Վերջերս «Ազգ»ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը առաջարկեց մի հոդված գրել Ռուսաստանի կովկասյան քաղաքականության մասին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ արդեն 17 տարի ես մասնագիտանում եմ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում: Մտածելով մի քանի օր, հարգելի ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում իմ եզրակացությունները Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների արած հետազոտությունների արդյունքում:
Նոր իրողություններ Հարավային Կովկասում նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո
Ետխորհրդային Հարավային Կովկասում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք էապես փոխել են իրերի վիճակը մեր տարածաշրջանում: Ազգամիջյան հակամարտությունները, ինքնահռչակ կամ մասամբ ճանաչված պետությունների ի հայտ գալը տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա ոչ այնքան պարզեցրել են իրավիճակը, որքան՝ է՛լ ավելի խճճել, առաջացնելով հարցեր, որոնց պատասխանները արդեն երկար տարիներ չեն գտնվում: Վրաստանը հռչակել է իր եվրոպական քաղաքականության բանաձեւը եւ հայտարարել իր ցանկությունը ՆԱՏՕ եւ ԵՄ մտնելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 30 տարի առաջ թշնամացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին եւ այժմ զգուշորեն ընթացող խաղաղության փնտրտուքը անընդհատ բախվում է այդ թշնամանքի, ատելության եւ կասկածանքի բետոնակուռ պատին: Նակխին ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Արեւմուտքի աջակցությամբ Թուրքիան պատրաստվում էր իր ազդեցությունը հաստատել Հարավային Կովկասում, իսկ այնուհետեւ` Կենտրոնական Ասիայում, սակայն նրան մասամբ խանգարում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով Ռուսաստանը, Ֆրանսիան (Եվրոպական Միությունը) եւ ԱՄՆ-ն իրենց ազդեցություններն էին փորձում մեծացնել տարածաշրջանի երկրների վրա: Այսօր, այդ իրողություններից 30 տարի անց մենք կարող ենք վստահորեն ասել, որ հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից հետո Թուրքիան անընդհատ մեծացնում է իր ազդեցությունը Ադրբեջանում եւ Վրաստանում: Հայ-թուրքական բանակցությունների արդյունքից է կախված թուրքական որոշակի ազդեցության հաստատումը նաեւ Հայաստանում: Ադրբեջանը տարվա սկզբում Ռուսաստանի հետ ստորագրեց ռազմավարական դաշինքի մասին հռչակագիր, միաժամանակ վերջերս է՛լ ավելի սերտ ինտեգրման տանող Շուշիի դաշնագիր Թուրքիայի հետ: Մոսկվայում, ինչպես եւ Երեւանում, գնալով ավելի լավ են հասկանում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը անընդհատ ավելի սերտ ու ավելի մոտ են դառնում իրար եւ որ նրանց հետ հարաբերվելիս աչքի առաջ միշտ պետք է ունենալ այդ բազմաճյուղ տանդեմի իրողությունը: Այսպիսով, որքան էլ Խորհրդային Միության 70 տարիները հետաձգել էին համաթյուրքական մերձեցման եւ ինտեգրման գործընթացը, եւ որքան էլ հետխորհրդային իրողությունները Հարավային Կովկասում տանում էին մասնատման, հատվածականության եւ ապաինտեգրման, խոշոր հաշվով թուրքական ռազմավարությունը իրեն արդարացրել է եւ այսօր Թուրքիան տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկիր է, անկախ այն բանից, թե դա հաջողվե՞լ է արդյոք նաեւ Հայաստանի դեպքում, թե` ոչ:
Իրանի իսլամական հանրապետությունը, որը գերջանքեր է գործադրում արեւմտյան արգելամիջոցների պայմաններում զարգանալու եւ նույնիսկ հզորանալու ուղղությամբ, նույնպես մասնակցում է տարածաշրջանային գործընթացներին: Սակայն հարկ է հասկանալ, որ Իրանի ռեսուրսները չեն բավականացնում Հարավային Կովկասում այնպիսի առաջխաղացման համար, ինչպիսին կարողանում է անել Թուրքիան: Թեհրանին այսօր ոչ այնքան անհանգստացնում է թուրքական զարգացող ներկայությունը Կովկասում, որքան նրա միջոցով Արեւմուտքի առաջխաղացումը դեպի իր հյուսիսային սահմաններ: Այս պայմաններում, որբ տարածաշրջանի ներսի երկրները փնտրում են հնարավորություններ զարգանալու համար եւ գործադրում են ջանքեր հյուսիսից, արեւմուտքից եւ հարավից եկող ազդեցությունները ներդաշնակեցնելու նպատակով, բացատրելի է դառնում մեծ ուժերի կեցվածքի առանձնահատկությունը:
Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում
Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Արեւմուտքի հետ առճակատման մեջ գտնվող երկիրը, ինչքան էլ մեծ ու հզոր լինի, չի կարող իրեն թույլ տալ նոր բախումներ իր սահմանների երկայնքով: Արեւմուտքում, իր հերթին, շատ լավ հասկանում են, որ նոր առճակատումների սպառնալիքը Ռուսաստանի համար կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ եւ չեն դադարում փնտրել դաշնակիցներ Ռուսաստանի շուրջ հրե օղակը ձգելու ուղղությամբ: Նախորդ տասնամյակներում Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ետխորհրդային տարածքի նկատմամբ ազդեցության հարցով իրենց մեջ պարունակել են թե առճակատման, թե մրցակցության, եւ թե համագործակցության տարրեր: Սա լուրջ գիտական ուսումնասիրության թեմա է եւ մենք պատրաստվում ենք շուտով քաղաքական գիտությունների դոկտոր Գրիգոր Արշակյանի հետ հրապարակել այս մասին մեր կոնցեպտուալ հոդվածը: Իսկ հիմա ուղղակի արձանագրենք, որ Թուրքիայում մի շարք հանգամանքների ազդեցության տակ որոշեցին վարել ինքնուրույն քաղաքականություն, որ կառուցված է սեփական ազգային շահերի գերակայության եւ համաթյուրքականության գաղափարի կենսագործման հրամայականների վրա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ տեղի է ունեցել էական փոփոխություն: Թուրքական սպաները ռուս գործընկերների հետ նստած են Աղդամում: Թուրքիան չի թաքցնում, որ նպատակ ունի տնտեսական ու քաղաքական ներկայության մեծացումից հետո մեծացնել նաեւ իր ռազմական ու ռազմաքաղաքական ներկայությունը Ադրբեջանում: Ինչպես գրում է մեր ճանաչված սոցիոլոգներից մեկը, Վրաստանը, որ ընդգծված արեւմտամետ քաղաքականություն է վարում, արգելամիջոցներ չի հաստատել Ռուսաստանի հանդեպ, բայց արդեն միանշանակորեն գտնվում է թուրքական բազմաբնույթ ազդեցությունների դաշտում:
Այժմ Հայաստանը այս ամենի լույսի ներքո պատրաստվում է կարգավորել իր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Ռուսաստանը նախաձեռնել է մի գործընթաց, որտեղ իր մասնակցությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստվում են ստորագրել խաղաղության պայմանագիր եւ վերագործարկել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները: Այս գործընթացում Ռուսաստանի հետ մրցակցում է Եվրոպական Միությունը, որի մեջքին կանգնած է ԱՄՆ-ն: Թվում է, թե այս մրցակցությունը չի ազդում խնդրի բովանդակության եւ ներքին տրամաբանության վրա: Բոլորն ակնկալում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ընդունելի հիմքերի վրա կկարգավորեն հարաբերությունները եւ վերջ կդնեն դարավոր թշնամանքին: Ռուսաստանի, Եվրոպական Միության, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի սպասումները այս հարցում, անկախ նրանց միջեւ հարաբերությունների բովանդակությունից, համընկել են:
Բարյացակամ դիտորդի կերպարով այս բանակցություններին ուշիուշով հետեւում է Իրանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես ընթանում է Ռուսաստանի բարյացակամ դիտորդության պայմաններում: Հայաստանում արդեն հասկացել են, որ միամտություն է սպասել, որ Թուրքիայի հետ հաստատվեն առանձին հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ՝ առանձին: Պետք է հստակ հասկանալ, որ Թուրքիան չի անելու քայլեր, որոնք դույզն իսկ հակառակ լինեն եղբայրակա՜ն Ադրբեջանի շահերին: Հետեւաբար, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքում հարկ է սպասել թուրք-ադրբեջանական ներկայության եւ ազդեցության մեծացմանը նաեւ Հայաստանում:
Ադրբեջանում շատ ուժեղ են հակառուսական տրամադրությունները եւ միաժամանակ, համաթյուրքականության գաղափարները: Այստեղ կուզենային դուրս մղել ռուսներին եւ ռուսական ազդեցությունը Ադրբեջանից, ինչը, նրանց կարծիքով, կարող է խանգարել համաթյուրքական եղբայրության գաղափարների հաղթանակին: Ճիշտ է, Ադրբեջանի նախագահը վարում է զգույշ քաղաքականություն եւ չի անում քայլեր, որոնք կարող են վրդովեցնել Մոսկվային: Սակայն փաստ է, որ ադրբեջանաթուրքական ռազմավարական դաշինքը անընդհատ նոր թափ եւ նոր ուժ է ստանում:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է: Նա Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդնողն է, խոշորագույն արտահանողն ու ներկրողը եւ որ շատ կարեւոր է, Հայաստանից արտահանվող պատրաստի արտադրանքի խոշորագույն ներկրողը: Ռուսաստանից է գալիս Հայաստանին հասցեագրված ամբողջ գազը եւ ամբողջ ցորենը: Ռուսաստանից Հայաստան են գալիս բոլոր տրանսֆերտների 53%: Արտասահմանյան զբոսաշրջիկների շարքում Ռուսաստանի քաղաքացիների թիվն ամենամեծն է: Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ակտիվ եւ կառուցողական դիրք բռնած անդամ է: Հայաստանում է կանգնած ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչությանը այսօր պաշտպանում է ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը: Այս պայմաններում Ռուսաստանը փորձում է, հենվելով Հայաստանի վրա, պահպանել եւ ամրապնդել իր ազդեցությունը ողջ տարածաշրջանում:
Ձեւաչափեր եւ համագործակցության նոր ձեւեր՝ ազդեցությունները ներդաշնակելու համար
Ռուսաստանը հռչակել է եվրասիական ինտեգրման առաջնահերթությունը: Հայտնի է, որ եվրասիականությունը արեւելասլավոնական եւ թյուրքական նախասկիզբների ներդաշնակ զարգացման եւ փոխգործակցության մասին գաղափարախոսություն է: Ռուսաստանում շատ լավ են հասկանում, որ բախումը թյուրքական աշխարհի հետ կարող է երկուստեք շատ ծանր հետեւանքներ ունենալ: Ռուսաստանի համար ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունները նույնպես ռազմավարական նշանակություն ունեն: Մոսկվան չի դադարելու հորդորել նրանց անդամակցել ԵԱՏՄ-ին: Հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ համարելով առաջնահերթություն՝ Ռուսաստանը իրավամբ համոզված է, որ ինքն ի վիճակի է Թուրքիայից ոչ պակաս, այլ գուցե նույնիսկ ավելի տնտեսական եւ քաղաքակրթական ազդեցություն ունենալ նրանց նկատմամբ:
Այս հոդվածի նպատակը չէ վերլուծելը, թե Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ինչպես են վերաբերվում եվրասիական ինտեգրման քաղաքականությանը: Դա մեծ եւ ինքնուրույն թեմա է: Հիմա կարեւոր է արձանագրել, որ պաշտոնական Մոսկվայի քաղաքական ուղենիշն է առավելագույնս համագործակցել Թուրքիայի հետ Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքական ազդեցության համար, փնտրել նաեւ Իրանի աջակցությունը ճանապարհների վերագործարկման, առեւտրատնտեսական կապերը զարգացնելու եւ Հարավային Կովկասը խաղաղության խաչմերուկ դարձնելու գերբարդ նպատակի իրականացման համար: Կարծում եմ, Մոսկվայում սպասում են Հայաստանից առաջարկություններ եւ ակտիվ դիրքորոշումներ այս նոր իրողություններում հայ-ռուսական ռազմավարական դաշինքը մեծացնելու եւ ուժեղացնելու վերաբերյալ: Դա կլիներ միանգամայն տրամաբանական եւ կլիներ լուրջ քայլ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական ազդեցությունների աճը հավասարակշռելու եւ հակակշռելու ուղղությամբ: Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները չգրավեն Վրաստանին ընդօրինակող դիրք եւ արեւմտյան ներկայությունը փափագելով, գործնականում ուժեղացնեն թուրքական, իսկ նրա հետ նաեւ ադրբեջանական ազդեցությունը:
Ռուսաստանը Հարավային Կովկասում երկու դարից ավելի ներկայության փորձ ունի: Հայաստանի համար Ռուսաստանն ունի նաեւ քաղաքակրթական ազդեցություն: Եթե հաղորդակցության ճանապարհները Հարավային Կովկասում հնարավոր դառնա ապաշրջափակել, ապա մենք շատ արագ ականատեսը կլինենք լուրջ փոփոխությունների մարդկանց մտածողության եւ գործելակերպի մեջ: Այժմ դժվար է գնահատել, թե դեպի ուր են տանում այդ փոփոխությունները, բայց պարզ է, որ Ռուսաստանը գնալով ավելի մեծ չափով է համագործակցելու Թուրքիայի, նաեւ Իրանի հետ Հարավային Կովկասում իրավիճակը վերահսկելիության շրջանակներում պահպանելու համար: Ռուսաստանի իշխանությունները մի քանի անգամ արդեն պարզ հայտարարել են, որ Ռուսաստանը չի լքելու իր ռազմավարական դաշնակից Հայաստանին եւ նրա հաշվին զիջումներ չի անելու: Սա կանխատեսելի եւ հասկանալի դիրքորոշում է:
Միաժամանակ Հայաստանը, մեր խորին համոզմամբ, շատ ավելի հստակ եւ նախաձեռնոող մասնակցությամբ պետք է տեղավորվի ռուսաստանյան տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների մեջ եւ փնտրի ու գտնի հնարավորություններ հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար:
Նրանք, որքեր համաձայն չեն այս դատողություններին, դեռ պետք է ապացուցեն հայ ժողովրդին, որ գոյություն ունեն անցավ, խելամիտ եւ իմաստավորված այլընտրանքներ:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան