ԵՄ-ի պատժամիջոցները շուտով կհամադրվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներով
Հուլիսի 14-ին, երբ Թուրքիայում նշվում էր 2016-ի պետական առեղծվածային հեղաշջրման անհաջող փորձի 3-րդ տարելիցը, Եվրոպական Միության արտգործնախարարների խորհուրդը քննարկում էր Կիպրոսի հյուսիս-արեւելքում հորատման աշհատանքներ կատարելու համար թուրքական պետության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ինչո՞ւ առեղծվածային: Այն առումով, որ առ այսօր պարզաբանված չեն այդ հեղաշրջման մանրամասները: Ոչ էլ բուն կազմակերպիչներն են բացահայտվել, որովհետեւ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թեթեւ ձեռքով անտեսվել էին Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում ձեւավորված համապատասխան հանձնաժողովի աշխատանքները, ապա հանձնաժողովն էր ցրվել:
Թերեւս այդ պատճառով էր, որ հեղաշրջման նախաձեռնությունն այդ օրերին համարվել էր կառավարելի, իհարկե իշխանությունների կողմից, կամ յուրատեսակ թատերական բեմադրություն: Հեղաշրջման 3-րդ տարելիցին արդեն պարզորոշ նշվեց, որ այդ փորձը, երկրում իշխանություններին տապալելու նպատակով ձեռնարկել է «Ֆեթուլլահ Գյուլեն» ահաբեկչական կազմակերպությունը, իսկ իշխանությունները, իմանալով նախապես վերահաս հեղաշրջման մասին, չեն դիմել կանխարկելիչ միջոցների: Պարզապես Էրդողանը դրա փոխարեն արտակարգ դրություն էր հայտարարել երկրում, որը տեւել է 2 տարի, որ արտակարգ դրության պայմաններում 2017-ի ապրիլի 16-ին երկրում խորհրդարանական համակարգից նախագահականի անցման հանրաքվե անցկացնի, այդ ընթացքում ձերբակալելով 512 հազար գյուլենականների:
Այլ կերպՙ Էրդողանն օգտագործեց հեղաշրջման փորձի ընձեռած հնարավորությունները իր նպատակների համար: Ճիշտ է, հաջորդ տարիՙ 2018-ի հունիսի 24-ի ընտրությունների արդյունքում թեեւ նա նախագահ ընտրվեց, դրանով օրինականացրեց իր միանձնյա իշխանությունը, սակայն նրա կառավարման մեկ տարվա ընթացքում Թուրքիան հայտնվեց խորը ճգնաժամի մեջ: Ահավոր են թուրքական պետության տնտեսական ցուցանիշները: Աճի փոխարեն շարունակում է նահանջ ապրել երկրի տնտեսությունը: 2018-ին պետբյուջեի պակասորդը տարվա կտրվածքով կազմել էր 2.7 մլրդ դոլար: Այս ցուցանիշն 2019 առաջին եռամսյակում արդեն 12.1 մլրդ. էր հասել: Անմխիթար վիճակում է նաեւ արտաքին առեւտրի հաշվեկշիռը:
Թուրքական լիրան դոլարի համեմատ միայն հունիսին արժեզրկվել է 8.1 %-ով: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության տվյալներով գործազրկությամբ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը: Երկրի արտաքին պարտքը, որ 2018-ի վերջին 445 մլրդ. դոլար էր, ընթացիկ տարվա առաջին ամիսներին, ինչպես հուլիսի 11-ին Halk TV-ի էկրանից նշեց Մուստաֆա Սյոնմեզը, 453 մլրդ. է հասել եւ պարտքի տոկոսները վճարելու համար մինչեւ տարվա վերջը 183 մլրդ. դոլար է անհրաժեշտ: Ամբողջովին դատարկվել էր պետական գանձարանը: Այդ իսկ պատճառով Կետրոնական բանկը պահուստային ֆոնդից 46 մլրդ. լիրա փոխանցել է գանձարանին: Բայց դա փրկություն չէ:
Հունվար ամսից լայն սպառման 7 ապրանքատեսակ թանկացել է, էլեկտրականությունըՙ 14.9 %-ով: Շուտով, մոտավորապես նույնքան կթանկանա նաեւ բնական գազը: Այս ամենը ցույց է տալիս, որ Էրդողանին չի հաջողվում կառավարել տնտեսությունը, իսկ նրա թույլ տված սխալներն արտաքին քաղաքականության մեջ երկիրը զրկում են ոչ միայն օտարերկրյա ներդրումներից, այլեւ տնտեսական իրավիճակը գոնե մասնակի շտկելու համար վարկեր ձեռք բերելու հնարավորությունից: Ստեղծված իրավիճակում ժողովրդական զանգվածները խիստ դժգոհում են, իսկ քաղաքական շրջանակները լայնորեն վիճարկում են Էրդողանի միանձնյա իշխանության, հետեւաբար նախագահական համակարգի նպատակահարմարությունը:
