Երուսաղեմը երկրագնդի ամենաթեժ վիճաբանությունների առարկա դարձած քաղաքներից մեկն է: Հետեւաբար, այդ սուրբ քաղաքում հայկական ներկայության հետ կապված որեւէ հարցի քննարկումը հավասարապես վիճելի է: Այդուհանդերձ «Հայկական Երուսաղեմ» անվանումն իր պատմության եւ աշխարհի կարեւորագույն քաղաքներից մեկում գտնվելու հանգամանքով պատվաբեր մեծարանք է:
Բացի հոգեւոր-կրոնական, մշակութային եւ կրթական ոլորտներից. Երուսաղեմը նաեւ նշանակալի քաղաքական դերակատարություն ունի աշխարհում: Ի դեպ, 1990-ական թվերին, երբ Իսրայելի վարչապետ Յիցհակ Ռաբինն ու Պաղեստինի ազատագրության կազմակերպության նախագահ Յասեր Արաֆաթը բանակցություններ էին վարում կարգավորելու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, հայկական թաղամասը վիճելի հարցերից մեկն էր, քանի որ կողմերից յուրաքանչյուրը ցանկանում էր իր իրավասության տակ վերցնել այն:
Տեղի հայկական պատրիարքարանը գոյություն ունի մեր թվարկության 7-րդ դարից, երբ առաջին պատրիարք Աբրահամ Ա-ն գահակալեց 638-ից 669 թվերին: Այդ ժամանակներից քրիստոնյա աշխարհում նրա դերը արագորեն եւ նշանակալիորեն մեծացել է: Մեծացել է նաեւ անշարժ գույքի հաշվետվությունների նրա թղթապանակը, որը նպաստել է նրա գոյության պահպանմանը: Պատրիարքարանն ու Սուրբ Հակոբ վանքը գոյատեւել են արաբական, խաչակրաց, օսմանյան, բրիտանական, հորդանանյան եւ իսրայելական տիրապետությունների լծի ներքո շնորհիվ վանականների ճարտարամտության եւ քաղաքական շրջահայաց խուսավարության: Աշխարհասփյուռ հայությունը միշտ էլ սատարել է, որ Սուրբ Հակոբյանց միաբանությունը ընդարձակի իր անշարժ գույքը, կալվածքները, որոնք ներկայիս հասել են գրեթե անկառավարելի չափերի:
Եղել են ժամանակներ, երբ կուտակված հարստությունը նվազել է եւ պատրիարքարանի պարտքերը սպառնացել են նրա գոյությանը: Նման պարագաներում միաբանությունը դիմել է աշխարհասփյուռ հայության օժանդակությանը: Մեկ պատրիարք, մասնավորապես, արժանի է հիշատակման այն առումով, որ խորհրդանշում է, թե վանականները ինչպիսի զոհաբերությունների են գնացել փրկելու համար պատրիարքարանն ու միաբանությունը: Նրա անունը Գրիգոր Զ. Շիրվանցի կամ Շղթայակիր (1715-49) էր, որ որոշել էր վզին կրել ծանր շղթաներ ի նշան դժվարությունները հաղթահարելու իր անկոտրում ջանքերի եւ հաստատակամության:
Երուսաղեմը որպես անվտանգ ապաստան է ծառայել Հայոց ցեղասպանությունը վերապրածների համար: Պատրիարքարանը երկար ժամանակ նրանց ապահովել է կացարանով եւ սննդով: Այդ օրերին 25 հազար հայեր են ապաստանել Սուրբ Հակոբյանց միաբանությունում: Երբ 1948-ին պատերազմ ծագեց արաբների եւ իսրայելցիների միջեւ, նրանց թիվը նվազեց 8 հազարի, իսկ այսօր այնտեղ հազիվ 800 հայ է մնացելՙ Հայֆայի, Ռամալլայի, Բեթղեհեմի եւ այլ քաղաքների հայերի հետ գուցե նրանց թիվը հասնի 2 կամ 2,5 հազարի:
Միաբանությունը կրթել է կղերականների շատ սերունդներ, որոնք հետագայում ծառայել են աշխարհի տարբեր հայկական համայնքների եկեղեցիներում: Դարեր շարունակ տարբեր դավանանքների պատկանող եկեղեցիներ եւ կրոնական հաստատություններ պայքարել են պահպանելու համար իրենց ունեցվածքը, մինչեւ որ Օսմանյան սուլթանի հրամանով (ֆերման) 1757-ին վերջնականապես տեղի է ունեցել ունեցվածքի բաժանումը: Փաստաթուղթը կոչվել է «Ստատուս քվո», որը հետագայում (1853-ին) վավերացվել է սուլթան Աբդուլ Մեջիտի կողմից եւ մինչեւ օրս իշխող կառավարությունները հարգում են այն: Համաձայն «Ստատուս քվոյի» սահմանումներին, Երուսաղեմի հին քաղաքը բաժանվում է 4ՙ մահմեդական, լատինական (կաթոլիկական), հրեական եւ հայկական թաղամասերի: Ի հեճուկս այլ քրիստոնեական հարանվանություններիՙ հայերի վերահսկողության տակ են գտնվում ամենաարժեքավոր անշարժ գույքերի եւ գլխավոր կրոնական վայրերի սեփականությունները:
Երուսաղեմի իրավական մարմինները լիիրավ իշխանություն են տվել Հայոց պատրիարքարանին տնօրինելու իր գործերը: Դրանք ոչ ոքի կողմից չեն վերահսկվում, եւ պատրիարքարանը, ի հակադրություն կաթոլիկ եւ հույն ուղղափառ եկեղեցիների, ոչ ոքի հաշվետու չէ: Դարեր շարունակ պատրիարքների մեծ մասը եւ միաբանության վանականները բարեխղճորեն կարողացել են կառավարել պատրիարքարանի գործերը: Սակայն երբեմն մարդկային բնավորության ստոր գծերը գլուխ են բարձրացրել, եւ իշխող հոգեւորականները անարգ հանցագործություններ են իրականացրել անզոր հայ աշխարհի աչքերի առաջ:
Պատրիարքարանը Երեւանի Մատենադարանից հետո երկրորդ կառույցն է, որտեղ պահպանվում են 4000 հայկական ձեռագրեր, իսկ անշարժ գույքի հարստության մաս են կազմում այնպիսիք, որոնց արժեքը գնահատվում է միլիարդավոր դոլարներով:
Դարեր շարունակ Ստամբուլի պատրիարքարանը Օսմանյան կայսրությունում կառավարչի դերն է կատարել եւ վերահսկողություն է սահմանել Երուսաղեմի վրա, հավաքել է փաստաթղթերի եւ վիճակագրությունների ծավալուն հատորներ, որոնք էական նշանակություն կունենան, եթե երբեւէ փոխհատուցման հարց բարձրացվի: Այս փաստաթղթերը, Ցեղասպանության հարցի հետ առնչվող այլ նյութերի հետ, փոխանցվել են եւ ներկայիս գտնվում են Երուսաղեմում:
Երուսաղեմի պատրիարքարանը զերծ չի մնացել սկանդալներից եւ երբեմն նույնիսկ հոգեւորական դասի ներկայացուցիչների կողմից, որոնք այլապես մեծ ներդրում են ունեցել եկեղեցու եւ մշակույթի բարգավաճման գործում: Քանի որ Երուսաղեմը հաշվետու էր Կոնստանդնուպոլսին, ժամանակ առ ժամանակ Կոնստանդնուպոլսից Երուսաղեմ պատվիրակություններ էին ժամանում վեճերն ու տարակարծությունները հարթեցնելու նպատակով: 1914-ին նման մի պատվիրակության մաս էին կազմում հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան եւ բանասեր, Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896-1907) Մաղաքիա արք. Օրմանյանը (որի կոթողային աշխատանքը Հայոց եկեղեցու պատմության բնագավառում մի ամբողջ գիտական հիմնարկի գործունեությանն էր հավասարազոր), եւ մեր գրականության անժամանցելի դասական բանաստեղծ Վահան Թեքեյանը: Առաջինը զերծ չէր բանսարկություններից, մինչդեռ երկրորդըՙ շիտակության, ազնվության մարմնացումն էր: Անմիջապես որ պատվիրակությունը Երուսաղեմ է հասնում, Օրմանյանը միանում է այլասերված հոգեւորականներին եւ անջատում իրեն պատվիրակության մյուս անդամից, այն պատճառաբանությամբ, որ աշխարհիկ մարդիկ իրավունք չունեն ներգրավվելու հոգեւորականների տարաձայնությունների հարթեցման գործընթացին: Այս պատճառաբանությունը գործում է նաեւ այսօր ամեն անգամ, որ կոռումպացված հոգեւորականներ նման քողի տակ փորձում են թաքցնել իրենց հանցագործ արարքները: Օրմանյանի զանցանքները խամրել են համեմատած իրենից հետո Երուսաղեմի հոգեւորականների կատարած օրինախախտումների հետ: Առանձնահատուկ եւ տիպիկ օրինակ է պատրիարք Եղիշե Տերտերյանի պարագան, որ շնորհալի բանաստեղծ լինելով հանդերձ կոռումպացված էր մինչեւ ոսկորները:
Մինչեւ պատրիարքի աթոռին բազմելը նա ժամանակավոր պաշտոնակատար էր եղել, որի ընթացքում գաղտնի համագործակցել էր Հորդանանի իշխանությունների հետ Երուսաղեմից վտարելու եկեղեցու երեւելի դեմքերից, օրինականորեն ընտրված պատրիարք Տիրան արք. Ներսոյանին, ինքն իրեն հռչակելու պատրիարք 1960-ին եւ այդ պաշտոնում ծառայելու երեսուն երկար տարիներ: Քանի որ միաբանության անդամներից շատ քչերն են մնացել, օրինաչափ է դարձել որեւէ հոգեւորականի կաշառակերությամբ հարթել իր ճանապարհը դեպի պատրիարքի աթոռը:
Եղիշե պատրիարքը հմուտ դիվանագետ էր եւ կարողացավ իսրայելցիների, հորդանանցիների եւ պաղեստինցիների քաղաքական թոհուբոհի պայմաններում պատշաճ մակարդակի վրա պահել պատրիարքարանի հեղինակությունը: Սակայն նա միաբանությունը կառավարեց այնպեսՙ կարծես պատրիարքարանը լիներ իր սեփական ֆեոդալական կալվածքը, որտեղ իրեն շրջափակեց հարճերով:
1970-ի սկզբներին 27 հայկական ձեռագրեր հայտնվեցին լոնդոնյան Սոթբիի աճուրդի հանված իրերի ցուցակում: Պատմաբան դոկտ. Սիրարփի Տեր-Ներսիսյանի խուզարկուական աշխատանքի շնորհիվ երեւան հանվեց ձեռագրերի իսկությունը եւ Ալեք Մանուկյանի միջամտությամբ պատրիարքարանին վերադարձվեցին ձեռագրերը: Պատրիարքը ցինիկաբար այդ ձեռագրերի անհայտացումը բարդեց անմեղ հոգեւորական Շնորհք Գալուստյանի եւ ոմն վատահամբավ հնավաճառի վզին:
Պատրիարքարանը կալվածքներ ունի նաեւ Երուսաղեմից դուրս, Իսրայելի այլ վայրերում եւ այլուր: Տերտերյան արքեպիսկոպոսը դրանցից երկուսըՙ Բեյրութի սբ. Նշան եկեղեցին եւ Հալեպի Հովվատունը զիջեց Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Պատրիարքարանի ներկա ղեկավարությունը ձեռնհասորեն եւ դիվանագիտորեն հետամուտ է լինում ձեռք բերելու Թուրքիայում գտնվող այլ սեփականություններ:
Տերտերյան պատրիարքին հաջորդեց Թորգոմ արք. Մանուկյանը, որ ծառայեց 1990-ից 2012 թվականներին: Նա տիպար հոգեւորական էր, բանաստեղծ եւ հոգեւոր երաժշտության մասնագետ: Իր ղեկավարության ներքո անշարժ գույքին վերաբերող մի սկանդալ բռնկվեց եւ չնչին գումարով վաճառվեց արժեքավոր մի կալվածք: Պատրիարքը հետագայում ստիպված էր խոստովանել, որ «մեր իրավաբանները խաբեցին մեզ»:
Այսպես, ժամանակ առ ժամանակ Երուսաղեմում մեր կալվածքների կորստի կամ վաճառքի վերաբերյալ լուրեր են տարածվում, որոնք անհանգստացնող են: Բայց խոստովանենք, որ սարսափելիորեն դժվար է հոգեւորականների համար, որոնցից շատերը փորձառու չեն, պահպանել մեր հսկայական ունեցվածքները մի դարաշրջանում, երբ Թրամփի նման նախագահներ կարող են հողակտորի մի որոշակի հատված (ինչպիսին, օրինակ, Գոլանի բարձունքները Սիրիայում) պոկել ու հեշտությամբ հանձնել Իսրայելին:
Քրիստոնեական եկեղեցիները 2018-ի հոկտեմբերին վրդովվեցին իմանալով, որ Իսրայելի խորհրդարանում կենտրոնամետ Կուլանու կուսակցությունից Ռեյչլ Ազարիան օրինագիծ է ներկայացրել իբր «լուծելու այն հազարավոր երուսաղեմցիների խնդիրը, որոնք կապալառուների պահանջով ստիպված են լքել իրենց տները»: Հայ եւ հույն պատրիարքները վարչապետ Նաթանյահուին ուղղված նամակներով «խնդրեցին խափանել օրինագծի ընդունումը, որը նպատակ ուներ բռնազավթելու իրենց համապատասխան կալվածքները»: Օրինագիծը սառեցվեց, բայց չեղյալ չհայտարարվեց: Միաժամանակ կառավարությունը նշեց, որ «Իսրայելի ղեկավարությունը նպատակ չունի բռնագրավելու եկեղեցապատկան հողակտորներ կամ եկեղեցիներին պատճառել որեւէ տնտեսական վնաս: Կառավարության նպատակն է պաշտպանել եկեղեցիների, ներդնողների եւ վարձակալների իրավունքները»:
Ակնհայտ է, որ հողային կալվածքների զավթման պայքար է գնում: Եթե պաղեստինյան հողակտորների զավթումը որպես ցուցիչ վերցնենք, ապա քրիստոնյա եկեղեցիները ավելի լավ ելք չեն կարող ակնկալել, մանավանդ երբ կոռումպացված հոգեւորականներ են առնչվում գործին:
Ճիշտ է, պատմականորեն Երուսաղեմի պատրիարքարանը ճգնաժամերի դեպքում աշխարհասփյուռ հայկական համայնքներին աջակցության խնդրանքով դիմել է, բայց երբեք պարտավորված չի զգացել թափանցիկ հաշվետվություն ներկայացնել այդ միեւնույն համայնքներին: Նաեւ ներկա պատրիարքի մտայնությունից է կախված այն, որ Հայ եկեղեցվո միասնությունը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ: Նուրհան պատրիարք Մանուկյանի անպատկառ հրապարակային ելույթներից մեկը նման իրավիճակի կամ մտահոգություն պատճառելու վառ ապացույց է:
Հոգեւորականների ձեռնհասության աստիճանական նվազումն ու անընդհատ աճող օրինական եւ անօրեն հարձակումները խոցելի են դարձնում պատրիարքարանը: Չենք կարող վստահ լինել, որ Ցեղասպանության եւ այլ արժեքավոր փաստաթղթերի ամբողջական հավաքածոն դեռեւս վտանգած չէ: Ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ էլ Էջմիածնի Մայր աթոռը իրավասու չեն հաշվետվություն պահանջելու: Այնպես որ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը, այսինքն մտահոգիչ:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
(Շար. 3 եւ վերջ)