ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Վերընտրվելու հնարավորություններ
Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, որոնք ինքն անցկացնելու է «Ամերիկան հզոր պահենք» կարգախոսով: Միեւնույն ժամանակ, Թրամփը դեմոկրատներին քննադատել է «Ամերիկան կործանելու» ցանկության եւ իրեն դրվատել Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ կոշտ դիրքորոշման համար: ԱՄՆ նախագահի թիմը արդեն իսկ պատկառելի գումար է հավաքել նրա վերընտրության նպատակով, նախապատրաստել է հազարավոր կամավորների, նախընտրական շտաբներ է բացել Նյու Յորքում եւ Վաշինգտոնում: Թրամփի կարծիքով, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը եւ սենատոր Բեռնի Սանդերսը, որոնք, հանրային հարցումների համաձայն, զգալիորեն գերազանցում են գործող նախագահի վարկանիշը, չեն կարողանա լուրջ մրցակիցեր լինել, գրում է RT գործակալությունը:
Թրամփը խստիվ քննադատել է դեմոկրատներին, որոնք, իր խոսքերով, ձգտում են կործանել Ամերիկանՙ սահմանները բացելով ներգաղթյալների առջեւ: Թրամփը քննադատել է նաեւ նախագահության նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ նախկին նախագահ Բարաք Օբամային: Թրամփը հիշեցրել է նաեւ դատախազ Մյուլլերի անցկացրած քննությունը Ռուսաստանի հետ Թրամփի իբր ունեցած կապերի վերաբերյալ: Քննության արդյունքները նախագահը համարում է իր հաղթանակը: Թրամփը ընդգծել է, որ որեւէ մեկը Ռուսատանի հանդեպ իրենից ավելի կոշտ դիրքորոշում չի դրսեւորել: Նա հիշեցրել է, որ հենց ինքը պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ, հզորացրեց ԱՄՆ-ի զինված ուժերը, եվրոպացիներին առաջարկեց էներգիայի այլընտրական աղբյուրներ:
Թրամփը խոսել է նաեւ Չինաստանի հետ առեւտրային պատերազմի մասին: Ըստ նրա, Չինաստանի հետ կատարվող առեւտրում ԱՄՆ-ը կորցնում է տարեկան 500 մլրդ դոլար, բայց ինքը մտադիր է փոխել իրավիճակը եւ Պեկինի հետ առեւտրի նոր համաձայնագիր ստորագրել առավել ձեռնտու պայմաններով: Բացի դրանից, Թրամփը նշել է, որ չնայած Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը եւ տարածաշրջան ամերիկացի 1000 հավելյալ զինծառայող ուղարկելու մասին նախօրեին իր կայացրած որոշմանը, ինքը Իրանի դեմ պատերազմ չի ուզում:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի նախագահական ընտրարշավը փաստորեն սկսվել է դրա պաշտոնական հայտարարումից մի քանի ամիս առաջ: «Դա չի լինի ընտանեկան ընտրարշավ, ինչպես եղավ 2016 թվականին: Ընտրարշավը մարտավարական առումով կլինի առավել կշռադատված, քանի որ ներկայումս Թրամփը զբաղեցնում է երկրի նախագահի պաշտոնը», նշում է բրիտանական The Guardian թերթը:
Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցությանը, 2020 թ. նախագահական ընտրություններին մտադիր է մասնակցել 26 դեմոկրատ քաղաքական գործիչ: Ամերիկացի քաղաքագետները կարծում են, որ սոցիալիստների հետ դեմոկրատների կապերի պատճառով ամերիկացի ընտրողների զգալի մասը կանցնի հանրապետականների կողմը եւ կքվեարկի Թրամփի օգտին: