Հարավկովկասյան երկաթուղու ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբՙ ընկերությունում քննարկվում է գյումրեցի վարպետների ձեռքերով հիմնանորոգված մի էլեկտրաքարշը Համբարձում Ղանդիլյանի անունով կոչելու հարցը: ՀՀ երկաթուղու երկարամյա նախկին պետ, հմուտ կազմակերպիչ, վաստակավոր ինժեներ Հ. Ղանդիլյանի անվան հետ է կապված մեր երկաթուղու զարգացումը 1972 թվականից մինչեւ այդ երախտավոր գործչի եղերական վախճանը 1993 թվականին:
Համբարձում Ղանդիլյանի հարուստ աշխատանքային գործունեության մասին հիշյալ էջում բերված տեղեկություններից նշենք միայն մի երկուսը: Նրա ղեկավարման օրոք էլեկտրաֆիկացվել եւ ավտոմատացվել է հայկական երկաթուղու ամբողջ համակարգը: Լինելով իր գործի մեծ գիտակ եւ գերազանց կազմակերպիչՙ նա հանրապետությունում ծավալել է կայարանաշենքերի լայնածավալ շինարարություն, կառուցվել են երկաթուղային նոր ճանապարհներՙ Իջեւան-Հրազդանը Մեղրաձորի ութ կիլոմետրանոց թունելով եւ Մասիս-Նուռնուսըՙ Հրազդան գետի լայնաթռիչք երկհարկանի եզակի կամրջով…
Մեծ են Ղանդիլյանի ծառայությունները երկրաշարժի հետեւանքների վերացման ծանր գործում: Նրա հմուտ ղեկավարությամբ կարճ ժամանակահատվածում վերականգնվեց վնասված երկաթուղագիծը, որն աշխատեց աննախադեպ մեծ լարվածությամբՙ ապահովելով ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից ամեն օր աղետի գոտի ուղարկվող ապրանքների, բեռների փոխադրումն ու բեռնաթափումը:
«Կազմակերպչի ու ղեկավարի նրա հմտության շնորհիվ էր նաեւ, որ արագորեն վերականգնվում էին դիվերսիոն պայթեցումների հետեւանքով շարքից դուրս բերված կամուրջները եւ այն, որ շրջափակման բոլոր պայմաններում գործում էր Հայաստանը արտաքին աշխարհի հետ հաղորդակցող կապուղիներից մեկը»,- մասնավորապես նշվում է հրապարակման մեջ:
Ոլորտի մեծ գիտակ, անաչառ եւ սկզբունքային գործիչը չէր հանդուրժում կեղծիքն ու խաբեությունը, չէր կարող համակերպվել ժամանակի այն երեւույթներին, որոնք վնաս էին հասցնում հանրապետության տնտեսությանը: Եվ սա էլ ըստ ամենայնի պատճառ եղավ նրա դավադիր ահաբեկչական սպանությանը 1993 թվականի մայիսի 3-ի առավոտյանՙ աշխատանքի գնալիս: Մի մարդու, որը, ինչպես տեղին նշվում է, դեռ շատ անելիքներ ուներ նորաստեղծ հանրապետության տնտեսության վերականգնման եւ զարգացման գործում:
Գյումրիում, որտեղ իր միջնակարգ եւ երկաթուղային սկզբնական մասնագիտական կրթությունն է ստացել նա, կայարանամերձ նախկին Սեւյան փողոցը 2000 թվականին վերանվանվել է Համբարձում Ղանդիլյանի անունով, իսկ կայարանամերձ հրապարակի կենտրոնում գտնվող պուրակում 2002 թվականից կանգնեցված է նրա կիսանդրին: Քաղաքի հին երկաթուղայինները երանությամբ են հիշում նրա ղեկավարման տարիները: