Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՈՂՋ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՄԲ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընթերցողներից ոմանք կարող են տարակուսանքի մատնվել այս վերնագրից. անորոշությունների, հակասությունների, ատելության պոռթկումների ու հակամարտության մթնոլորտում ի՞նչ գրավչություն: Բայց նրանք, ովքեր նախորդ շաբաթավերջին Դիլիջանում էին, Կենտրոնական դրամատան ուսումնահետազոտական համալիրում, կհամաձայնվեն ինձ հետ, որ դա երկօրյա յուրօրինակ ինքնամեկուսացում էր հայաստանցի մասնակիցներիս համար, գուցե փախուստՙ տագնապախռով մեր առօրյայից, մի պահՙ կրկին ներգրավվելու համաշխարհային ու համամարդկային կարեւորագույն խնդիրների ոլորտՙ իրերն ու իրողությունները դիտելու այլ բարձունքներից եւ այլ խորությամբ:

Անշուշտ դրան նպաստում էր մթնոլորտըՙ դիլիջանյան մեղմ եւ զով եղանակը, շենշող արեւը, կապտականաչավուն, անտառախիտ լեռներըՙ գագաթներին դեռ համեցող ձյան պատառիկներով: Դրան ավելացրեք համալիրի հոյակապ հարմարությունները, կազմակերպիչների հոգատար վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, համաշխարհային հեղինակություն վայելող օտարազգի մի շարք նախկին պետական գործիչների, քաղաքագետների, իրավունքի գծով մասնագետների, վերլուծաբանների, կապի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ոլորտներում հայտնի հեղինակությունների, մի խոսքովՙ մտածող մի ողջ բազմության ներկայությունը:

Այո, մի մթնոլորտՙ որը, ըստ օտարազգի մասնակիցներից մի քանիսի, հիշեցնում էր ֆրանսիական Մոնբլանի փեշերինՙ Շամոնի բնակավայրում, ավելի քան 25 տարի անցկացվող միջազգային գագաթաժողովները, որոնց կազմակերպիչը, The Monthly Barometer-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետեւողական ջանքերի ու կապերի շնորհիվ, հանդիսանում էր կազմակերպողը նաեւ դիլիջանյան հավաքիՙ Մտքերի հայկական գագաթաժողովի, նյութական օժանդակությամբ ՀՀ Կենտրոնական դրամատան, ՀԲԸՄիության եւ Հայբիզնես բանկի: «Նոր գաղափար, նոր ընկեր եւ նոր նախագիծ» բնաբանի ներքո Թիերի Մալըրեն իր բացման խոսքում շեշտեց, որ Դիլիջանյան գագաթաժողվը անհրաժեշտ է նաեւ Հայաստանի համար, նկատի ունենալով պատմական, քաղաքակրթական եւ տարածաշրջանում ազգերի ու երկրների միջեւ կամուրջ հանդիսանալու ուղղությամբ մեր երկրին վերապահված դերը:

Շատ խորհրդանշական էր նախագահ Արմեն Սարգսյանի բացման խոսքը, որը հիշեցնում էր Ջրհեղեղից հետո Նոր աշխարհի սկզբնավորումը Արարատի բարձունքներից, Նոյի առասպելական փրկարար տապանում հավաքված համախոհների միջոցով: Հայկական Նոյյան տապանը նոր սկիզբ է տալու խռովահույզ աշխարհին…

Ուշագրավ էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում խտացված պատկերը մեր ժողովրդի մասին, որն իր պատմության անհրաժեշտ պահերին եթե զրկված էր ծովից, նավթից, ուժից ու բախտից, ապա այժմ, ինտելեկտի մեր դարում, հնարավորություն ունի կերտելու իր փառավոր վերածնունդը:

Գագաթաժողովի բացմանը հյուրընկալի հանգամանքով խոսեց նաեւ մեր պետական հիմնարկներից ամենակայուն եւ ամենաարդյունավետ կառույցիՙ Կենտրոնական դրամատան նախագահ Արթուր Ջավադյանը, շեշտադրելով տնտեսագիտական մտքի ու գաղափարների զարգացման ու միջազգային համագործակցության ասպարեզում ուսումնահետազոտական այս կենտրոնի կարեւորությունը:

Այս սյունակի ծավալները հնարավորություն չեն տալիս անդրադառնալու գագաթաժողովի ընթացքում արձանագրված ուշագրավ ելույթներին ու մտքերին, որոնք գլխավորաբար վերաբերում էին աշխարհաքաղաքական նորօրյա զարգացումներին, բարձր տեխնոլոգիաների սրընթաց առաջխաղացմանը, արհեստական բանականությանը, արդյունաբերական 4-րդ հեղափոխության դրական ու բացասական կողմերին, կլիմայի փոփոխությանը, վերականգնվող էներգիայի նպատակահարմարությանը, ձեռնարկատիրության ոլորտում կատարվող նորամուծություններին, ներդրումային քաղաքականությանը, քաղաքակրթությունների երկխոսությանը եւ աշխարհի առաջ ծառացող նոր մարտահրավերներին: Միայն պետք է ասեմ, որ գաղափարների ու մտքերի բախումն ու փոխլրացումը, որը գլխավոր խնդիրն է նման համաժողովների, իսկապես ստացվեց: Արտահայտվողները իսկապես տիրապետում էին փաստերն ու երեւույթները իմաստավորելու, դրանց փիլիսոփայական բացատրությանը ձգտելու կարողության:

Քիչ չէին նաեւ շոյիչ խոսքերը, անշուշտ օտարազգիների կողմից, մեր երկրի ու ժողովրդի հասցեին, նրա պատմական հարուստ փորձառությանը, քաղաքակրթական ծանրակշիռ դերին, հատկապես Եվրասիական տարածքում կամուրջի դեր կատարելու նրան վերապահված անփոխարինելի առաքելությանը: Չմոռացվեց նաեւ, բնականաբար, դիլիջանյան բնությունը, որը բանախոսներից մեկի բնորոշմամբ ոչ թե նման է Շվեյցարիայի բնապատկերին, այլ Շվեյցարիա՛ն է նման Հայաստանին…

Գագաթաժողովի փակման պահին, մինչ մտքումս շրջան էր անում հարցըՙ կհաջողվի՞ մեզ Հայաստանը գոնե պարբերաբար դարձնել համաշխարհային մտքի, մտածողության ու միասին մտածելու հավաքատեղիի, Երեւանից հնչեց ծանոթ լրագրողուհու շա՜տ սովորական, չափազանց հայավարի հարցը.

– Այդքան նախապատրաստություններ ու ծախսեր արժե՞ր անել, երբ Գագաթաժողովից չի բխել ներդրումային որեւէ առաջարկ ու համաձայնագիր:

– Այո՛, լավ գործերը նա՛խ ծնվում են մտքում, վերածվում են գաղափարի ու ծրագրի, ապաՙ աշխատանքի, – եղավ պատասխանս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆ ԱՏԵԼՈՒ ՀԱՋՈՂՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅՐԵՆԻՆ ԱՏԵԼՈՒ ՀԱՋՈՂՎԱԾ ՎԵՐՋԱԲԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական