Ասելիքս այս օրերին հատուկ սպասվածից էլ առավել հուսալքություն առաջացնող չընկալվելու միտումով մի հետաքրքրական պատումով սկսեմ: Հանճարեղ Սերգեյ Փարաջանովն իր հերթական ու սովորական նեղ օրերից մեկում մտերիմ ընկերներից մեկի այն հարցին, թե ինչ միջոցներով է գոյատեւում, ամենայն լրջությամբ պատասխանում է.-Հռոմի Պապը տաղանդս հարգելով որոշակի ժամանակահատվածներում ադամանդներ է նվիրում, դրանք վաճառում եմ ու առօրյաս վայելում:Այս զրույցը մի այլ անգամ կրկնվելուց հետո համարձակ ծանոթներից մեկը նկատում է. – Հարգելի Սերգո, բայց չէ՞ որ նման բան չկա: Փարաջանովն իրեն հատուկ հանգստությամբ պատասխանում է:- Բայց կարող էր, չէ՞, լինել:Կարող էր.- բարեփոխման խոստումնալից ակնկալիք, ցավոքՙ մինչ օրս անկատար:Այնպես որ հիմա հետեւեք ասելիքիս ու նախորդ դարի 60-70-ականներից տեղափոխվենք 90-ականներ: Գրեթե ազգովին մերժեցինք համայնավարությունը, համակարգային փոփոխություններ իրականացրինք, հողը գյուղաբնակին տվինք, քաղաքաբնակին էլ անհատույց իր զբաղեցրած բնակարանը հատկացրինք, բոլորին պետության ունեցվածքին համապատասխան վաուչերներ բաժանեցինք, մեզ պարտադրված պատերազմում էլ հաղթեցինք ու… չգիտես ինչու աղքատության մատույցներում հայտնվեցինք: Հաջորդ տասնամյակի սկզբում սկսեցինք ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր մշակել, որը 2003-ին օրվա իշխանությունն ի լուր հայաստանաբնակներիս ընդունեց ու գործողության մեջ դրեց. աղքատ դասվող 50 տոկոս բնակչությունը տասնամյակի ավարտին պետք է կազմեր 30 տոկոս: Թե ինչ արդյունքներ ունեցանքՙ դժվար չէ գուշակել, հատկապես հերթական ՀՀ նախագահի գաղջ միջավայրում ապրելու գնահատականի ֆոնին:Այսպես տասնամյակները գլորվեցին, մեր երբեմնի բախտակից մերձբալթյան հանրապետությունները թռիչքաձեւ զարգացան, հայաստանյան հերթական իշխանությունն էլ իր հպարտ հռչակված հանրությանը կանգնեցրեց մղձավանջի ու արհավիրքի առջեւ. փաստեմՙ անգամ անհավանական հոռետեսական կանխատեսումներում չուրվագծվող:2021-ը հերթական տասնամյակի սկիզբն է, ուզենք թե ոչՙ ակնկալիքների ենք տրվելու: Առաջններից մեկը գործող վարչապետի օրեր անց լրացող կառավարման 1000-րդ օրվա իրողությունն է: Ամբողջ հազար օր եւ ի՞նչ… Ձախողումների մի շարան, երբ թե իրավական ոլորտը տապալվեց, թե՛ տնեսությունը շնչահեղձ եղավ, թե՛ քաղաքական կողմնորոշումները չհստակեցվեցին: Այս ամենն անամոթաբար ուղեկցվեց բարձրագույն իշխանավորների աշխատավարձերի աննախադեպ բարձրացումով, պարգեւավճարների անհավանական սահմանումներով, իմաՙ այսկերպ խթանվելու էր կառավարման արդյունավետ իրականացումը: Ավա՜ղ, նախարարներն ու մարզպետները հաջողությամբ տապալեցին ինչ կարող էին: Հիմնականում ներմուծմամբ գոյատեւող ՀՀ տնտեսությունը գնաճի միջավայրում էր հեւում, իսկ հանրությանը հրամցվում էր գնաճի կառավարելիության ինչ-ինչ լավատեսական ցուցանիշներ: Այսպես սուտը դարձավ գործունեության չափանիշ, նորին մեծություն, որին հարկ էր անվերապահ երկրպագել:Ահա մեր անձուկ օրերի տխուր պատկերը, որը կարծես շարունակվելու հակում ունի: Ինչ-որ բան արտադրելը ՀՀ տնտեսությունից օտարվել է, իշխանավորների միակ խորհուրդն է թուրքականի փոխարեն նոր մատակարար երկրներ փնտրել, արտագաղթողներին էլՙ կայուն արտարժույթով երկրներ մեկնել ու այնտեղ վաստակածով ընտանիքների գոյատեւումն ապահովել: Թերեւս այս ամենում միակ մխիթարանքը առեւտրի ոլորտից ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտնված Վահան Քերոբյանը եղավ, որ ոչ ավել ոչ պակաս հայտարարեց. 2021 թվականին ՀՀ-ում երկնիշ տնտեսական աճ է խոստանում: Առայժմ թաքցնում է, թե ո՞ր եռամսյակում ինչ ցուցանիշ է կանխատեսում եւ ո՞ր ոլորտներում է ճեղքում արձանագրելու: Թող գաղտնիք մնա, միայն թե իրականանա: Կարծես կարեւոր չէ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, պետական եկամուտների կոմիտեն, այլ կառույցներ առավել համեստ, 2-3 տոկոս աճ են կանխատեսում: Կարեւորը ինքն է, տարվա համար 4-5 մլրդ դոլար ներդրումային խոստումներով:Մեր հայրենակիցները լսում էին նախարարին ու մտորում. համաշխարհային տնտեսական հսկաները արդեն հայտարարել են տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման մասին, գործերը բարվոք չեն մեզ բարեկամ փոքր ու մեծ երկրներում, աննշան են հույսերը սիրիահայերից ու լիբանանահայերից, էլ ո՞վ մնաց, ո՞վ: Հա, ՀՀ բանկերի մեր ավանդատուները իրենց 8 միլիարդ դոլարի հասնող միջոցներով: Բայց նրանք ոչ մի ցանկություն չունեն հիմնականում դոլարներով ու եվրոներով իրենց ավանդները բաժնետոմսերով փոխարինելու առումով, քանզի իշխանությունը իրատեսական որեւէ ծրագիր չի առաջարկում: Դե ինչպես չհիշենք հալվա-հալվա ասելով բերանը չի քաղցրանում ասացվածքը: Ճիշտ է, նախարարը հարցազրույցներից մեկում խոսեց հավի մսի 120 մլն դոլարի հասնող արտադրության անհրաժեշտությունից թե՞ հնարավորությունից, ցավոք չմանրամասնելով, թե ինչպես են մեր արտադրողները երկար ամիսներ թռչնանոցները ջեռուցելու, կերերը, բուժամիջոցներն ու սարքավորումները ներկրելու պարագայում մրցակցելու այդօրինակ խնդիրներ չունեցող, ասենք բրազիլացի գործընկերների հետ, որոնց արտադրանքը հիմա էլ ՀՀ առեւտրային ցանցում վաճառվում է տեղականի կես գնից էլ պակաս: Ի վերջո էապես թանկ տեղական արտադրանքը 120 մլն դոլարին համապատասխան գնորդ ունի՞ արդյոք, երբ հանրության նոր շերտերին գնողունակության անկում է սպասվում աղքատության ընդհանուր աճի պայմաններում: Հարցեր, հարցեր, որոնց պատասխանները գտնել է պետք, եթե իհարկե ցանկություն լինի:Այսպես էլ ապրում ենք, անձուկ օրերի ու ինչ-որ մխիթարանքի հույսի պայմաններում: Իսկ իրական մխիթարանքը շարունակում է մնալ ՀՀ առաջին նախագահի խոսքը Մխիթարյանի, մեր Հենոյի մասին: Ազգովին քեզ հետ ենք, մեր լավ ավագ, շարունակիր փոխանցումներ անել ու գոլեր խփել… նաեւ հավաքականի կազմում: Ազգայինը քեզ ու մեզ համար գիտենք ի՜նչ է:11.01.2021 թ. |