ գրականությունը սիրող երիտասարդին հայագիտություն հասկացությունն ատելու համար երկու րոպե է պետք, միայն թե նա ձեռքն առնի այդ թեստերը: Քննությունը նրա համար է, որ քննություն հանձնողն իր գիտելիքներն ու իմացությունները ժողովի ու կենտրոնացնի, ինքն էլ հոգեպես հավաքվի, անգամ 10 տարի առաջ ականջի ծայրով լսածն ի մի բերի, արտահայտի: Իսկ այս թեստերը ճիշտ հակառակն են անում. դիմորդին համոզում են, որ նա ոչինչ չգիտե, լեզու-գրականությունից ուղղակի բոբիկ է: Շփոթեցնող, մոլորեցնող հարց-պահանջներ, որոնց ճիշտ պատասխանը թաքնված է պատասխանների տասնյակ տարբերակների խորախորհուրդ շերտերում: Մի հատիկ մակբայը, ինչպես ասվում է մեր «Սասունցի Դավիթ» էպոսում, «40 գոմշի կաշվի, 40 ջաղցի քարի» տակ քողարկված է. թեստերի հեղինակներն այնքան հմտորեն ու խորամանկորեն են այն թաքցրել, որ դիմորդն այդ մակբայը խրթին, խճողված նախադասությունների լաբիրինթոսում հանկարծ չգտնի ու չընդգծի: Ենթական, մեր սիրելի, պարզ ու միամիտ ենթական խցկել են անիմաստ, գեղարվեստից ու բովանդակությունից զուրկ տասնյակ նախադասությունների մեջ, որ 10 օր ման գաս ու չգտնես:
«Գրականություն» բաժնում ընդգրկված են երկրորդական, ո՛չ, հարյուրերորդական կարեւորության հարցեր. օրինակՙ «Ո՞ր գրողն է հնդկահայ մեծահարուստ Մասեհ Բաբաջանյանիՙ նորնախիջեւանցիներին թողած կտակի առիթով մեկնել Հնդկաստան»: Դե, խեղճ դիմորդ, պատասխանիր: Մի՞թե մեր գրականության մեջ չկան առավել կարեւոր հարցեր ու թեմաներ, առավել նշանակալի անուններ ու պատմություններ: Թեստերի եւ ոչ մի կետը միտված չէ ստուգելու դիմորդի վերլուծական միտքը, բառապաշարը, ստեղծագործական ունակությունները, գեղագիտական ճաշակը, գրական հոտառությունը: Թեստերի եւ ոչ մի կետը իրական կյանքում, աշխատանքում չի գործածվելու: Հայոց լեզվի եւ գրականության ընդունելության քննությունը մեր իրականությունից, կյանքի պահանջներից հազարավոր կիլոմետրեր հեռու է, այն միայն կոտրում է դիմորդին, նրա մեջ անլիարժեքության բարդույթ սերմանում, ջլատում հավատը սեփական ուժերի հանդեպ: Հայոց լեզվի եւ գրականության քննությունից խուսափելովՙ շատերը գերադասում են ընդունվել Ֆրանսիական կամ Ամերիկյան համալսարան: Դիմորդներն անիմաստ են համարում կրկնուսույցի մոտ 2 տարի, նաեւ հսկայական գումար վատնել, կրկեսի կենդանու պես վարժվել թեստերին, հետո քննությանը 7,20 ստանալ ու բուհ չընդունվել: Այդ նույն դիմորդներն, ի դեպ, բարձր ցուցանիշներով անգլերենի քննություն են հանձնում: Հայոց լեզու եւ գրականություն առարկայի դասագրքեր, թեստեր կազմողներին, հայագիտության ոլորտի կրթական պատասխանատուներին կարելի է շնորհավորել. նրանք ամեն ինչ արեցին, որ նոր սերունդն իր մայրենի լեզուն ատի:
Հրազդանցի աշակերտներից մեկը հայոց լեզվից անբավարար է ստացել: Ի դեպ, նա շարադրության օլիմպիադայում բարձր միավորներ է հավաքել, ուսուցիչները նրա գիտելիքների հետ հաշվի են նստում: Այդ տղան մեկ ամսից բանակ է գնալու: Ծնողները պատմում ենՙ ինչ իմացել է, որ հայոց լեզվից կտրվել է, տանից դուրս չի գալիս, ծանր դեպրեսիա է տանում: Տղան այնքան վստահ է եղել, որ իր սիրելի, իր պաշտելի հայոց լեզվից ու գրականությունից բարձր է ստանալու, որովհետեւ ոչ թե թեստերը սերտել է, այլ ամբողջն ուսումնասիրել, խորքային գիտելիք ձեռք բերել: Որոշել էրՙ կընդունվի բուհ, հետո կգնա ծառայելու: Երկու տարի հետո կվերադառնա ու կշարունակի ուսումը: Կտրվելուց հետո սպասում է, թե երբ է զորակոչի օրը գալու. մյուս քննությունների մասին էլ չի մտածում: Գուցե նրա այս վիճակը շատերը թուլություն համարեն, բայց խոսքը 18 տարեկան երիտասարդի մասին է, որը դպրոցն ավարտելուց հետո մեծ կյանք մտնելու առաջին քայլը ձախողել է, ձախողել է իր մայրենի լեզվի քննությունը հանձնելիս, ձախողել է, որովհետեւ թեստերի մի խումբ հեղինակներ ամեն ինչ արել են, որ նա ձախողի: Բոլորի, այդ թվում դպրոցի եւ ուսուցիչների պնդմամբ գրագետ, ուսյալ այդ տղան մեկ վայրկյանում դարձավ անգրագետ ու թերուս, որովհետեւ իր մայրենի լեզվի քննությունից կտրվել է: Կտրվել է, չնայած դպրոցական ամբողջ ծրագիրը 12 տարի գերազանց է սովորել: Կտրվել է, որովհետեւ հայոց լեզվի եւ գրականության թեստերը ոչ թե նրա գիտելիքներն են ստուգել, այլ վարժեցված լինելու աստիճանը: Ու այստեղ նա պարտվել է, որովհետեւ սկզբունքորեն դեմ է ինչ-որ բանի վարժվելուն: Հիմա բանակ է գնալու, միգուցե առաջնագիծՙ պաշտպանելու իրեն պարտության մատնածների պատիվն ու խաղաղությունը: