1920-ին բոլշեւիկյան Ռուսաստանն էլ վերահաս պարտությունից փրկել էր քեմալականներին
Թեեւ նոյեմբերի 10-ին Պուտինի նախաձեռնած եռակողմ հայտարարությունն առայժմ դադարեցրել է ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, սակայն այս փաստաթուղթը Շուշիի գլխավորությամբ Աղդամը, Քարվաճառը եւ Լաչինը Ադրբեջանին հանձնելուց զատ, ոչ այնքան հարցեր է լուծում, որքան առաջացնում է հարցականներ: Դրանց մեջ, թերեւս, կարեւորագույնը արցախահայերի կյանքի ապահովությունն է, անկախ Իլհամ Ալիեւի երաշխիքներից, որը պատերազմի ընթացքում ամենեւին չի թաքցրել արցախահայությանը բնաջնջելու իր նկրտումը, անխնա ավերել է Արցախի գյուղերն ու քաղաքները, սպանել ավելի քան 60 խաղաղ բնակիչ, այն էլ ժնեւյան կոնվեցիայով արգելված կասետային եւ ֆոսֆորային ռումբերով:
Հատկանշական է, որ այս չարագործությունների համար ոչ Պուտինը, ոչ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնիսկ հարկ չհամարեցին գեթ մեկ անգամ դատապարտել Իլհամին: Նրանք նույնիսկ չեն դատապարտել ռուսական ուղղաթիռի խոցումը Նախիջեւանից, որը երկու ռուս օդաչուի սպանության պատճաո դարձավ: Գալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմի հրահրելուց, հակամարտության գոտի ահաբեկիչ վարձկաններ տեղակայելուց, սրանց շարքը ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշտապես համալրելուց զատ, ադրբեջանական բանակն էլ համալրեց թուրքական հատուկ ջոկատայիններով, որ դրա ղեկավարումը հանձնի թուրք հրամանատարներին:
Պուտինն ու Լավրովը երբ քար լռությամբ շրջանցեցին նաեւ այս ամենը, առանց դատապարտելու, Էրդողանը, զգալով, որ խրախուսվում է, սկսեց բացեիբաց հայտարարել «1915-ին կիսատ թողած գործը Հայաստանում ավարտին հասցնելու» իր մտադրության մասին: Ցեղասպանության քարոզումը, ըստ ՄԱԿ-ի «Ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժման» կոնվենցիայի, հանցագործություն է մարդկության դեմ: Էրդողանը, սակայն, ոչ թե քարոզում, այլ դրա իրագործման պատրաստակամություն էր հայտնում, ընդ որումՙ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանում:
Մինչ Էրդողանը ցեղասպանության սպառնալիքի տակ էր դնում Հայաստանին, հանկարծ Պուտինը հոկտեմբերի 22-ին «Վալդայ» ակումբում Էրդողանին հռչակեց «լավագույն ընկեր», պատճառաբանելով, թե «նրա հետ բոլոր հարցերը հնարավոր է լինում կարգավորել արագ եւ արդյունավետ, ի տարբերություն օրինակ Եվրոպայի»: Դա ՌԴ նախագահին ակամա դարձրեց Էրդողանի հանցակիցը: Այնուհետեւ Պուտինը խոսեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Թուրքիային ներգրավելու անհրաժեշտության մասին, ընդառաջելով Էրդողանին, որքան էլ դրանք միջազգայնորեն ծավալվեին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների իրավասության տակ:
Քանի որ Պուտինը չի ասել, ուստի չգիտենք «1915-ին կիսատ թողած գործը Հայաստանում ավարտին հասցնելը» պատկանո՞ւմ է Էրդողանի հետ «արագ եւ արդյունավետ կարգավորվող» հարցերի թվին, թե՞ ոչ: Բայց որ նա հոկտեմբերի 29-ին ՎՏԲ կապիտալ ներդրումային ֆորումում, «INTERFAX.RU»-ի վկայությամբ, Լեռնային Ղարաբաղը համարեց «բուն ադրբեջանական տարածք», ընդգծելով, թե Ադրբեջանը իրավունք ունի վերադարձնելու իր տարածքները, ակնհայտ է: Գուցե դրա համար, որ մինչեւ նախորդ դարի 30-ական թթ. սկիզբները հազար դարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի հրոսակին եվրոպական մեծ տերությունների ղեկավարներն ու գիտնականներ, ինչպես օրինակ Ուինստոն Չերչիլը կամ «Կապուտ գրքի» համահեղինակ Ջեյմս Բրայսը, կոչել են Կովկասի թաթարներ, որովհետեւ հրոսակն այդ ժամանակ էթնոնիմ չունենալու պատճառով դեռ ադրբեջանցի չէր կոչվում:
Շնորհիվ ԽՍՀՄ-ի «ժողովուրդի» կերպարանք ընդունած այս հրոսակի մասին արտահայտվելիս, դրան Կովկասի թաթարներ են անվանվանել նաեւ բոլշեւիկյան հեղափոխության առաջնորդները Լենինի գլխավորությամբ: Այսինքն, որպեսզի Ղարաբաղը համարվի բուն ադրբեջանական տարածք, աշխարհի երեսին գոնե ադրբեջանցի պիտի լիներ, այնինչ ընդամենը եղել են Կովկասի թաթարները: Պուտինը հազիվ թե չիմանար այս ամենի մասին: Նա, պարզապես, Արցախը բուն ադրբեջանական տարածք էր համարում, որ Ադրբեջանի գերիշխանությանը հանձնելու հնարավորություն ստանար, որը նա ստացավ նոյեմբերի 10-ի փաստաթղթով:
Ի դեպՙ Արցախի հանձնումն Աղրբեջանի գերիշխանության, որպես նախապայման, Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար դեռեւս 1991-ին էր առաջադրել Հայաստանին: Այսինքն. որքան էլ երկրում փոխվեն իշխանությունները, թուրք դեկավարների թշնամանքը հայերի եւ Հայաստանի նկատմամբ մնացել է անփոփոխ: Հետեւաբար թշնամանքի առումով նախորդներն Էրդողանից առանձնապես չեն տարբերվել, չհաշված սանձարձակությունը: Դա միանգամայն վերաբերում է նաեւ «Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստանի եւ հայկական զորքերի լիակատար դուրսբերմանը», ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններին Թուրքիայի մասնակցությանը, Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ Թուրքիայի ցամաքային կապն ապահովելու Էրդողանի առաջադրանքներին:
Թերեւս թուրքական այս թշնամանքն էր պատճառը, որ Թուրքիայի ղեկավարները, անկախ միջազգային ջանքերից, մշտապես ձախողեցրել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անխտիր բոլոր նախաձեռնությունները: Համենայն դեպս, 1993-ի ապրիլին Շուշիի ազատագրումից եւ Լաչինի միջանցքի բացումից հետո, երբ հայ ազատամարտիկները շարժվել էին Ֆիզուլի, նախագահ Թուրգութ Օզալը , հանդես գալով «հայերի առաջխաղացունը թուրքական ռազմական ուժերով կասեցնելու» հայտարարությամբ, միաժամանակ ակնարկել էր Հայոց ցեղասպանության մասին եւ ասել. «Հայերը դասեր չեն քաղել Անատոլիայում կրած փորձությունից»: Նրա ռազմատենչ հայտարարությունների հիման վրա Անկարայի պաշտոնական շրջանակները քննարկել էին Հայաստանի հանդեպ «Կիպրոսյան տարբերակի» կիրառման հարցը, որը ենթադրում էր հանկարծակի հարձակում եւ Հայաստանի արագ գրավում: Նույն թվին Ձախ ժողովրդավարական կուսակցության նախագահ Բյուլենտ Էջեւիթը Մեջլիսի ամբիոնից Մեղրին զենքի ուժով գրավելու պահանջ էր ներկայացրել թուրքական կառավարությանը: Մինչ այդ, 1992 թ. մարտին «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Մեսութ Յըլմազը նշել էր, որ Թուրքիան միջազգային համաձայնագրերից բխող իրավունքներ ունի, առանց Թուրքիայի համաձայնության չի կարող փոփոխության ենթարկվել Ադրբեջանի կարգավիճակը:
Էրդողանի նախորդների մեջ ամբարտավանությամբ, թերեւս, առանձնանում է Սուլեյման Դեմիրելը : Նա, նկատի ունենալով Եվրոմիության տրամադրած հացահատիկի Թուրքիայի տարածքով փոխադրումը Հայաստան, 1993-ին լկտիաբար հայտարարել էր. «Իրենց կերակրող ձեռքն են կծում: Ապերախտին հաց չեն տալիս, անձրեւոտ օրերին նրանց ջուրն անգամ ափսոս է»: Ընդ որում Հայաստանը հացահատիկի փոխադրման դիմաց թուրքական իշխանություններին վճարել էր 300 հազար դոլար: Մեկ տարի առաջ, նույն Դեմիրելը վարչապետի կարգավիճակով «անիծյալ սեպ» էր անվանել Հայաստանը, այն էլ Թեհրանում: Հատկանշական է, որ մոլի պանթուրքիստ Յուսուֆ Ակչուրան էլ 1920 թ. հունվարի 29-ին Ստամբուլի համալսարանի ամբիոնից Հայաստանը ոչնչացնելու կոչով դիմել էր ներկաներին, թե Դաշնակիցները ուզում են նրան իբրեւ թումբ կանգնեցնել Անատոլիայի եւ Կովկասի թրքության միջեւ:
Գալով Մուստաֆա Քեմալին, ապա նա ուղիղ 100 տարի առաջ, 1920 թ. նոյեմբերին բոլշեւիկյան Ռուսաստանից ստացած զենքի, զինամթերքի եւ 10 մլն ռուբլու դիմացՙոսկով, շնորհակալական հեռագիր էր հղել Լենինին: Ոգեւորված Ռուսաստանի աջակցությամբ, Մուստաֆա Քեմալը, որ դեռ Աթաթուրք չէր դարձել, Ալեքսանդրապոլի վրա շարժվող Քյազիմ Կարաբեկիրին հրամայել էր. «Բարոյապես եւ ֆիզիկապես ոչնչացնել Հայաստանը»: Որքան էլ բոլշեւիկները Մուստաֆա Քեմալին փրկեին վերահաս պարտությունից, այնուամենայնիվ նրան, ինչպես Պուտինը Էրդողանին, «լավագույն ընկեր» չհռչակեցին, ոչ էլ տուրք տվեցին վերջինի նկրտումներին:
«Լավագույն ընկերը» դեռ մի կողմ, ՌԴ նախագահը պատերազմի 44 օրերի ընթացքում «արցախահայերին բնաջնջելու» կարգախոսով առաջնորդվող Ալիեւին ընդառաջել, իսկ «1915-ին կիսատ թողած գործը ավարտին հասնելու» նպատակ հետապնդող Էրդողանի հետ սերտորեն համագործակցել է, նույնիսկ պատրաստակամություն է հայտել, որ ներգրավի ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում: «Մեկ ազգի երկու պետություն» կարգախոսը ինքնին, Էրդողանին արդեն կողմնակալ է դարձնում: Էլ չենք խոսում հակամարտության գոտի նրա տեղափոխած ահաբեկիչ վարձկանների, ռազմական գործողությունների դադարեցումը համառորեն մերժելու դրսեւորումների մասին: Էլ ինչ պետք է աներ Էրդողանը, որ դեռ չի հասցրել անել , որպեսզի բացառվի բանակցային գործընթացին նրա մասնակցությունը: Եթե Պուտինը մտածում է Էրդողանի աջակցությամբ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային դուրս մղել Մինսկի գործընթացից, ապա վերջիններս դա նրան թույլ չեն տա, որովհետեւ խնդիրը ոչ միայն արցախահայությունն է, այլեւ համանախագահող այս երկրների արժանապատվությունն ու հեղինակությունը, որոնք արդեն սկսել են վիճարկել Պուտինի միանձնյա որոշումով ստորագրված նոյեմբերի 10-ի հայտարարության նպատակահարմարությունը:
Եռակողմ այս փաստաթուղթն ավելի քան վիճարկելի պետք է լինի պատերազմի հետեւանքով Հայաստան ապաստանած արցախահայերի անվտագության առումով: Ակնհայտ է, որ Շուշիից ապաստանածներն այլեւս չեն վերադառնա հայրենի քաղաք: Ստեփանակերտից, Հադրութից եւ այլ քաղաքներից ապաստանածներն էլ Իլհամին չեն հավատում, ուր մնաց հավատան հայատյացության անասնական բնազդով տառապող այս ստահակի անվտանգության երաշխիքներինՙ: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, հարկ է նշել, որ 1988-90 թթ. հայերի զանգվածային բռնաբարություններով եւ ողջակիզումներով ուղեկցվող Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի, Շահումյանի եւ Գետաշենի հայկական ջարդերն ադրբեջանցի հրոսակը իրագործել է խորհրդային բանակի ռուս զինվորների աչքի առջեւ:
Հրադադարը չեն հաստատում հայատյաց ստահակներից մեկին ջախջախումից փրկելու, վերածելով նրա պարտությունը հաղթանակի, իսկ մյուսի հետ համագործակցությունը շարունակելու համար: Եթե նույնիսկ հաստատվի, միեւնույն էՙ դա խաղաղություն չի բերի, առավելագույնս կհիմնավորի ռուսական «ասա ով է ընկերդ, ասեմՙ դո՛ւ ով ես» ասույթի ճշմարտացիությունը հաստատողի համար: