Երեկ առավոտյան «Լուկօյլ» ռուսական նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 67-ամյա Ռավիլ Մագանովի անշնչացած մարմինը գտել են Մոսկվայի կենտրոնական՝ քաղաքական եւ տնտեսական վերնախավին սպասարկող հիվանդանոցի բակում: Ռուսական ԶԼՄ-ները շրջանառեցին այն վարկածը, որ բուժառու Մագանովն ըստ երեւույթին 6-րդ հարկի պատուհանից ընկել է: Ըստ նրանց, սրտի խնդիրների հետ դեպրեսիա էլ ուներ: Գերմանական ԶԼՄ-ները ռուսական՝ ինքնասպանության վարկածը չեն շեշտում, փոխարենն ընդգծում են, որ սա «Լուկօյլի» պաշտոնատարներից երկրորդի անբացատրելի մահն է: ntv նշում է, թե մայիսին Ալեքսանդր Սուբբոտինն էր կնքել մահկանացուն: Ալկոհոլի չափը գերազանցած՝ նա Մոսկվայի իր բնակարանում շամանների օգնությանն է դիմել, նրանք էլ ի թիվս այլ միջոցների կտրել են մաշկը, ներարկել դոդոշի թույն: Միլիարդատերը լավ չի զգացել, շամանները նկուղ են տարել նրան, որ հանգստանա, իսկ քիչ անց՝ մահացած գտել: Ազգությամբ թաթար Մագանովի մասին գերմանացիներն ընդգծում են, թե նա կողմ էր, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, կողմերը բանակցեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա