Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ազատության մեջ կհայտնվի 100 միլիոն դրամ գրավը մուծելուց հետո միայն: Այս որոշումը այսօր հրատապ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանն է կայացրել, նաև Հովսեփյանի նկատմամբ կիրառել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Օգոստոսի 9-ին «Նաիրի» ԲԿ-ում հետազոտելուց հետո, «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալու ճանապարհին Աղվան Հովսեփյանը ուշագնաց է եղել: Այդ պահին ունեցել է զարկերակային ցածր ճնշում և արյան մեջ գլյուկոզայի բարձր՝ 29 մմոլ/լ ցուցիչ:
Բժիշկները չեն բացառել, որ Հվսեփյանի մոտ իրավիճակի կրկնությունը կարող է հանգեցնել հիպերգլիկեմիկ կոմայի:
Պաշտպան Ալեքսանյանը գրավի չափի որոշումը թողեց դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը մինչ այդ շուրջ 1.5 տարի քննություն էր իրականացրել՝ առանց Հովսեփյանին հարցաքննության հրավիրելու։
Նրան միանգամից մեղադրանք են առաջադրել և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու, որ նա կարող է թաքնվել քննությունից։
Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: