Patriot-ների ձախողումը փոխհատուցելու միջո՞ց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հավելյալ զորաբաժին Մերձավոր Արեւելք ուղարկելու նախագծին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը ՙ պարզաբաներով, որ դա Սաուդյան Արաբիայի նկատմամբ Իրանի նախահարձակ քաղաքականության հակազդեցությունն է: Նրա խոսքերով, ամերիկյան լրացուցիչ զորքերի գործունեությունը կրելու է պաշտպանողական բնույթ եւ կենտրոնացած է գլխավորապես հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանության վրա: Էսպերն ասել է, որ ավելի վաղ Էր-Ռիադը խնդրել էր նման աջակցություն:
Ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը կփորձի ոչ միայն հավելյալ զորք ուղարկել, այլեւ արագացնել ռազմական տեխնիկայի առաքումը Սաուդյան Արաբիա եւ ԱՄԷ, որպեսզի ընդլայնի նրանց ինքնապաշտպանության հնարավորությունները: «Նախագահը չի ձգտում Իրանի դեմ պատերազմի, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստի ունի ռազմական տարբերակներ»:
Իր հերթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ասել է, որ ուղարկվող հավելյալ զորաբաժնի թվակազմը կլինի սահմանափակ եւ չի հասնի հազարների:
Էր-Ռիադը երկար տարիներ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկն է: Երկիրը ամերիկյան բանակի հենակետերից էր հակաիրաքյան պատերազմի ժամանակ. թագավորության տարածքից Պենտագոնն իրականացնում էր հետախուզություն եւ մարտական թռիչքներ դեպի Իրաք:
Իրաքում Սադդամ Հուսեյնի տապալումից հետո ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում զորքը Սաուդյան Արաբիայից, որտեղ մնացին միայն զինվորական հրահանգիչներ: Սակայն վերջերս Սպիտակ տունը ավելի ու ավելի հաճախ է դիմում Մերձավոր Արեւելքում իր զորաբաժինը մեծացնելու գաղափարին: Դրա առիթը ԱՄՆ-ի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից Թեհրանին հասցեագրվող մեղադրանքներն են:
Ինչպես նշում են փորձագետները, Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ որպես ամերիկյան զենքի գլխավոր գնորդներից մեկը: Էր-Ռիադը պաշտպանության վրա ծախսում է երկրի ՀՆԱ մոտավորապես 10 տոկոսը, իսկ պաշտպանական համաձայնագրերի նշականակալի մասը կնքվում է հենց Միացյալ Նահանգների հետ: Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիայի հետ ամերիկյան կորպորացիաների համագործակցությունը որոշ դժգոհություն է առաջացնում հենց ԱՄՆ-ում. Կոնգրեսի ստորին պալատը անցած ամռանը նույնիսկ ընդունեց բանաձեւ, որն արգելում է շարունակել զենքի մատակարարումները սաուդցիներին: Խոսքը պաշտպանական պատվերների վիթխարի ծավալների մասին է, քանի որ նախագահ Թրամփը 2017 թվականին կարողացավ համաձայնության հասնել Սաուդյան Արաբիային ընդհանուր առմամբ 110 մլրդ դոլար զենքի մատակարարման շուրջ:
Սակայն Էր-Ռիադը քննության է առնում զենքի ներմուծման նաեւ այլընտրական տարբերակներ: Այսպես, երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ սաուդցիները Ռուսաստանի հետ համաձայնության են եկել հ-400 զենիթահրթիռային համակարգերի երեք համալիրների մատակարարման շուրջ: Սաուդյան նավթային օբյեկտները հարձակումից չպաշտպանած ամերիկյան հակաօդային համակարգի խոշոր ձախողման պայմաններում Մոսկվայի հետ երկխոսությունը կարող է աշխուժանալ, կարծում են վերլուծաբանները: Էր-Ռիադի հետ ռազմական համաձայնագրերը պահպանելու ձգտմամբ է մասամբ բացատրվում այն արագությունը, որով Սպիտակ տունը համաձայնեց լրացուցիչ զորաբաժին ուղարկել թագավորություն, նշում են փորձագետները:
Russia Today-ին տված մեկնաբանության մեջ արեւելագետ Կարինե Գեւորգյանը նշել է, որ «ԱՄՆ-ը ամեն ինչ անում է ուրիշ երկրների անվտանգության հաշվին փող աշխատելու համար: Դա Թրամփի ակնհայտ ուղեգիծն է: Նա ավելի վաղ բացեիբաց հայտարարել էր, որ մտադիր է գործընկերներից հատուցում ստանալ նրանց պաշտպանությանն օժանդակելու դիմաց: Տվյալ խաղի մեջ նախագահը անընդհատ բարձրացնում է խաղադրույքները»:
Սակայն Մոսկվայի Պետհամալսարանի պրոֆեսոր, Մերձավոր Արեւելքի փորձագետ Ալեքսանդր Վավիլովի կարծիքով, զինամատակարարման պայմանագրերը պահպանելու ձգտումը Վաշինգտոնի գործողությունների բնավ էլ միակ շարժառիթը չէ: «Միացյալ Նահանգներին ձեռնտու է սրել լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում: Հենց այդ պատճառով Սպիտակ տունը ուշադրությունը բեւեռում է հակաիրանական արշավի վրա», պարզաբանել է Վավիլովը:
Իսկ ընդհանուր առմամբ Սաուդյան Արաբիայում հավելյալ զորքի տեղաբաշումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաոսային քայլերի շարունակությունն է, կարծում է պրոֆեսորը: Ներկայումս ԱՄՆ-ը վերադառնում է տարածաշրջան, բայց նման փոքր զորաբաժնով Միացյալ Նահանգները ի վիճակի չեն լինի էապես ազդել ուժերի հարաբերակցության վրա: Այնպես որ, սա ընդամենը խորհրդանշական քայլ է, որը կոչված է ցուցադրելու Սաուդյան Արաբիան պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը այն բանից հետո, երբ ամերիկյան Patriot համալիրները չկարողացան պաշտպանել սաուդցիների նավթակայանքները անօդաչու թռչող սարքերի գրոհներից, ընդգծել է փորձագետը:
Համանման տեսակետ է արտահայտում նաեւ Կարինե Գեւորգյանը , որը գտնում է, որ ԱՄՆ վարչակազմը Սաուդյան Արաբիայում եւ ԱՄԷ-ում հավելյալ ուժեր տեղաբաշխելու որոշումը կայացրել է սեփական հեղինակությունը չկորցնելու համար: «Իրանին հասցեագրված մեղադրանքները ենթադրում են ռազմական գործողությունների ձեռնարկում, բայց Միացյալ Նահանգները չեն ուզում պատերազմել: Այդ պատճառով իր մեղադրանքներն արդարացնելու համար ԱՄՆ-ը հավելյալ ուժեր է ուղարկում Սաուդյան Արաբիա», ամփոփում է Գեւորգյանը: