Էդմոնդ Խրլոպյան. Քենիայիցՙ Հարավային Աֆրիկա եւ Զամբիա
Հեռակա հարցազրույցս աֆրիկահայի հետ է: Էդմոնդ Խրլոպյանը ծնվել է Քենիայում, ապրում է Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում, կնոջ` Վենդի Մենսֆիլդ Խրլոպյանի հետ: Նա կրթությունն ստացել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ուելսի արքայազնի անվան քոլեջում, ապրել ու աշխատել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում եւ տարիներ շարունակ եղել է Լոսակայի «Աքուիլա փրինթերս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը…
– Հարգելի Էդմոնդ, տարիներ շարունակ ես ինֆորմացիա եմ հավաքում Աֆրիկայում բնակվող հայերի մասինՙ հատուկ ուշադրություն դարձնելով «սեւ» Աֆրիկայի վրա: Ձեր ընտանիքի մասին առաջին անգամ կարդացել եմ Մարտիրոս Մոզյանի ճամփորդական գրառումներում, հրատարակված 1957-ին: Նա գրել է, որ 1954-ին եղել է Նայրոբիում, որտեղ այցելել է Խրլոպյան եւ Սիմոնյան ընտանիքներին, նշել, որ այդ ընտանիքներն իրեն ցույց են տվել վերին աստիճանի ավանդական հայկական հյուրընկալություն…
– Ես չեմ հիշում Մարտիրոս Մոզյանին: Այդ տարիներին շատ այցելուներ էինք ունենում: Ես շատ կցանկանայի կարդալ նրա հիշողությունները…
– Ենթադրում եմ, որ նախնիներդ ծնունդով Այնթապից են: Այդ ընտանիքը երկու ներկայացուցիչ է տվել հայ մշակույթին` խմբագիր Տիգրան Խրլոպյանը եւ նրա որդի փիլիսոփա Գեւորգ Խրլոպյանը…
– Հայրս ծնվել է Վանում եւ յոթ տարեկանում իր իննամյա քրոջ հետ փախստական է դարձել, քանի որ նրա ողջ ընտանիքին թուրքերը ոչնչացրել են: Որքան գիտեմ, նա Իրանի, Իրաքի եւ Սիրիայի ճանապարհով քրոջ հետ ի վերջո հանգրվանել է Բեյրութում…
– Իսկ ինչպե՞ս է ձեր ընտանիքը հայտնվել Աֆրիկայում:
– Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական կառավարությունը հավաքել է բազմաթիվ հայերի, այդ թվումՙ հորս, եւ բնակեցրել Ադիս Աբեբայումՙ Եթովպիայում: Այնտեղ շատ մեծ հայկական համայնք է զարգացել: Ադիս Աբեբայում հայրս ամուսնացել է մորսՙ Օվսաննա Հինդոյանի հետ: Երկու ավագ եղբայրներս ծնվել են Եթովպիայում, այնուհետեւ 1938-ին մեր ընտանիքը տեղափոխվել է Նայրոբիՙ Քենիա, որտեղ էլ ես ծնվել եմ 1942 թվականին:
– Որքան գիտեմՙ այդ ժամանակաշրջանում Քենիայում ապրել է տաս հայ ընտանիք` Թեքիրյան, Սաաթճյան, Տասնապետյան ազգանուններով: Գիտե՞ք, եթե հիմա էլ կան հայեր Քենիայում:
– Որքան գիտեմՙ բոլոր հայերը Քենիայից հեռացել են այն ժամանակ, երբ երկիրն անկախություն է ձեռք բերել: Բրիտանական վարչակազմից անցումն անկախ պետականության Քենիայում շատ բռնի է կատարվել, բոլոր ոչ սեւամորթները թիրախավորվել են միայն այն պատճառով, որ նրանք սպիտակամորթ կամ ասիացի էին: 1969-ին ես մեկնեցի Հարավային Աֆրիկա: 1975 թվականին հայրս մահացավՙ թողնելով մենակ մորս, որը մի անգամ հարձակման ենթարկվեց իր տանը եւ վիրավորվեց ավազակների խմբի կողմից, որոնց ներս էր թողել սեւամորթ պահակը: Մայրս երբեք չվերականգնվեց այդ հարձակումից հետո: Դրանից հետո ես նրան տեղափոխեցի Յոհաննեսբուրգ, եւ նա այնտեղ ապրեց իմ ընտանիքի եւ իր կրտսեր քրոջՙ Ջուլիետի հետ, որը նույնպես ընտանիքով հաստատվել էր Հարավային Աֆրիկայում:
Նայրոբիի հայ ընտանիքներից, մեզնից բացի, ես հիշում եմ տատիկիս ընտանիքըՙ Հինդոյանները, հինգ քույր եւ երկու եղբայր, որոնք էինՙ մայրս, որն ավագն էր, Վիրջինիա Թեքերյանը, Լուիզ Էսոյանը, Ջուլիետ Քելին, Վիոլետ Շեյդաթը: Երկու եղբայրների անուններն էին Մովսես եւ Գրիգոր: Բոլորն արդեն հանգուցյալ են, բացառությամբ Վիրջինիայի եւ Վիոլետի, որոնք բնակվում են ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: Վերոնշյալներից բացի կային Թոմասյանները եւ ուրիշ հայեր էլ, որոնց անունները չեմ հիշում:
– Այժմ դուք ապրում եք Զամբիայում: Մինչ օրս գիտեի միայն վիրաբույժ Գրիգոր Էրզինգացյանի (Երզնկացյան) անունը: 2002-ի վիճակագրության համաձայնՙ այդ երկրում ապրել է ընդամենը տասը հայ: Իսկ հիմա՞:
– Մենք Զամբիա տեղափոխվեցինք 1993-ին, երեք ամսով ինձ հետ կնքված պայմանագրի համաձայն, բայց ահա 26 տարի անց մենք դեռեւս այստեղ ենք: Որքան գիտեմՙ ինձնից բացի Զամբիայում եւս երկու հայ կաՙ Արա Հովհաննիսյանը եւ քո նշած վիրաբույժ Գրիգորը, որին երբեք չեմ հանդիպել: Կար նաեւ հույնի հետ ամուսնացած մի հայ տիկին, որը տեղափոխվեց Կիպրոս եւ մի հայ ատամնաբույժ, որը մի քանի տարի առաջ հեռացավ Զիմբաբվեից:
– Կա՞ արդյոք առանձնահատուկ աֆրիկահայ ինքնություն, որոշ ավանդույթներ, որոնք, դուք գիտեք, ձեզ փոխանցվել են ձեր հայ ընտանիքից:
– Չնայած որ մեծացել եւ կրթվել եմ ամբողջությամբ անգլախոս հասարակության մեջ, մենք տանը ապրում էինք որպես հայեր, խոսում էինք հայոց լեզվով եւ կերակուր էինք պատրաստում ու ուտում էինք այնպես, ինչպես մեր ծնողներն էին մեզ սովորեցրել: Հայաստանում դեռեւս չեմ եղել, սակայն եկող սեպտեմբերին կնոջս հետ պիտի այցելեմ:
– Ուրեմն հայերեն կը հասկնա՞ս:
– Անշուշտ կը հասկնամ: (Շարունակելով անգլերեն): Բայց ես հայերեն գրել-կարդալու առավելությունը չունեցա, քանի որ չկար ուսումնական հաստատություն: Բացի այդ, իմ բոլոր ընկերներն անգլիացիներ էին, բացի երեք Թոմասյան եղբայրներից, որոնք իմ եւ եղբորս սերնդից էին:
– Դե ինչ, Էդմոնդ, ինձ մնում է ասելՙ ի տեսություն Հայաստանում…
Նկար 1. Էդմոնդ Խրլոպյանը կնոջ` Վենդի Մենսֆիլդ Խրլոպյանի հետ: