Տարիներ առաջ, եթե չեմ սխալվում 1994-ին, մեր թերթում հրատարակել էի մի հոդվածՙ «Մարտնչող վիգենականությունը» վերնագրով: Հեղինակը ես չէի, սակայն հիմա էլ, 24 տարի անց, ինքս էլ կստրոգրեի այն: Արդարեւ, որեւէ բանի դասականությունը ստուգվում է ժամանակի ընթացքում, եւ այս նույն անձը, նրա մարտնչող ոգին, հաստատվում է դասականության մեջ: Ավելինՙ նա ինքն է, երկար թե կարճ ընդմիջումներից հետո, հայտնվում հրապարակներում ու նորանոր ապացույցներ հրամցնում իր դասական նենգամտության, խառնակչության, վերջապեսՙ ինքնամատույց չարախնդության:
Վիգեն Խաչատրյան: Այս անունը ոչինչ չի ասում մեր միջին ու մանավանդ երիտասարդ սերունդներին: Նրան գիտեն, ոմանք շատ լավ, ավագ սերնդի մարդիկՙ դեռեւս երբ նա ընդգրկվել էր ողբացյալ Կարեն Սերոբիչի Կենտկոմի առաջին քարտուղարության դեմ աղմկողների խմբումՙ ուղղափառ կոմունիստի դիրքերից: Այնուհետեւ, երկրի անկախացումից հետո, կոմկուսից մաքրաջրվելու համար ցատկ կատարելով հակադիր գաղափարախոսական բեւեռՙ ընդունվել էր Ռամկավար Ազատական կուսակցության շարքերըՙ ստանձնելով ՀՀ Ազգային ժողովում (Գերագույն խորհուրդ) ՌԱԿ խմբակցության խոսնակի պարտականությունը: 1993 թ.ից սկսած կուսակցության ներսում հրահրել է ընդդիմությունը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Չենթարկվելով ՌԱԿ վարչության հրահանգինՙ չմասնակցել հանրապետության նախագահի հրաժարականը պահանջող բողոքի երթին, ուրիշների հետ գլխավորել է երթը, որի համար հեռացվել է կուսակցության շարքերից: Ավելի ուշ, միշտ հավատարիմ իր բնավորությանը, ընդդեմ ՌԱԿ-ի գործարքների մեջ է մտել ՀՀՇ-ի վերնախավի հետ, քծնել Լ.Տ.Պ.ին, եւ սփյուռքից ճարելով մի քանի գործակիցներիՙ շարունակել է դավադրել իր նախկին կուսակցությանը եւ, 1995-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, ստեղծել «Լիբերալ-դեմոկրատական» կոչվող իր կուսակցությունը, որը, իբրեւ վարձատրություն օրվա ռեժիմից, «Հանրապետության» համախմբման շարքերում մի քանի հոգով կրկին «ընտրվել» է խորհրդարանի անդամ, չմոռանալով քվեարկության ընթացքում հաշվիչ հանձնաժողովներում իր համախոհների միջոցով ջնջել է ՌԱԿ-ի ստացած բազմաթիվ ձայներ: 1998 թ. ընտրություններին, ՀՀՇ-ի հետ ինքն էլ պարտվել եւ դուրս է մնացել խորհրդարանից, իսկ հիմնադրած «կուսակցությունը», բնականաբար, անգործության մատնվելովՙ ինքնալուծարման դիմում է ներկայացրել համապատասխան մարմնին: Հաջորդող տարիներին, ավելի քան 15 տարի, նա ծառայել է տարբեր օլիգարխների, բայց շարունակել է դավադրել ՌԱԿ-ի դեմՙ կեղծ կամ ֆեյք, ինքնահռչակ մի քանի ռամկավարների հետ համախորհուրդ: Վերջերս նշանակվել է խորհրդական այդ ֆեյքերի պարագլուխ Մայք Խարաբյանի, որի հետ դեռեւս 1996 թ.ի ապրիլին, հանգուցյալ Էդիկ Եգորյանի եւ վերահարուցյալ Գագիկ Ջհանգիրյանի հետ ձեռք-ձեռքի տվածՙ դավադրել են «Ազգ» օրաթերթի փակման փորձը:
Թե որքան պատվաբեր ու բարձր պաշտոն է խորհրդարական լինել Մայք Խարաբյանին, որին նախորդ համարում կոչել էի «աղի մուկ», թող ինքըՙ Վ. Խաչատրյանը որոշի: Այսուհանդերձ, ինքը խարդախության ու դավադրության մեջ հստակորեն գերազանցելով նրանՙ արժանի էր ավելի բարձր տիտղոսի…
Եվ պատկերացնել, որ այս անձը օրերս, «1-ին am» կայքէջում, փորձում էր ցեխ շպրտել իր դավաճանած կուսակցության դեմՙ 1991 թ.ից ի վեր պաշտոնապես եւ օրինականորեն գործող կուսակցությունը ներկայացնելով որպես անուժ, անկարեւոր եւ արհեստական: Իմաստ չունի նրան հակաճառելը: Միայն նշենք, որ ՌԱԿ-ի շարքերը, այդ թվումՙ Վարդենիսում, Սեւանում, Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում, Գյումրիում, Եղվարդում, Մասիսում, Արմավիրում, Եղեգնաձորում, Սիսիանում ու Երեւանում հարյուրավոր երիտասարդ ռամկավարները չեն ճանաչում նրան, եւ լա՛վ է որ չեն ճանաչում: Իսկ ճանաչողները չեն ցանկանում հիշել նրան, դա տհաճություն է պատճառում նրանց: