ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԹատերագետՊատմական Հայաստանի Արցախ նահանգը դարեր շարունակ մնալով թուրք-թաթարական հալածանքների տակ, ժամանակի ընթացքում վերանվանվել է Ղարաբաղ: Եվ, քանի որ թուրք-թաթարերենում Ղ տառով սկսվող բառ չկա, արտասանվել ու մինչեւ օրս էլ գրվում է Գարաբագ : Մեր միջնադարյան պատմագիր Թովմա Մեծոփեցին այդ տարածքը հիշատակել է որպես Սեւ այգիՙ նկատի ունենալով նրա անտառների խտությունից գոյացած սեւությունը, այնպես, ինչպես Սեւ ծովին են ասում: Սեւ այգին էլ թուրքերենով բառացի թարգմանելով դարձրել են Գարա բագ :Վերջին տարիներին Հայաստանի-Արցախի-Ադրբեջանի հանրապետությունների մասին ասուլիսներում հաճախ են օգտագործվում զիջում, փոխզիջում բառերը: Պահանջատերը միայն Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը: Չնայած Մինսկի հանձնախմբի կողմից բարի-դրացիական հորդորներին, միեւնույն է, Ադրբեջանը շարունակելու է իր սպառնալիքները: Հանձնախումբը եւ հարցին մոտեցողները մինչեւ հիմնովին չծանոթանան Ադրբեջանի կենսագրությանը, խաղաղություն չի լինելու: Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմիցՙ որպես ագրեսոր:Մինչեւ 1918 թվականի մայիսը Ադրբեջանի հանրապետությունը նախնիներ չի ունեցել Անդրկովկասում: Մինչդեռ Ադրբեջանի ակադեմիական պատմագրությունն իրենց պատմությունն սկսում են մեր թվարկությունից առաջ 9-րդ դարից: Այդ դեռ քիչ համարելով, աշխարհով մեկ հայտարարում են, թե «Ադրբեջանը- մարդկային պատմության առաջին օջախներից մեկն է»: Մի մարդ քանի մայր կարող է ունենալ, երբ ադրբեջանցիները իրենց նախնիների հայրենիք են համարում Մաննին, Միդիան, Աղվանքը, Ատրոպատենը եւ մինչեւ 1918-ը մնացել առանց մայր-հայրենիք պետության: Տեղին է հիշեցնել Գրիբոյեդովի «Խելքից պատուհասի» գործող անձերից մեկիՙ Ռեպետիլովի խոսքերը. «լսիր, ստիր, բայց չափդ ճանաչիր»: Մի հարցնող չկա, Աղվանքում 26 ցեղից ո՞ր մեկն է ադրբեջանցիների ներկայացուցիչը: Արցախը 1800-ական թթ. սկզբներից անցել է ռուսական տիրապետության տակ եւ միայն ցարական Ռուսաստանի անկումից հետո մնացել օդումՙ Հայաստանին թե՞ Ադրբեջանին միավորելու հարցում: Իսկ մինչ այդ, թաթար-ադրբեջանցի կոչվածները ներխուժելով հայկական գյուղերը, աստիճանաբար նրանց դուրս են մղել իրենց հարազատ վայրերից:Ահա դրա վկայություններից մեկը:1886-ին Թիֆլիսի «Մշակ» թերթի թղթակիցներից մեկը սրտի ցավով հայտնել է, որ «Ղարաբաղի այն գյուղերում, ուր 1869 թվին մահմեդականի շուք էլ չկար, 1879 թվին մենք տեսանք հայերի հետ բնակվելիս 3-5-10-15 թուրք բնակիչներ, իսկ հայերիցՙ այդքան թվով պակասած եւ նույնպես էլ կիսով չափ նվազած»:Թղթակցի հիշատակած գյուղերից են եղելՙ Բալլուջան, Չանախչին, Խանածախը, Ղայբալուն, Շոշուն, Ղարաղշլաղը (Ղարաբաղում), Գորիսը, Ընկղակոթը (Անգեղակոթ-Զանգեզուրում):Իբրեւ թե գյուղերը նվաճելը քիչ էր, հետո էլ սկսել են անունները փոխելՙ Գարդմանի Գետաշենը թարգմանելով դարձրել են Չայլու, Քարհատըՙ Դաշքյասան, Նախիջեւանի ավտոնոմ հանրապետության Մեսրոպավանը (Մեսրոպ Մաշտոցի անունով) դարձրել Նասիրվազ, Նորաշեն երկաթուղային կայարանըՙ Իլյիչեւսկ եւ շատ այլ անուններ:Բնակչության թվի հարաբերական տվյալները:Սփյուռքահայ նշանավոր գրող եւ հասարակական գործիչ Զապել Եսայանը փոխադրվելով Խորհրդային Հայաստան, ակտիվորեն մասնակցել է հայրենիքի գրական-հասարակական կյանքի առաջադիմությանը: 1927-ին Լեռնային Ղարաբաղում կատարած ուղեւորություններից ստացած տպավորությունների մասին հոդվածաշար է տպագրել «Խորհրդային Հայաստան» թերթում: Բնակչության կազմի ու քանակի մասին, ըստ 1927-ի մարդահամարի տվյալների, նա տվել է հետեւյալ պատկերը.Լեռնային Ղարաբաղի 127.000 բնակչից 117.000-ը եղել են հայեր, 9.000-ըՙ թուրքեր, 1000-ըՙ ռուսներ: 224 գյուղից 206-ը եղել են հայկական, 12-ըՙ ադրբեջանական, 4-ըՙ խառը բնակչությամբ, մեկըՙ ռուս, մեկըՙ հույն բնակիչներով:Մի այլ տվյալ:1959-ի հունվարի 15-ի մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունն ունեցել է հետեւյալ պատկերը: Բնակչության 100 տոկոսից 84,4-ը եղել են հայեր, 13,8-ըՙ ադրբեջանցիներ, 1,4-ըՙ ռուսներ, 0,2-ըՙ ուկրաինացիներ, 0,3-ըՙ այլազգիներ: (Нагорный Карабах за годы Советской власти, Степанакерт, 1969, էջ 38):Տարածքներից բացի ադրբեջանցիները յուրացնում են նաեւ հայ գրականությունը, պատմիչներին, ճարտարապետական կառույցները: Ազգություն, գրականություն չունեցող, պատմության մեջ անհայտ ժողովուրդը տեր է կանգնել 7-րդ դարի հայ բանաստեղծ Դավթակ Քերթողին, թե ինչ էՙ նա ողբերգական ներբող է գրել Գարդմանքի տիրակալ Ջավանշիրի սպանության առթիվ,ուրեմնՙ Աղվանք-Ադրբեջանի բանաստեղծ է, այն գրվել է հայերեն, հայկական այբուբենի բոլոր տառերով աքրոստիկոս եղանակով:Այս նույն ախորժակով են յուրացրել պատմիչ Մովսես Կաղանկատվացուն, պատմաբան Կիրակոս Գանձակեցուն, իրավագետ Մխիթար Գոշին եւ ուրիշների: Այսպես տիրացել են Վասպուրական նահանգինՙ Նախչան (Նախիջեւան) քաղաքին, Սյունիքին- ներկայիս Լեռնային Ղարաբաղը, ներառյալ Սեւանա լիճը: Ախորժակներն այնքան է բացվել, որ յուրացնելու հերթը հասել է Երեւանին:1986-ին Բաքվում լույս է տեսել ճարտարապետ Դ.Ա.Ախունդովի «Հին եւ միջնադարյան Ադրբեջանի ճարտարապետությունը» գիրքը ռուսերեն: Սա էլ իր հերթին է յուրացրել ճարտարապետական հնությունները: Նախիջեւանի եւ Արաքսի արանքում սարալանջին կառուցված Կըզըլ (ոսկե=կարմիր) վանքի տարածքում հայտնաբերվել են գունազարդ խեցեղեն, որոնք վերաբերում են մոտավորապես մ.թ.ա II-I հազարամյակի սկզբներին: Վանք եւ նախաքրիստոնեական շրջան, բոլորովին անհամատեղելի են: Նրան պետք է հայտնի լիներ, որ խաչ, վանք բառերի համարժեքը չունեն ադրբեջանցիները: Ծ տառ չունենալով հանդերձ Ծիծեռնավանքն էլ են համարել աղվանական-ադրբեջանական: Նույնը կարելի է ասել Խոտավանքի մասին: Էլ չենք ասում Արցախը Արսախ դարձնելու մասին:Ինչպե՞ս հավատալ ադրբեջանցի գիտնականներին ու գիտական հաստատությունների անկեղծությանն ու անաչառությանը, երբ Բաքվի Միջնաբերդի ծովահայաց կողմում կառուցված միջնադարյան կառույցըՙ Գըզ Գալասին (Կույսի աշտարակ, կլոր շինություն, որի կենտրոնական մասի 2-3 հարկում միայն գլխատման անցք է բացված) «Ադրբեջանի պատմություն» ռուսերեն հրատարակությունում համարվում է XII դարի շինություն, իսկ Դ. Ախունդովի մոտՙ մ.թ.ա. VIII-VII դարերի գործ: Սա չէ՞ նրանց գիտական մակարդակն ու որակը:Եվ դեռ կան պետության ղեկավարներ, որոնք սեւ մեղրից կշտացած հայտարարում են, թե Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանին:Հայկական տարածքները զավթելուց բացի, ադրբեջանցիները յուրացրել են նաեւ հայկական գրական ժառանգությունը: 1950-ական թթ. կեսերին Բաքվի Նիզամու անվան ձեռագրերի թանգարանի աշխատակիցները մտել են Քաղաքային կենտրոնական գրադարանի հայկական բաժանմունք եւ առանց այլեւայլության տարել հայկական հինգ ձեռագիր: Դրանցից մեկը ես տեսել եմ 1945-ին, սովորական գրքի ծավալով, կոշտ թղթով ձեռագիր էր, որի մեջ ինձ հետաքրքրեց աշխարհի երկու կիսագնդերի աստղաբախշական քարտեզը:Մինչեւ 1936-ի ԽՍՀՄ Սահմանադրությունը միայն հանրապետությունն է կրել Ադրբեջան անունը: Ադրբեջանականի փոխարեն ամեն ինչ թուրք բառից բխող ձեւափոխումներով են գրվելՙ թուրքաց լեզու, թուրքական գրականություն, թուրք թատրոն եւ այլն:Անդրկովկասն ազգային հանրապետությունների բաժանվելուց հետո, հարց է բարձրացվել ազգային մեծամասնությամբ հայերով բնակեցված Ղարաբաղը միավորել Մայր Հայաստանի հետ: Նկատի ունենալով 1918-ի սեպտեմբերին 30.000 հայերի կոտորածը Բաքվում, որին հետեւեց Շուշիի կոտորածն ու կործանումը 1920-ին, հայ քաղաքական գործիչները, մտավորականությունը մտահոգվել են Նախիջեւանի մարզի ու Ղարաբաղի հայազգի բնակչության անվտանգության հարցերով:1919-ի հունիսի 22-ին Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցու մոտ տեղի է ունեցել համաժողովրդական միտինգ, որին մասնակցել է 30.000 մարդ: Միտինգում ելույթներ են ունեցել մտավորականության ազդեցիկ գործիչներ, այդ թվում եւ Հովհաննես Թումանյանը: Նրանց պահանջն է եղել Ղարաբաղը միացնել Մայր Հայաստանին: Հարցի առթիվ կազմված բանաձեւում գրվել է. «Հայ ժողովուրդը իր զայրույթն ու բողոքն է հայտնում Ղարաբաղի անզեն բնակչության, կանանց ու երեխաների վերաբերմամբ տեղի ունեցած ոճրապատումի հեղինակներին, ողջույն է ուղարկում Ղարաբաղի հերոս ժողովրդին, հանուն այն կռվի, որ նա վարում է մայր երկրին միանալու իրավունքի պաշտպանության համար»:Առաջարկվել է. «Իսկույն հեռացնել Ղարաբաղից Ադրբեջանի իշխանությանը, որին չի ճանաչել եւ չի ճանաչում Հայկական Ղարաբաղը եւ կցել պատմական Ղարաբաղը մայր երկրին- Հայաստանին, դա է ազգաբնակչության միակ բաղձանքը» (Աշխատանք [Երեւան], 1919, N37):Իսկ ի՞նչ էր տեղի ունենում Մոսկվայի պետական ապարատում: Ղարաբաղը կարծես կռվախնձոր լիներՙ խոսքով Հայաստանին էին միացնում, գործովՙ ձեռքից խլում: Եթե ժամանակին Ղարաբաղը միացվեր Հայաստանին, ոչ ցեղասպանության խնդիր կլիներ, ոչ էլ ղարաբաղյան շարժման անհրաժեշտություն:1921-ին Ղարաբաղը Հայաստանին միացնելու պետական որոշումը շատ կարճատեւ կյանք ունեցավ: Այդ առթիվ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի 1921-ի հունիսի 22-ի համարում (N136) նրա խմբագիր Սեդրակ Վարդանյանն իր «Լեռնային Ղարաբաղը Հայաստանին» առաջնորդող հոդվածում գրել է. «Այսօր Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջեւ կայացած համաձայնության հիման վրա, թեպետ եւ այդ համաձայնությունը բավականին ուշացավ, բայց լավ է ուշ, քան երբեք, Լեռնային Ղարաբաղը հայտարարվում է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Ցեղագրականորեն իսկապես Լեռնային Ղարաբաղը պիտի որ Հայաստանինը լիներ, այդ է ցույց տալիս պատմությունը, այդ է ապացուցում Լեռնային Ղարաբաղի ճնշող մեծամասնությամբ հայերով բնակեցված լինելը: Ուրիշ կերպ էլ լինել չէր կարող… Պատմական մեծ քայլ է դա եւ ողջունելի»:Թերթի այդ նույն համարում տպագրվել է նաեւ Ալեքսանդր Մյասնիկյանի հաղորդումը Ղարաբաղը Հայաստանին անցնելու մասին:Պատմական այդ «մեծ քայլը» շատ կարճատեւ կյանք ունեցավ: 1923-ի հուլիսի 7-ից Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով մնաց Ադրբեջանի կազմում:Ղարաբաղը Հայաստանին միացնելու իրենց բաղձանքն են հայտնել նաեւ սփյուռքահայերը: Նրանց այդ ցանկությունն իր դրսեւորումն է ստացել դրամատուրգ Սեդրակ Շահենի «Հայկական հարսանիք» չորս գործողությամբ դրամայում, որը 1920-ական թթ. հեղինակի ղեկավարությամբ ներկայացվել է Նյու Յորքի «Կայծ» դերասանական խմբի ուժերով:Տասնամյակներ շարունակ տանելով ադրբեջանցիների հայահալած քաղաքականությունը, ղարաբաղցիներն իրենց վայել վճռականությամբ ու նախաձեռնությամբ, համաձայն Խորհրդային Միության Սահմանադրական օրենքի, որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից: Դրանից ավելի մեծ ռումբ չէր կարող պայթել Ադրբեջանի ղեկավարության գլխին, այն էլ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը:Ադրբեջանը քաղաքական-տնտեսական, պատմական եւ աշխարհագրական առումով ոչ մի իրավունք չուներ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նախաձեռնությունը ճնշելու եւ արյունահեղությամբ զբաղվելու: Ղարաբաղն ինքն է որոշել իր ազատագրության հարցը: Իսկ Ադրբեջանը բացահայտել է քողարկված դահիճի իր բնավորությունը: Ի՜նչ ծայրահեղություններ:Չբավարարվելով Սումգայիթում (1988), Բաքվում,Կիրովաբադ-Գանձակում (1990) եւ այլ վայրերում կազմակերպած հայերի ջարդերով, մինչեւ հիմա Ադրբեջանը հանգիստ չի տալիս հայությանը: Ինչո՞ւ:Բայց ո՞ր իրավունքով է Ադրբեջանը պահանջատեր եւ ո՞ւմից: Մի բան պահանջելու համար նախ պետք է ունեցած լիներ, հետո պահանջեր: Ղարաբաղցին, հայ ժողովուրդն առհասարակ շատ բան է կորցրել դարերի ընթացքում, ու եկել է ժամանակը, որ այլեւս ոչ մեկի հլու հպատակ չլինի եւ հարազատորեն պաշտպանի իր հայրենիքն ու ժողովրդի անվտանգությունը:Արցախ-Ղարաբաղի ազատագրումը ադրբեջանական լծից հայ ժողովրդի ռազմա-բարոյական մեծագույն նվաճումն է:Նկար 1. Բաքվի Բունիաթ-զադեի անվան պետական թուրք թատրոն Գեղարվեստական թուրք թատրոն 1929-1930 թթ. թատերաշրջան Շիրվանզադեի «Նամուս» պիեսի բեմադրության ծրագիրը |