Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հանձնարարականով խաչեր են խաչվելու

Աղբը, մետաղե ջարդոնները, քանդված ճանապարհները, քաղաքաշինական նորմերի հետ աղերս չունեցող շինությունները՝ հեչ, խաչերն ու խաչքարերը՝ մեջ.

   Փաշինյանին, փաստորեն, այնքան են անհագստացնում ճանապարհամերձ հատվածներում տեղադրված  խաչերը, որ դրանցով զբաղվելու իր հանձնարարականն, ի տարբերություն մյուսների (նա հաճախ է գործադրի նիստերին դժգոհել, որ իր ասածին լսող չկա),  կատարվում է անհապաղ:  Քաղաքաշինության կոմիտեն սկսել է խաչերի տեղադրման կանոնակարգման աշխատանքներն ու առաջին քննարկումն անցնացրել, որին մասնակցել են ներկայացուցիչներ առնվազն հինգ գերատեսչությունից:

 «Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին». ընթերցում ենք կոմիտեի կայքում:

  Փաշինյանի ցանկությունը կատարելու համար օրենքներ էլ են փոխելու: Շուտով աշխատանքային խումբ  կձեւավորեն, որ ավելի արդյունավետ գործեն:

     Հիշեցնենք՝ գործադրի ղեկավարին դուր չեն եկել նաեւ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողներն ու պուրակները. նա դրանք համարել է մռայլ վայր, որտեղ ոչ մի մայր իր երեխային զբոսանքի չի տանի:  Այս մասին, սակայն, առաջին փուլում դեռ չեն խոսում:  Տարբեր մարդկանց պատվին կանգնեցված արձաններին էլ է անդրադարձել, ու եթե հետեւենք նրա տրամաբանությանը, հերթը շուտով արձաններին էլ կհասնի:

      Փաշինյանն էլ արձան ունի Իջեւանում, որի գլուխն, ի դեպ մի քանի անգամ կտրել են: Առանց հանձնարարականի…