ՄՀՕՋ-ի Վետերանների խորհրդի անդամ Մարինե Այրումյանի զույգ հեռախոսներն առավոտից չեն լռում: Նա անգիր արածՙ արդեն երեւի հազարերորդ անգամ պատասխանում է. «Այրումյանը լսում է: Բարեւ ձեզ, կարող եք ներկայանալ Մոսկովյան 5 հասցե, անձնագրով, եթե 18-55 տարեկան եք: Աշխատում ենք ժամը 11:00-ից մինչեւ երեկոյան ժամը 7-ը»: Սեղանինՙ նրա դիմաց, գրանցամատյանն է: Սենյակ են մտնում երեք երիտասարդ աղջիկներ: Ոստիկանության փոխգնդապետ Մարինե Այրումյանը հարցուփորձ է անումՙ ինչ կրթություն ու մասնագիտություն ունեն, քանի տարեկան են, կրակել գիտե՞ն: Աղջիկներն ուսանողներ են. մեկը բուժքույրական կրթություն է ստանում, մյուսըՙ իրավագիտական, երրորդը ապագա տնտեսագետ է: Եկել են անդամագրվելու կանանց կամավորական զորահավաքին: Երեքն էլ 18 տարեկան են: Տիկին Այրումյանը բոլորին նույն հարցն է տալիսՙ տանը բացի ձեզանից, քույր-եղբայր ունե՞ք: Տնեցիները գիտե՞ն, որ ուզում եք Արցախ մեկնել: Երեք աղջիկներից երկուսի տնեցիները տեղյակ էլ չեն, որ նոր-նոր չափահաս դարձած իրենց դստրիկները որոշել են ռազմաճակատ մեկնելՙ առանց իրենց տեղյակ պահելու, թաքուն, որովհետեւ չեն ուզում որեւէ մեկն իրենց որոշումը կանխի, իրենց հետ պահի բաղձալի նպատակից: Նրանք խնդրում են փոխգնդապետ Այրումյանին. «Գրանցեք մեր անունները, մի մտահոգվեք, եթե մերոնք իմանան էլ, միեւնույն է, կհամաձայնեն: Չհամաձայնեն էլ, մենք չափահաս ենք, ինքներս որոշում կայացնելու իրավունք ունենք»: Տիկին Այրումյանը, որի թոռները երեւի ճիշտ այս աղջիկների տարիքին են, գորովալից հայացքով գրկում է աղջիկներին, կիսաթաց աչքերով շոյում նրանց խելառ գլուխներն ու դողացող ձեռքով գրանցամատյանում գրում անուն-ազգանունները: Պատասխանՙ գնացեք, երեք օրից ձեզ կկանչենք, որ զինվորական պատրաստության դասեր անցնեք, կրակել սովորեք ու մեկնեք Արցախ: Կամավոր կանանց ու հատկապես աղջիկների մի մասը կրակել գիտե. իրենց այդ առավելության մասին հպարտորեն են հայտնում տիկին Այրումյանինՙ փորձելով համոզել, որ հենց իրենց տանեն Արցախ: Մոսկովյան 5 հասցեի դուռն ամբողջ օրվա ընթացքում չի փակվում: Շենքի հարակից տարածքը խիստ մարդաշատ է, բայց դեռ հեռվից կարելի է անսխալ գուշակել, թե շենքին մոտեցողներից ով է հատկապես ՄՀՕՋ-ի Վետերանների խորհրդիՙ տիկին Այրումյանի սենյակը փնտրումՙ կամավոր գրանցվելու համար: Գալիս են պարզ հագնված, հայացներըՙ ջինջ, աչքերումՙ նվիրում ու հաղթանակ ծրարած աղջիկներ: Թռչկոտելով բարձրանում են աստիճանները, Այրումյանին համոզում, որ իրենք հաստատ պետք կգան Արցախում, պատրաստ են կարտոֆիլ մաքրել, վիրավորներին խնամել, վիրակապ փոխել, լվացք անել, բայց ավելի շատ ուզում են կրակել, մարտերին մասնակցել: Համոզում են, երազում են, պնդում են…սպասում են, որ երեք օրից կզանգեն ու հենց իրենց կընտրեն կամավորականների ջոկատ կազմելու համար: Պաթոս չկա, արցունք չկա, կոչեր չկան, հայրենիքը ճռճռան բառերով սիրելու ցուցադրումներ չկան: Ուրիշ սերունդ է եկել: Ուրիշ աղջիկներ ենՙ անհարկի ամոթխածությունից քողազուրկ, միտքըՙ լեզվի ծայրին, ոչ թե հոգու խորքերում հազար փակի տակ պահած, հաստատակամ, հատու ու անասելի, անչափելի պարզ ու շիտակ: Սենյակ է մտնում միջին տարիքի կին ու առաջարկում. «Ես նկարչուհի եմ, Արցախ մեկնել չեմ կարող, բայց Արցախից Հայաստան եկած երեխաներին կարող եմ նկարչության դասեր տալ: Նկարելն օգնում է դուրս գալ սթրեսից, արցախցի երեխաներին դա շատ է պետք, ինձ էլ նկատի ունեցեք, հենց պետք լինեմ, կանչեք»: Ոստիկանության փոխգնդապետը մի ձեռքով հեռախոսազանգերին է պատասխանում, մյուսով կանանց ու աղջիկների անունները գրանցում: Կամերային երաժշտության տան այգին անսովոր մարդաշատ է: Սրճարանը դատարկ է, իսկ ծառերի տակ հարյուրավոր արկղեր են դրված, մի շարքի վրա գրված էՙ ծխախոտ, մյուսի վրաՙ ծածկոցներ, երրորդ շարքը դեղորայքինն է: Տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Արցախ ուղարկվելիք օգնությունն են տեսակավորում, տեղավորում համապատասխան արկղերում, հետն էլ նամակ ու բացիկ գրում, գցում արկղերը. «Պինդ կացեք, ձեր ցավը տանեմ», «Ախպերս, կներես, դեռ 14-ս չի լրացել, թե չէ մի օր էլ չէի մնա Երեւանում», «Տղերք, մեռնել չկա, շուտ եկեք, որ պսակվենք», «Տղերք, զոհվել չկա, եկեք, թե չէ տունը կմնանք»… Սուպերմարկետից դուրս եկող տատիկը մի քանի սիգարետ է դնում մեծ արկղի մեջ. յոթ-ութ տարեկան մի աղջնակ մոր պայուսակից թիթեղյա տուփերով պահածոյացված միս ու ձուկ է հանում, տեղավորում արկղերում: Մի տղամարդ մոտեցավ, ութ-ինը տարեկան որդու ձեռքը բռնած: Տղան դպրոցական պայուսակից կավե արջուկ հանեց ու պլզած աչուկներով նայեց իր առջեւ կանգնած բարձրահասակ երիտասարդին: «Խաղալի՞ք ես բերել արցախցի երեխաների համար, ապրես: Արջուկդ դիր այ այն արկղի մեջ, որի վրա գրված է խաղալիքներ: Անպայման կտամ քեզ նման փոքրիկ մի տղայի»,-ասաց երիտասարդն ու շոյելով խառնեց տղայի մազերը: «Սա խաղալիք չի, իմ կասսն է: Մեջը փող կա»,- ասաց տղան: Երիտասարդը կավե արջուկը վերցրեց տղայի ձեռքից, միջի դրամները շրխկացին ու զնգացին: Նա կռացավ ու հավասարվեց իննամյա տղային: «Քո կասսն ես բերե՞լ»: Տղան գլխով արեց ու պատասխանեց. «Էս փողով ինչ ուզում եք առեք մեր զինվորների համար: Բայց ավելի լավ կլինի տանկ առնեք: Բայց էսքանը տանկին չի հերիքի, չէ՞: Պապ, մի քիչ էլ դու տուր էլի, էսքանը տանկին չի հերիքի»,- հորը խնդրեց տղան: Երիտասարդը գրկեց նրան, բարձրացրեց գլխից վեր ու բացականչեց. «Քո հավաքած փողով ինքնաթիռ ենք առնելու, ինքնաթիռ, ախպերս»: Ու ինքնաթիռի պես օդում պտտեցրեց իննամյա տղային: Կավե արջուկը ձեռքից ձեռք անցավ. ջահել աղջիկ-տղաները հերթով չխկչխկացնում էին միջի փողերն ու զրնգուն ծիծաղում: Նրանք շրջապատեցին փոքրիկին, սկսեցին կատակներ անել հետը, զրուցել: Կավե արջուկը նրանք դրեցին մի մեծ արկղի մեջ, արկղն ամուր փակեցին ու վրան գրեցին. «Ինքնաթիռ. Աշոտիցՙ Արցախին»: |