168.am-ը գրում է․
«Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զինված անձը ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք, նռնակ է նետել Մասիսի քաղաքապետի աշխատասենյակից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում:
168.am-ի հետ զրույցում Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հաստատեց տեղեկությունը։
«Անձը ներխուժել է քաղաքապետարանի վարչական շենք։ Ասում են` զինված է, պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանությունը գործողություններ է անում, մենք էլ շատ հեռու կանգնած ենք»,-ասաց Մասիս քաղաքի փոխքաղաքապետը։
Ըստ նրա` ներսում գտնվում է մեկ անձ, ով ներխուժել է քաղաքապետարանի շենք, և պահակը։
«Պահակի հետ հեռախոսազրույց ենք ունեցել։ Նորմալ է իր հետ ամեն ինչ։ Առաջին հարկում է գտնվում։ Այս պահին իրավիճակի վերահսկողությունը ուժային կառույցների ձեռքում է»,-ասաց Նորայր Հակոբյանը` հավելելով, որ չգիտեն` ով է ներխուժել քաղաքապետարանի շենք»։
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասիս խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ,
Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ:
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»