Էրդողանին արդեն քննադատում են նաեւ իր կուսակիցները, քննադատություններն օրեցօր դառնում են ավելի հանդուգն: Ակամա հարց է ծագումՙ այս ամենը ի՞նչ առնչություն ունի ԵՄ-ի արտգործնախարարների Թուրքիայի դեմ պանժամիջոցների դիմելու որոշման հետ: Հիրավի, թերեւս կարելի էր չանդրադառնալ, եթե չլիներ այդ որոշմանը արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի սանձարձակ արձագանքն ու Թուրքիան չհայտնվեր միչեւ տարեվերջ 183 մլրդ. դոլար հայթայթելու կարիքի մեջ:
Հարկ է նշել, որ ԵՄ-ի արտգործնախարարների հուլիսի 14-ի որոշումը շուտ էր ընդունվել: Քանի որ ընդունման պահին հեղաշրջման տարելիցի առթիվ Թուրքիայում կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաեւ գումարվել էր Մեջլիսիՙ այդ տարելիցին եւ 250 զոհերին նվիրված հատուկ նիստը, ուստի թուրքական կողմը ԵՄ-ին խնդրել էր մի քանի ժամով ուշացնել ընդումված որոշման հրապարակումը: ԵՄ-ն ընդառաջել էր խնդրանքին: Նույն նկատառումներով պատժամիջոցների հարցում զսպվածություն դրսեւորեց նաեւ Միացյալ նահանգները:
Ընդառաջումը, սակայն, չզսպեց Չավուշօղլուին: Այդ որոշման հրապարակումից հետո նա հայտարարեց, թե չպետք է լուրջ ընդունել ԵՄ-ի որոշումը, որովհետեւ լուրջ ընդունելը կնշանակի կարեւորել: Թուրք մեկնաբանները, սակայն, լուրջ չընդունեցին հենց Չավուշօղլուին, ասելով. «Ըստ երեւույթին արտգործնախարարը չի հասկանում, թե ինչ է խոսում»: Նրանց, իհարկե, հետաքրքրում էր պատժամիջոցների հնարավոր հետեւանքներն ու Թուրքիայի վարկավորումը փակուղու առջեւ կանգնեցնելու մտավախությունը:
Թուրքիան լարված հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Վերջիններս մեծ ազդեցություն ունեն Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ եվրոպական ֆինանսական կառույցների վրա: Սակայն, անկախ այդ ազդեցությունից, ֆինանսական միջազգային կառույցները, որպես կանոն, նպատակահարմար չեն գտնում վարկ տրամադրել պատժամիջոցների ենթակա երկրներին: Ընդ որում Թուրքիան արդեն ենթարկվել է ԵՄ-ի պատժամիջոցներին, որոնք շուտով կհամադրվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներով:
Հյուսիս-արեւելյան Միջերկրականում իրականացվող հորատման աշխատանքները նոր չեն: Դրանք համատեղ ջանքերով սկսել են Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը, Եգիպտոսն ու Լիբանանը եւ հասել լուրջ հաջողությունների, հայտնաբերելով բնական գազի հարուստ պաշարներ: Այս երկրներին լրջորեն աջակցում է ԱՄՆ-ը, ըստ երեւույթին նաեւ Ֆրանսիան, քանի որ բոլորովին վերջերս ռազմաբազա է ձեռք բերել Կիպրոսի տարածքում: Ինչո՞ւ: Որպեսզի հնարավոր լինի էներգետիկ պաշարների առումով թուլացնել ԵՄ-ի երկրների կախվածությունը Ռուսաստանից, միաժամանակ կասեցնել ռուսական ազդեցության հետագա ծավալումը Արեւելյան Միջերկրականում:
Հատկանշական է, որ Թուրքիան, բացի ԱՄՆ-ից ու ԵՄ-ից, լարված հարաբերությունների մեջ է նաեւ Իսրայելի ու Եգիպտոսի հետ: Որքան էլ նա Միջերկրականի առափնյա երկիր լինի եւ պատճառաբանի, թե ինքը հորատման աշխատանքներ է կատարելու «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ջրատարածքում, ինքնակոչ այս հանրապետությանն աշխարհում ոչ մի երկիր, Ադրբեջանը ներառյալ, չի ճանաչում: Հետեւաբար նրա ափամերձ տարածքն ընկալվում է որպես Կիպրոսի տարածք, ուստիեւ Թուրքիայի կողմից իրականացվող աշխատանքներն ընկալվում են ոտձգություն այլ երկրի տարածքի նկատմամբ: Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է, որ ԵՄ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ, կասեցնեու համար վերջինի հորատման աշխատանքները:
ԵՄ-ի պատժամիջոցները ենթադրում են սահմանափակել Թուրքիայի համար նախատեսվող ֆինանսական օժանդակության ծավալները, չեղարկել առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող քաղաքական երկխոսությունը, ընդհատել ավիացիոն պայմանագրերի կնքման բանակցություններն ու վերջ տալ ֆինանսական գործարքները թուրքական բանկերի հետ: Այն փաստը, որ Թուրքիան լինելով առափնյա երկիր, մեկուսանում է Արեւելյան Միջերկրականում, արդեն ԵՄ-ին չի հետաքրքրում: