Վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ. այս մասին իր խոսքում ասաց փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
Անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ հրդեհների դեպքերն ավելացել են 34 տոսոկով. եթե նախորդ տարի գրանցվել է 169 դեպք, ապա այս տարի գրանցել է 277-ը։ Ընդհանուր առմամբ, անցած տարվա համեմատությամբ՝ հունիս և հուլիս ամիսների 1-17 ընկած ժամանակահատվածում հրդեհները 25 տոկոսով նվազել են, անցած տարի հուլիսի 1-17-ը գրանցվել է հրդեհի 525 դեպք, այս տարի՝ 395-ը։ Աճը գրանցվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
Հրդեհների մեծամասնությունը եղել է խոտածածկ և բուսածածկ տարածքներում։ Մեծ մասամբ հրդեհները բռնկվել են մայրաքաղաք Երևանում, Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերում։ Տուժածներ և զոհեր, բարեբախտաբար, չունենք։
Ամեն ինչ հսկողության տակ է, ԱԻՆ-ում ուժերը և միջոցները բավարար են. հավաստիացրել է ԱԻՆ ներկայացուցիչը։