ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Խոսքեր քաղաքին ու նրա մասինՄեր երկրի իրական ամբողջական զարգացում թերեւս կարելի է ակնկալել այն ժամանակ, երբ մայրաքաղաքում ապրողների եւ առաջին հերթինՙ երկրի ընթացքը որոշող պաշտոնյաների ընկալումներում ու բառապաշարում «քաղաք» հասկացությունը դադարի նշանակել միայն Երեւան: Երբ արժեւորվեն ու կարեւորվեն բոլորըՙ քաղաք թե գյուղ: Հին գյումրեցիներն, օրինակ, առիթի դեպքում կասեին. «Տո մեր Գիմրին օր քաղաք էր, Էրեւանն ի՞նչ էր»:ՀՀ երկրորդ քաղաքի, մեր երկրի կյանքում նրա տեղի ու դերի արժեւորման ոչ քիչ խոսքեր հնչեցին անցած կիրակիՙ օգոստոսի 25-ին, Գյումրու օրվա գունեղ ու նաեւ հյուրերի առումով բազմամարդ տոնակատարության ժամանակ: Նման առիթներով, իհարկե, միշտ էլ ասվում են մեծարանքի ու գովեստի խոսքեր, հաճախ նաեւ չափազանցված: Եվ երկար տարիների ընթացքում քաղաքս էլ շատ է լսել ու վաղուց այլեւս չի հավատում գեղեցիկ խոսքերին, որոնք ասվում են նաեւ ասելու համար ու շուտ էլ մոռացվում: Բայց այս անգամ որոշեցինք ներկայացնել այդ օրն այստեղ հանրապետության ղեկավար պաշտոնյաների արտահայտած մտքերը, որոնք, ինչպես մեզ թվաց, ե՛ւ այս քաղաքի արժեւորման որոշ նաեւ նոր ուրվագծեր են պարունակում, ե՛ւ նրա արժեքների ճանաչողությանը նպաստում ու նրա շուրջ մթնոլորտ, տրամադրություն են ստեղծում, ե՛ւ իշխանավորների կողմից տեղ-տեղ նաեւ խոստում, «բարաթ» են, հետո հարկ եղած դեպքում հիշեցնելու համար:«Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր» վերնագրով հրապարակված իր բաց նամակում քաղաքի վաղեմի անկեղծ բարեկամ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գրում է. «Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ եւ առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաեւ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմՙ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի»:Այսօր Գյումրիում որոշակի աշխուժություն կա. նորոգվում, գեղեցիկ տեսք են ստանում քաղաքի կենտրոնի փողոցներն ու մայթերը, արդեն զբոսաշրջիկներ են գալիս: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը , անցած տարի նույնպես ներկա եղած լիելով քաղաքի տոնին, կարծում է, որ հիմա տարբերություն կա, մի փոքր ավելի աշխուժություն կա, ժպիտ կա մարդկանց դեմքերին: «Չգիտեմՙ տոնի հետ է կապվա՞ծ, թե՞ իսկապես Գյումրիում կարողացել ենք ի վերջո այս տարվա ընթացքում ինչ-որ փոփոխություն մտցնել»,- ասում է նաՙ պատասխանելով լրագրողների հարցին: Իսկ քաղաքի դիմագծի վերականգնման հետ կապված, կարեւոր միտք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը. «Դիմագիծը նախ եւ առաջ պետք է վերականգնվի գյումրեցիների հոգում, սրտում եւ իրենք դա զգան…»:Օրվա հանդիսություներին մասնակցում էր մայրաքաղաք Երեւանի պատվիրակությունըՙ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի գլխավորությամբ, հրապարակվել էր նաեւ քաղաքապետ Հայկ Մարությանի շնորհավորական խոսքը:«Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարեւոր կենտրոնը: Գյումրին մեզ բոլորիս համար պահել, պահպանել, զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը: Եվ այսօր այս է պատճառը, որ մենք Գյումրին այսքան կարեւորում ենք: Որովհետեւ Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է քաղաքակիրթ ժողովրդի մեր կերպարը, քաղաքակիրթ ժողովրդի մեր ապրելակերպը եւ դիմագիծը: Այդ է պատճառը, որ մենք սիրում, պաշտում ենք Գյումրին, որ մենք հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով»,- սա արդեն քաղաքի գլխավոր հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթից էր:Որպես ամենակարեւոր արձանագրում, վարչապետը նշեց. «Մենք պետք է փոխենք Գյումրիի ընկալումը: Բավական է մենք Գյումրի ասելով հասկանանք աղետի գոտի: Որովհետեւ Գյումրին աղետի գոտի չէ. Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի…, քաղաքակրթության ու ժողովրդավարության կենտրոն է: Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետեւանքները վերացված են: Ամենեւին: Բայց… Գյումրին աղետի միջով անցնելով, աղքատության, դժնդակ օրերի միջով անցնելով, դժվարությունների միջով այսօր էլ անցնում է, բայց ի ցույց է դնում իր հաստատակամությունըՙ ապրելու, կերտելու, աշխատելու, արարելու, ծաղկելու եւ դառնալու մշակութային, քաղաքական, տնտեսական կյանքի իսկական կենտրոն»:Հիշեցնելով նաեւ, որ սեպտեմբերի 21-իՙ Անկախության օրվա գլխավոր տոնակատարություններն այս տարի տեղի են ունենալու այստեղ, Նիկոլ Փաշինյանը մինչ այդ օրը մնացած մոտ մեկ ամիս ժամանակաշրջանը հայտարարեց Գյումրի այցելելու միամսյակ: «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներից եւ գյուղերից, Սփյուռքի բոլոր համայնքներից ովքեր չեն եղել Գյումրիում, ովքեր չեն տեսել Գյումրին, կոչ եմ անում ձեզՙ անպայման այցելել Գյումրի, որովհետեւ ոչ մի հայ ինքը իրեն մինչեւ վերջ չի ճանաչի, քանի դեռ ինքը չի եղել Գյումրիում: Մենք մեր ազգը, ինքներս մեզ ճանաչելու համար պետք է տեսնենք Գյումրին, իմանանք նրա ամեն բակը, ամեն տունը»,- նշեց վարչապետը: |