168․am-ը գրում է․ Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Թեև նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց համայնքներում տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է դառնում, որ պայքարը գրեթե բոլոր տեղերում թեժ է լինելու: Կան, սակայն, որոշ համայնքներ, որտեղ իշխանությունը ջանք չի խնայում իր թեկնածուին համայնքի ղեկավար կարգելու ուղղությամբ։ Դրանցից մեկն Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքն է, որի կազմում այս անգամ ընդգրկվելու է արդեն իսկ խոշորացված Արագածավան համայնքը։
168.am-ի Թալինի աղբյուրները դեռ գարնանն էին հայտնել սպասվող նոր ընտրությունների մասին, երբ իշխանություններն այդ մասին չէին էլ հայտարարել։ Ինչպես փոխանցում են համայնքի բնակիչները, վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալին համայնքի ղեկավարի թեկնածու Տավրոս Սափեյանն ակտիվություն է ցուցաբերել։ Քարոզարշավը դեռ չսկսած՝ ակտիվ հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների հետ, ոչ ուղիղ տեքստով, բայց խոստումներ տալիս է։
«Տավրոսը, որտեղ նստում-վեր է կենում, ասում է՝ բան չմնաց, նկատի ունի՝ համայնքապետ է դառնալու։ Ինքը շատ լավ գիտի, որ համայնքում իրեն չեն սիրում, հարգանք չի վայելում, բայց թե ինչի վրա է այդքան վստահ, կարծում եմ՝ կռահում եք։ Ինքը շատ լավ գիտի, որ Արագածավանն իր կոկորդին ոսկորի պես մնալու է, այնտեղ ինչքան փորձեց խաղեր տալ, չստացվեց։ Ճիշտ է՝ Արագածավանի ջահելների մի մեծ կազմ Փաշինյանին է աջակցում, բայց Տավրոսի մասին ամենավերջին բառերով են արտահայտվում․․․ Արագածավանում Տավրոսի դեմ մեծ ակցիա են պատրաստվում իրականացնել»,- ասաց Թալին համայնքից մեր զրուցակիցը, որը, սակայն, չակերտներ չբացեց։
168.am-ը կապ հաստատեց նաև Արագածավան համայնքի իր աղբյուրների հետ, նրանք էլ հաստատեցին, առաջիկայում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Տավրոսի դեմ գործողություններ են իրականացնելու․
«Մենք թույլ չենք տա, որ դա որպես համայնքապետ՝ մտնի մեր գյուղ, ուրեմն Արագածավանի բնակիչներն էդքան թասիբ չունե՞ն, որ Տավրոս ընտրեն․․․ Թող լավ գիտենա, իրա ոտքը մեր գյուղում չպետք է լինի։ Ամեն ինչի ձևերն էլ լավ գիտենք, գիտենք, թե էդ քվեատուփերը ոնց են կազմակերպում, ինչ են անում։ Եթե հույսը դրել է խախտումներով ձայն հավաքելու վրա, ապա չարաչար սխալվում է, աչքներս 4 արած՝ քվեատուփերը հսկելու ենք․․․»։
Դիտարկմանը՝ չէ՞ որ ձեր սիրելի վարչապետի, ՔՊ-ի թիմի թեկնածուն է, որոնց դուք նախորդ տարի վարդի թերթերով էիք դիմավորել, արագածավանցի երիտասարդներն ասացին․
«Որ ուզում եք ճիշտն իմանալ շատ հարցերում մենք փոշմանել ենք, բայց․․․ Սաղիս խաբել են՝ նույն Պապիկյանը, նույն Ալենը, ու այդպես շարունակ։ Այս անգամ նաև այս ձև ենք տրամադրված, որ իրենք իրենց քթին առնեն։ Մի խոսքով՝ մենք լինելով ՔՊ-ի աջակից՝ սեպտեմբերի 25-ին քվեարկելու ենք ընդդիմության օգտին, Արագածավանի մեծ մասը մերժելու է ՔՊ-ին՝ հանձին իր համայնքապետի թեկնածուի․․․»։