Ֆրանսիական «Յումանիտե» թերթի օգոստոսի 11-ի համարում լույս է տեսել Մալաժիժի Բուտոյի «Ֆակիրը ֆիզիկայի առաջնագծում» հոդվածը ֆակիրության մասին: Այնտեղ անդրադարձ կա նաեւ հայազգի Թահրա բեյին (Գրիգոր Գալֆայան, 1900-1975): Գրելով 20-րդ դարի «նեոֆակիրների» մասին՝ հեղինակը նրանցից ամենահայտնին համարել է ծագումով հայ Թահրա բեյին, որը ոգեշնչել է Հերժեին իր Ռագդալամ ֆաքիրի կերպարի համար՝ կոմիքսների հերոս Տենտենի արկածները ներկայացնող «Յոթ բյուրեղյա գնդակներ» ալբոմում: Բուտոն Թահրա բեյին անվանել է մի հետաքրքրական անձնավորություն, որն իր ավելի լուրջ իմիջի համար իրեն անվանել է «բժիշկ», աշխարհի բեմերում ներկայացել որպես բացառիկ հմտության տեր «եգիպտացի ֆակիր», որը կարող էր ընկնել կատալեպտիկ կոմայի մեջ, գոյատեւել «առանց թթվածին» եւ լինել անզգայունակ ցավի նկատմամբ: «Բայց, ինչպես իր նման շատ այլ արվեստագետներ,- շարունակում է Բուտոն,- այս բարի մարդն ամենից առաջ, թվում է, հմուտ աճպարար եւ առաջնակարգ խաբեբա էր, որը կատարելապես կեղծ թալիսմաններ ու գուշակություններ էր վաճառում հարուստ եւ պակաս հարուստ բուրժուազիային»:
Հեղինակը նշել է, որ Թահրա բեյը դժվարին ժամանակներ է ապրել: 1928 թվականին նրան մենամարտի է հրավիրել Պոլ Օզեն, որին անվանում էին «ֆակիրներ դիմակազերծող» եւ որը հեղինակն էր «Ֆակիրներ, ծխողներ եւ ընկ.» գրքի (1926, Փարիզ), որտեղ նաեւ գրել է Թահրա բեյի մասին: Այս լրագրողն ու սիրող աճպարարը մասնագիտացել էր ֆակիրների այսպես կոչված ուժերը գիտականորեն քանդելու մեջ՝ դրանք հեշտությամբ վերարտադրելով: Նա նույնպես «ծակում էր» իր մարմինը քորոցներով, փակվում դագաղի մեջ եւ պառկում մեխերի տախտակի վրա: Ձմեռային կրկեսում կազմակերպված մենամարտում, մոտ 10,000 հանդիսատեսի առջեւ, որոնք պայքարում էին տոմս ձեռք բերելու համար, Թահրա բեյի հետ Պոլ Օզեի դեմ առ դեմ բախումը վերածվում է նվաստացման հայազգի ֆակիրի համար: «Յումանիտե»-ում տեղ գտած Թահրա բեյի լուսանկարի ենթագիրն ասում է. «1930-ականներին Թահրա բեյը հայտնվել է աշխարհի բեմերում՝ որպես բացառիկ կարողություններով օժտված «եգիպտացի ֆակիր»: Դատապարտվելով խարդախության մեջ՝ նա վտարվել է Ֆրանսիայից 1938 թվականին»:
Ավելացնենք, որ Գրիգոր Գալֆայան-Թահրա բեյը ծնվել էր Թանթայում (Եգիպտոս), ինը տարեկանից բնակվել Կ.Պոլսում, որտեղ հետագայում դարձել էր սուլթան Մեհմեդ Ռեշադի աստղագուշակը: Ուսանել է թաքուն գիտություններ, հիպնոս, ոգեհարցություն, մեռելահմայություն: Հիմնադրել է «Շավգ» ֆակիրական ընկերությունը: 1920-ականների վերջից Եվրոպայի քաղաքներում ցնցող հաջողություններ է ունեցել ֆակիրական համարներով (մարմնի քարացում, կենդանիների կարծրացում, մարմինը դանակներ խրել): Շրջել է Ավստրիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում, Հունաստանում եւ այլուր, նրան ընդունել են պետությունների ղեկավարներ: Թահրա բեյի հետնորդներից են եղել հայազգի ֆակիրներ Հայկը, Արթինը, Շադրա բեյը: Նրա մասին է պատմում Հրանտ Գուրապյանի «Ֆակիր Թահրա բեյի զարմանահրաշ գործերը» գիրքը (1926), անունը հիշատակված է նաեւ Փոլ Փիրթունի «Եգիպտոսի գաղտնիքները» անգլերեն գրքում:
Ա. Բ.