Մի քանի շաբաթ Հայաստանում անցկացնելը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շարունակվող գործընթացների հետ, որոնք լուրերի հիմնական կորիզն են կազմում, սակայն, դժբախտաբար, այդ լուրերը ոչ միշտ են ճիշտ եւ անկողմնակալ: Հայաստանում կարելի է հայտնվել քաղաքականության մի յուրահատուկ լաբիրինթոսում, որտեղ լրատվամիջոցները կեղծ լուրերի (fake news) հետեւից են ընկած, իսկ բանավիճողները մեկնաբան-վերլուծողների դերն են կատարում: Այդ խառնաշփոթի մեջ հայտնվելով դժվար է խելամիտ, առողջ դատողության տեր մեկին գտնել, որ անկողմնակալ տեղեկություն եւ բանիմաց մեկնաբանություն տրամադրի:
Հայաստանից վերադառնալուց հետո է, որ ժամանակն ու հեռավորությունը «մաղում» են հավաքված տեղեկությունները եւ թույլ տալիս ավելի անաչառ ու ճշգրիտ պատկերացում կազմել երկրում տեղի ունեցող քաղաքական վերիվայրումների մասին:
«Թավշյա հեղափոխությունը» դեռ չի ավարտել իր գործընթացը: Ընդհանուրի շահը պահանջում է, որ ամրապնդվեն իշխանափոխության ձեռքբերումները: Կասկած չկա, որ անցյալին վերադառնալը հարցից դուրս է, բայց առաջ շարժվելն էլ դարձել է հսկայական մարտահրավեր երիտասարդ վարչակազմի համար: Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս որոշակի ուժեր փորձում են նսեմացնել հեղափոխության ձեռքբերումները:
Ընդամենը երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն չընտրվեց Աբովյան քաղաքի քաղաքապետ: Երբ այդ մասին լրագրողները հարցրեցին վարչապետին, նա պատասխանեց. «Հեղափոխությունը դրա համար էր, որ ժողովուրդը ընտրություն կատարի: Այնպես որ հեղափոխությունը հաղթանակեց»: Իհարկե, անցյալ վարչակազմի որոշ անդամներ այս միակ պարտությունը կմեկնաբանեին որպես ներկա վարչակազմի ազդեցության նվազում:
Դժվար է կռահել, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նավարկելու ներքին եւ արտաքին նման խոչընդոտների միջովՙ իրականացնելու համար հեղափոխության նպատակները:
Ներկայիս զարգացումներն ընթանում են մի քանի ուղղություններով: Ակներեւ է, որ հեղափոխության կայուն ղեկավարությունը ճեղքեր է տալիս, ինչպես պատահում է բոլոր հեղափոխությունների ժամանակ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը տհաճ անակնկալ էր: Մեկ այլ անդամիՙ Հայաստանի պետական վերահսկողության ծառայությանՙ Դավիթ Սանասարյանի գլխին կուտակված ամպերը նույնպես ծանր հարված են:
Մյուս կողմից պետք է խոստովանել, որ Փաշինյանը առանց վեթինգի կամ անցյալի ստուգումների շտապ նախարարական եւ փոխնախարարական պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր պարզապես հեղափոխության օրերին մասնակցել էին երթերին եւ բարձրաձայնել լոզունգներ: Այդ շտապողականությունը քաղաքական ծանր հարված հասցրեց իրենՙ վարչապետին, հատկապես մշակույթի ոլորտում, երբ փոխնախարար Նազենի Ղարիբյանը աշխատանքից ազատեց Օպերային թատրոնի միջազգային ճանաչման արժանացած տնօրենինՙ Կոնստանտին Օրբելյանին: Միջադեպը պատճառ դարձավ զանգվածային պաշտոնանկությունների: Փաշինյանը իրենց պաշտոններից ազատեց 27 փոխնախարարների, ներառյալ Ղարիբյանին, որ Օրբելյանի պարագան «cause celebre» (զգայացունց գործ) էր դարձրել:
Կրակին յուղ ավելացնելով, Երեւան-Ստեփանակերտ հարաբերություններում նկատվում է սառնություն: Փաշինյանը մեղադրում է Ղարաբաղում գործող որոշ ուժերի, որոնք «դավաճանական» գործունեություն են ծավալում: Մեղադրանքները փոխադարձ բնույթ են ստանում, մինչ թշնամին ուշադիր հետեւում է սահմանի այն կողմում: Դրանց հետեւում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածուՙ Վիտալի Բալասանյանի պաշտոնից ազատվելու լուրը: Պտտվում են ենթադրություններ, որ Փաշինյանը ձգտել է հասնել դրան:
Տարաձայնությունների ու շփոթ իրավիճակի նման պղտոր մթնոլորտում նախկին վարչակազմի առաջնորդներն ու նրանց համախոհները վերակազմավորվում են հետ գալու մտադրությամբ: Նոր կուսակցություններ են առաջ գալիս եւ նոր դաշինքներ են կնքվում: Մոլեգին հակվածություն է նկատվում հատկապես լրատվամիջոցների (կայքեր, հեռուստաընկերություններ) ձեռք բերման ոլորտում: Դրանով մասնավորապես զբաղվում են երկրորդ նախագահ Քոչարյանն ու երրորդ նախագահի փեսանՙ Միխայիլ (Միշիկ) Մինասյանը: Եվ, իհարկե, բոլոր «հրետակոծումների» թիրախը վարչապետ Փաշինյանն է: Իսկ ընդդիմության կամ ընդդիմախոս լրատվամիջոցների համար ամենազգայուն թեման Ղարաբաղի հարցն է:
Վերջերս կայացած մի հարցազրույցի ժամանակ լավատեղյակ մեկնաբան Լեւոն Շիրինյանը անդրադառնալով թեմային նշեց. «Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք վարչապետին են մեղադրում տարածքային զիջումներ կատարելու համար: Անշուշտ նրանք, ովքեր փորձում են անցյալը վերականգնել: Նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են»:
Դուրս գալով ներքին այս ճահճից անհրաժեշտ է կենտրոնանալ նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերների վրա, որոնց Հայաստանը պարտավոր է դիմակայել: Նախագահ Վլադիմիր Պուտինը զուսպ է իր արտահայտություններում, բայց իրեն համախոհ լրատվամիջոցներըՙ ոչ: Դրանցից մեկում Քոչարյանին ներկայացրել էին որպես «հետ-խորհրդային ժամանակաշրջանի առաջին քաղաքական բանտարկյալի»:
Իսկ Ղազախստանում վերջերս կայացած Եվրասիական տնտեսական միության անդամների հավաքի ժամանակ անհարմար իրավիճակ էր ստեղծվել Փաշինյանի համար, որին, ուրիշ առաջնորդների շարքում, պետք է մեդալով պարգեւատրեին, բայց չպարգեւատրեցին: Նաեւ հանդիպում պետք է տեղի ունենար նախագահ Պուտինի հետ, բայց տեղի չունեցավ:
Ինչքան էլ փորձի Փաշինյանը Պուտինի բարեհաճությանը արժանանալ, միեւնույն էՙ վերջինս ցուցադրաբար իրեն հեռու է պահում նրանից:
Փաշինյանն արդեն բավական թանկ վճարեց Յուրի Խաչատուրովի հարցի վերաբերյալ իր հապճեպ որոշման համար: Հիմա էլ Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությամբ, մեծանում են ռիսկերը Կրեմլի ղեկավարութան հետ սերտացնելու բարեկամական հարաբերությունները:
Հայաստանը որոշապես պարտական է Ռուսաստանին, որն իր ամենամեծ առեւտրային գործընկերն է: Միաժամանակ Հայաստանը շատ բան չունի վաճառելու Մ. Նահանգներին եւ Արեւմուտքին ընդհանրապես: Իսկ Արեւմուտքից ընդամենը կարող է ակնկալել որոշ ներդրումներՙ իր տնտեսության ենթակառուցվածքներում: Մ. Նահանգների առատաձեռնությունը այնքան շռայլ չէ, բայց Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանը փորձում է ձերբազատվել Կրեմլի ազդեցության շրջանակներից: Փաշինյանը ծրագրում էր տեսակցել Պուտինի հետ եւ ամրացնել իր քաղաքական դիրքը Սանկտ Պետերբուրգում կայացած 19-րդ միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում: Նրա ելույթը ֆորումում համոզիչ էր, բայց հանդիպումը Պուտինի հետ, թեեւ սիրալիր, շատ կարճ էր: Պուտինն անմիջապես հիշեցրեց Փաշինյանին, որ Ռուսաստանն էր Հայաստանի հիմնական բիզնես գործընկերը եւ ներդրել էր 2 միլիարդ դոլար: Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս տարի Հայաստանն ունեցել էր 7.1 տոկոսի աճ եւ ապրիլ ամսվա թվերը նույնիսկ ավելի բարձր էինՙ 9.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Նա տնտեսության հաջողության այդ ցուցանիշները վերագրեց ԵԱՏՄ-ի միջոցով Ռուսաստանի հետ սերտ համագործակցության:
Բայց կարճատեւ հաճոյախոսությունների այս ֆոնին, Կրեմլը մեկ այլ անակնկալ էր պատրաստել: Համաձայն «lragir.am»-ի Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից նոր ռազմամթերք էր ակնկալում, ոչ «Իսկանդարներ», որոնցից բավականաչափ ունենք, բայց դրանցից ոչ պակաս կարեւորության այլ զենքեր: Նա նշեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ մասին: Հավանաբար այս հայտարաությունն էր պատճառը, որ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան շրջանցեց ֆորումում Փաշինյանի ելույթը, որին անմիջապես անդրադառնալով, նա ուղղեց իր սխալը, սակայն հնարավոր չէր թաքցնել տեղի ունեցածը:
Պուտինը վարպետ քաղաքագետ է: Փաշինյանը չի կարող հաղթական դուրս գալ նրա հետ «մուկն ու կատվի» այս խաղից:
Ինչպես տեսնում ենք, ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում Փաշինյանն ստիպված է դիմակայել մի շարք վիճահարույց բանսարկություններ ու իրադարձություններ: Հայաստանը կարիք ունի կենտրոնանալու քաղաքականության բնագավառում, ամրապնդելու իր դիրքերը եւ համախմբելու ուժերը, որեսզի կարողանա դիմագրավել մարտահրավերները եւ ընթանալ վերականգնման ճիշտ ուղիով:
Ոչ ոք չպետք է ուրախանա Փաշինյանի ձախողումների համար, որովհետեւ այդ ձախողումները կարող են դառնալ ամբողջ Հայաստանի ձախողումները: