ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Մոռացության չմատնել Հայրենական մեծ պատերազմի սխրանքն ու արդյունքը
Մայիսի 9-ին մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը: Տարեց-տարի մեր կողքին նվազում է այդ դաժան պատերազմի վետերանների թիվը: Այսօր Հայաստանում նրանք 287 են: Երկրի իշխանությունները եւ բազմաթիվ բարեգործներ նրանց նվերներ են մատուցում, ցուցաբերում ամենաբազմազան աջակցություն: Ցավոք, ավելի ու ավելի քիչ մարդիկ են ակտիվ հանդես գալիս այս օրը, չնայած մեր հասարակությունում բավականաչափ ժողովրդականություն սկսեց վայելել «Անմահ գունդ» շարժումը:
Կորոնավիրուսի համավարակը թույլ չի տա այս տարի ըստ արժանվույնս նշել Մեծ հաղթանակի օրը: Բայց գտնվել են բազմապիսի միջոցներ այդ օրը սեփական քաղաքացիական դիրքորքշումն արտահայտելու համար: Իրողություններ կան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի մոռացության տալ: Հայրենական մեծ պատերազմի, մեր նախնիների անօրինակ սխրանքի մասին տեղեկատվությունը այսօր ապրողներին օգնում է ճշտորեն կողմնորոշվել մեծ քաղաքականության մեջ, չդառնալ արհամարհանքի եւ ստորացման առարկա նրանց կողմից, ովքեր բոլոր ուժերով ձգտում են մոռացության տալ կամ ուրանալ այդ պատերազմի դասերը:
Ճշմարտություններ, որոնք չի կարելի մոռանալ
Հայրենական մեծ պատերազմը խլեց մոտ 27 միլիոն խորհրդային մարդու կյանք: Խորհրդային Միությունն իր վրա կրեց ֆաշիզմի դեմ պատերազմի հիմնական ծանրությունը: Նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներն ունեցան իրենց ներդրումը ընդհանուր հաղթանակում: Յուրաքանչյուրն իր ներուժի համեմատ, յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:
Այդ տարիներին խորհրդային Հայաստանը ռազմաճակատ ուղարկեց ավելի քան 300 հազար իր որդիների եւ դուստրերի: Եվս 200 հազար հայեր զորակոչվեցին բանակ այլ խորհրդային հանրապետություններից: Մոտ 100 հազար սփյուռքահայեր մասնակցեցին հակաֆաշիստական շարժմանը եւ մարտնչեցին դաշնակից բանակների կազմում: Մոտ 300 հազար հայեր ընկան մարտի դաշտում: Մեր ժողովրդի 107 զավակներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, եւս 27-ըՙ Փառքի շքանշանի լրիվ ասպետներ: Հայաստանը աշխարհին տվել է 4 մարշալ եւ մեկ ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, մոտ 70 հայազգի զորահրամանատարներ արժանացել են գեներալի եւ փոխծովակալի կոչումների: Մեր պապերն ու տատերը խորհրդային մյուս հանրապետություններից եկած զինակիցների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրայինայի, Բելոռուսիայի, Մեծ Բալթիկայի, Լեհաստանի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, նախկին Հարավսլավիայի, նախկին Չեխոսլովակիայի ազատագրության գործում: 89-րդ հայկական Թամանյան գվարդիական դիվիզիան միակն էր ազգային դիվիզիաներից, որ մասնակցեց Բեռլինի գրավմանը եւ հասավ Ռեյխստագին: Զոհվածների եւ վիրավորների թվով մեր ժողովրդի զոհերը այդ սարսափելի պատերազմում համեմատելի են Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ ուրիշ երկրների զոհերին: Սրանք ճշմարտություններ են, որ դեռ 30 տարի առաջ շատ լավ գիտեին մեր ավագ, միջին ու երիտասարդ սերունդները: Այս ամենով, իրավամբ, հպարտանում էր մեր ժողովուրդը: Սակայն այսօր, Մեծ հաղթանակից 75 տարի անց, մենք ափսոսանքով նշում ենք, որ մեր երիտասարդությունը եւ մասամբ միջին սերունդը, ավելի քիչ գիտե Մեծ հայրենականի պատմության, նրա արդյունքների մասին եւ չի համարում այս գիտելիքը արդիական: Սոցիոլոգիական հարցումները, որ մեզանում արվել են մի քանի տարի առաջ, պարզ վկայում են, որ չնայած ուսանողությունը ճիշտ գիտե, որ այդ պատերազմի հաղթանակում գլխավոր դերը պատկանում է Խորհրդային Միությանը (նրա իրավահաջորդը այսօր Ռուսաստանն է) միեւնույն ժամանակ դժվար են պատկերացնում, որ Հայաստանը նույնպես եղել է ԽՍՀՄ կազմում եւ ուրեմն Մեծ հաղթանակը ամբողջապես նաեւ Հայաստանի հաղթանակն է: Մեր քաղաքական ու հասարակական գործիչները վերջին տարիներին վկայում են, որ անհրաժեշտ է անկախ Հայաստանի երիտասարդությանը ավելի մեծ չափով ուսուցանել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը, ծանոթացնել այդ պատերազմի արդյունքներին ու հետեւանքներին: Հաղորդակից դարձնել նախորդ սերունդների անօրինակ սխրանքին եւ բացատրել այս գիտելիքի արդիական հնչեղությունը:
Հայ ժողովուրդը, որ նոր էր վերապրել ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, Հայրենական պատերազմին մասնակցում էր իր ամբողջ ուժով ու հնարավորություններով, որովհետեւ շատ լավ հասկանում էր, որ եթե խորհրդային բանակը պարտվեր Ստալինգրադի եւ Կովկասի համար ճակատամարտերում, թուրքական բանակը Երրորդ Ռայխի հետ համաձայնության արդյունքում պետք է հարձակվեր Անդրկովկասի վրա, եւ շատ անհասկանալի էր դեռ, թե կկարողանայի՞ն արդյոք Հայաստանում եւ Վրաստանում տեղակայված 26 սովետական դիվիզիաները կասեցնել նոր թուրքական հարձակումը: Այն տարիներին բոլորն էին հասկանում, որ դա իրենց պատերազմն է, եւ որ իրենք պաշտպանում են իրենց համար շատ կարեւոր արժեքներ: Այդպես էին մտածում նաեւ սփյուռքահայերը, ովքեր մասնակցում էին պարտիզանական, հակաֆաշիստական ընդհատակյա շարժումներին, հավաքում էին միջոցներ սովետական տանկային շարասյուների համար եւ նվերներ էին ուղարկում ռազմաճակատի զինվորներին: Նրանցից ոմանց անունները ոսկե տառերով են գրված իրենց երկրորդ հայրենիքի պատմության մեջ: Այսպիսով, հասկանալով, որ խորհրդային ժողովուրդը հսկայական զոհեր է կրել ֆաշիզմի դեմ պայքարում, մենք պետք է հասկանանք, որ մեր հայ ժողովուրդը շատ սոլիդ ներդրում է ունեցել Մեծ հաղթանակի կերտման գերդժվար գործում: Դա իրավունք է տալիս մեզ հպարտորեն կանգնել այն բոլոր մեծ ու փոքր ազգերի շարքում, ովքեր մասնակցել են ֆաշիզմի ջախջախմանը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների այժմեականությունը
Խորհրդային Միության փլուզման պահին շատ դժվար էր կանխատեսել, թե ինչպե՞ս է գլոբալ առումով փոխվելու ժամանակակից աշխարհը: Յալթա-պոդսդամյան համաձայնությունների արդյունքները, որոնք որոշում էին հետպատերազմյան աշխարհի իրողությունները, հանկարծ կամաց-կամաց սկսեցին դառնալ ոչ ակտուալ եւ արագորեն փոխվեցին Արեւմուտքի օգտին, որը կարծում էր, որ ջախջախել է ԽՍՀՄ-ը Սառը պատերազմում: ՆԱՏՕ-ն սկզբում մոտեցավ հետխորհրդային սահմաններին, իսկ այնուհետեւ պատրաստվեց իր շարքերն ընդունել Վրաստանն եւ Ուկրաինան: Սա նյարդայնացնում է Ռուսաստանին եւ ստիպում է նրան ամենատարբեր պատասխան միջոցներ ձեռնարկել, կարծելով, որ գլոբալ Արեւմուտքի հարձակողական ուժն իր դեմ է ուղղված: Բալթիայի երկրները, Վրաստանը եւ Ուկրաինան ձգտում են լռության մատնել խորհրդային ժողովրդի դեմ գործված որոշ հանցագործություններ եւ, ընդհակառակը, ավելի բարձր բարձրացնել իրենց ազգայնական գործիչներին, որոնք համագործակցել են ֆաշիստների հետ: Պարզ է, որ այս զգայուն ոլորտում Հայաստանը խոշոր հաշվով ավելի նպաստավոր է դիտվում, որովհետեւ մեր դպրոցական եւ բուհական դասագրքերը չեն դարձել վերանայումների ու վերագնահատումների զոհ, այլ ամբողջությամբ վերցրած, ճշմարիտ եւ պատշաճ են ներկայացնում Հայրենական պատերազմի նշանակությունը մեր ժողովրդի համար, մեր ժողովրդի մասնակցությունը նրանում:
Ի՞նչ է տալիս որոշ գործիչների հերոսացումը, որոնք մասնակցել են այս պատերազմին հակառակ կողմից: Մեր ազգային ընկալման մեջ առանձնապես ոչինչ, որովհետեւ դրանով չեն գնահատվում նրանք: Սակայն մի շարք հետխորհրդային նոր քաղաքական վերնախավերի ընկալմամբ դա կտրում է իրենց երկրների կապը ժամանակակից Ռուսաստանի հետ, դուրս է բերում իրենց երկրները ռուսական ավանդույթներից, «կախվածությունից», թույլ է տալիս նորովի ընկալել եւ բարձրաձայնել ետպատերազմյան իրողությունները, եւ ինչու չէ, ինչ-որ տեղ էլ նսեմացնել ժամանակակից Ռուսաստանը: Պարզ է, որ սա գաղափարախոսական պատերազմ է եւ այն ընդունել է հիբրիդային պատերազմների լիարժեք բնույթ, լարվածության մեջ պահելով ահռելի թվով մարդկանց: Մեր գիտնականները, այդ թվում շատ պահանջարկված մասնագետներ, ստեղծել են ծանրակշիռ գրականություն Հայրենական պատերազմում եւ հակաֆաշիստական շարժման մեջ հայերի մասնակցության վերաբերյալ: Նրանց հետազոտությունները հայերեն եւ ռուսերեն լեզուներով գնահատված են ըստ ամենայնի: Սակայն նորից անկախ Հայաստանն իր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ ստիպված է հաշվի առնել ոչ միայն նրանց կարծիքը, որը միանշանակ հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի, եւ Երկրորդ համաշխայինի արդյունքների նկատմամբ ավանդական վերաբերմունքի օգտին, այլ նաեւ նրանց, ովքեր ընդօրինակելով հակառուսական տրամադրված հասարակական եւ քաղաքական շրջանակներին կրկնում են, որ դա հայերիս պատերազմը չէր: Հայերը թնդանոթի միս էին: Հայերին ստիպել են կռվել եւ նրանք չունեին այլ հնարավորություն: Հայկական հիմնախնդիրները չեն լուծվել 1945-49թթ., երբ հնարավորություն ընձեռնվեց վերադարձնել Կարսի եւ Արդահանի մարզերը Հայկական ՍՍՀ կազմ: Յուրաքանչյուր միջազգայնագետ ուսանող Հայաստանում շատ լավ գիտե, որ հենց այդ պատերազմի վերջում ստալինյան դիվանագիտությունը նախաձեռնեց խորհրդաթուրքական սահմանի վերանայման հարցը եւ խորհրդային Հայաստանի վերոհիշյալ տարածքների վերադարձման խնդիրը, սակայն անգլիացիների եւ ամերիկացիների ճնշման տակ չհասավ հաջողության: Այդ հարցը վերջնականապես փակվեց 1953թ. Ստալինի մահից հետո: Շատերը ժամանակակից Հայաստանում կարծում են, որ այն տարիների ստալինյան դիվանագիտությունը, 1921-1923թթ. ողբերգական պայմանագրերից ու որոշումներից հետո, այդ անգամ էլ հաշվի չնստեց փոքրիկ Հայաստանի շահերի հետ:
Միասին մենք ավելի ուժեղ ենք
Չեմ պատրաստվում բարոյախոսության հոգեմաշ դասեր տալ «Ազգի» սիրելի ընթերցողներին: Ինչպես ասում են, առանց ինձ էլ ամեն ինչ պարզ է: Ի՞նչ կարելի է փոխել ժամանակակից հայկական իրողություններում: Կարելի է ավելի շատ աշխատել երիտասարդության հետ, ավելի հաճախ պատմել այդ մեծ պատերազմի մասին մերօրյա աշակերտներին եւ ուսանողներին: Կարելի է ստեղծել այնպիսի հասարակական-քաղաքական մթնոլորտ, որտեղ լուրջ քաղաքական ուժերը, իսկապես ազդեցիկ քաղաքական գործիչներն ու քաղաքացիական ակտիվիստները արտահայտվեին Հայրենական մեծ պատերազմի պատմության եւ արդյունքների հարցում դրական գիտելիքի ոգով եւ ճշմարիտ դիրքերից: Կարելի էր ավելի շատ բան անել թույլ չտալու համար մեր ընդհանուր պատմության մոռացությունը, ինչը հնարավորություն կտար տարբեր նոր խարդավանքներ կամ աշխարհաքաղաքական աճպարարություններ ձեռնարկելու: Մերօրյա Հայաստանը մերօրյա Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն է եւ ռազմավարական գործընկերը: Դժվար է պատկերացնել մերօրյա Հարավային Կովկասը առանց Ռուսաստանի կայունացնող գործոնի: Մերօրյա Հայաստանում մեկտեղվում են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդեցության վեկտորները: Շատ լավ է, որ Հայաստանի հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային միջնորդների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների) միջեւ չկան էական տարաձայնություններ: Մենքՙ հայ հասարակական ու քաղաքական գործիչներս, դասեր քաղած լինելով մեր պատմության ողբերգական էջերից, պետք է մեր աշխատանքն իրականացնենք այնպես, որ բանավեճերն ու դեբատները չվերածվեն քաղաքացիական ճակատամարտերի, որպեսզի Հայաստանը չդառնա առճակատման եւ փոխադարձ ոչնչացման համար հարթակ: Ավելի պարզ ասածՙ մեզ, ինչպես միշտ, պետք է ազգային միասնություն եւ քաղաքացիական համերաշխություն: Մեզ պետք է մթնոլորտ, որտեղ քաղաքական դեբատները ամեն ինչ չեն հանգեցնում ավերածության եւ ջարդուփշուրի, այդ թվում մեր անվտանգության հիմքերի:
Մայիսի 9-ին հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն Խաղաղության: Հավե՛րժ հիշատակ հերոսներին: Կեցցե՛ն հաղթած ժողովուրդները: Կեցցե՛ սերունդների կենդանի կապը: Ահա այս մտքերն են տիրում մեզ տոնական օրվա նախօրեին եւ, հասկանալի պատճառներով, այս տարի մենք չենք կարող նշել այս տոնն ըստ արժանվույնս եւ բարեկամներով, ընկերներով ու համախոհներով, ինչպես առաջներումՙ միասին: