Երկուսուկես ամիս է, ինչ ես քաղաքական հետապնդման պատանդ եմ։ Այս քրեական գործ կոչեցյալն ընդամենը ծխածածկույթ է, այստեղ քրեական գործ չկա. «Համախմբում» նախաձեռնության անդամ, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խոսքերն են, որ նա այսօր ասաց իր դեմ հարուցված քրեական գործի նախնական դատալսումների ժամանակ:
Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Չալաբյանի գործով նախնական դատական նիստը։
Դատավոր Մնացականյանը նախ դատավարության կողմերի ինքնությունը ճշտեց: Ի թիվս այլ հարցերի՝ դատավորը Ավետիք Չալաբյանից հարցրեց՝ արդյո՞ք նա ունի որևէ առողջական խնդիր:
«Կարծում եմ, որ բավարար է, եթե էս ամեն ինչը շատ երկար չտևի»,- ասաց քաղբանտարկյալ Չալաբյանը:
Ըստ Չալաբյանի՝ կա վարչախմբի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյան, ով իր ու իր ընտանիքի նկատմամբ հետապնդում է իրականացնում, բոլոր փաստերն աստիճանաբար դատական նիստերի ընթացքում կբացահայտվեն:
«Այդ ծխածածկույթի տակ մեր իրավապահ համակարգում գործող, այսպես ասած, կազմակերպված խումբն, իրականացնում է գործողություններ։ Ամեն անգամ փորձ է արվում օրենքը կամայական մեկնաբանելով՝ ինձ պահել կալանքի տակ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի, որովհետև այս դատավաճիռը երբևէ ուժի մեջ չի էլ մտնելու։ Բոլորը լավ հասկանում են, որ այստեղ չկա հանցակազմ, սա ֆաբրիկացիա է: Արվել է ապօրինի ձայնագրությամբ, հազար տեղից մոնտաժված, իրար կցված ու կպցրած, ընդ որում՝ ապօրինի կայքում, որի սեփականատերը վարչապետի օգնականն է: Դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել, ամեն ինչը կախված է երկու վկաների՝ շանտաժով, իմ աչքի առաջ տեղի ունեցած խոշտնագումներով, կիսատ-պռատ ստացած ցուցմունքներից ու դրանից հետո բազմաթիվ խախտումներից: Ինչ արժե իմ կալանքը երկարացնելը, երբ քննիչը գալիս ասում է, որ նախաքննական գործողություն չունի անելու, իսկ դատավորը գրում է, թե՝ 15 օրով երկարացնում է կալանքի ժամկետը, որպեսզի նախաքննական գործողություն կատարվի»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:
Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով այդ հոդվածն ապաքրեականացված է եղել, սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց և Չալաբյանի երկամսյա կալանավորման ժամկետը լրանալուց առաջ օրենսգրքում լրացում է կատարվել, վերը նկարագրված արարքը քրեականացվել է, եւ այդ պայմաններում՝ Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է: