Սեպտեմբերի 11-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը և ազգային պարի պարուսույց Մարիամ Անդրեասյանը այցելեցին Ննգի գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպեցին դպրոցի տնօրեն Էլեոնորա Սողոմոնյանի և աշակերտների հետ։ Ձևավորվեց ազգային պարի մանկապատանեկան խումբը, Մարիամ Անդրեասյանը ներկայացավ հայկական ազգային պարերին նվիրված դասախոսությամբ, իսկ Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրենը ներկայացրեց Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Համազգայինի Արցախի գրասենյակից։
Համազգայինի Արցախի գրասենյակի ազգային պարի խմբերին ավելացավ ևս մեկ խումբ։ Պարուսույցը շաբաթական երկու օր կայցելի Ննգի և կկազմակերպի դասընթացները։
Դպրոցի տնօրենը գոհունակություն հայտնեց համագործակցության համար եւ կարևորեց Համազգային-դպրոց կապի ամրապնդումը։
Այնուհետև Հ.Ավագյանը դպրոցի գրադարանին փոխանցեց Հայաստանի ազգային գրադարանի կողմից Ննգիի դպրոցին նվիրաբերված գրքեր։