ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, Փարիզ
Թուրք դեմոկրատ մտավորական Ջենգիզ Աքթարը 2000-ական թվականներին եռանդուն մասնակցություն է ունեցել հայ-թուրքական երկխոսություններին եւ իր երկրի ժողովրդավարականացման գործընթացներին: Գաղթելով Հունաստան, որտեղ դասավանդում է Աթենքումՙ նա հրատարակել մի ուշագրավ էսսեՙ Թուրքիայի ցավոտ խնդիրների եւ Արեւմտյան Եվրոպայի հետ նրա չստացված հանդիպումների մասին (Ջենգիզ Աքթար, Թուրքական խռովք, Empreinte, 2020):
«Ֆրանս-Արմենի».- 2000-ական թվականների սկզբին ծագող աստղ, եվրոպական ակումբի հավակնորդ, հատկապես արդարության ու բարգավաճման ձգտող մահմեդական երկրների համար օրինակելի մոդել լինելուց հետո ո՞վ կարող էր կանխատեսել Թուրքիայի վերջին տարիների փախուստը դեպի առաջ: Այդ ժամանակ դուք Թուրքիայի մի խումբ մտավորականների հետ հավատում էիք երկրի ժողովրդավարականացմանը վերեւից եւ Եվրոպայի հետ: Ի՞նչ քննադատական արդյունք կարելի է արձանագրել այսօր :
ՋԵՆԳԻԶ ԱՔԹԱՐ .- Ի տարբերություն, թե ինչ ապրեց երկիրը պետության ստեղծումից հետոՙ 1923 թվականին, այսինքնՙ վերեւից պարտադրված արդիականացումՙ արեւմտյան ձեւով, Եվրոմությանն անդամակցելու դինամիկայում թուրք հասարակությանը առաջին անգամ հնարավորություն էր վիճակվել իր ձեռքն առնել սեփական ճակատագիրը, առանց խնամակալության, Եվրոպայի modus operandi-ի շնորհիվ: Վերջինս, ինչպես գիտենք, խնդրում, նույնիսկ պահանջում է հասարակության առավելագույն մասնակցությունըՙ «եվրոպականացումը» հաջողելու համար: Եվ սկզբում արեւմտյան քամին իսկապես ուռցրեց քաղաքացիական հասարակության առագաստները. հասարակություն, որն իրականացրեց մինչ այդ չլսված բաներ: Բանավեճերում «G» տառով բառիՙ հայերի Ցեղասպանության ի հայտ գալը դրա թերեւս ամենանշանակալից օրինակն է: Այսօր սակայն, հակագրոհի այս ֆոնին, արդարացի հարց է ծագում. արդյո՞ք թուրք հասարակությունը բավարար չափով պատրաստ էր այս ի վերջո հսկայական շինարարությանը: Ես կասեիՙ Արեւելյան Եվրոպայի հասարակություններից ոչ ավել եւ ոչ պակաս: Սակայն մինչ բնակչության մի պատկառելի մասը սկզբում լրջորեն լծվեց փոխակերպման գործին, կարելի է կասկած հայտնել, որ նրա կամքն ու եռանդը բավականաչափ չեղան առաջ գնալու եւ նախաանդամակցման գործընթացն ավարտին հասցնելու համար: Իսկ հույսը անդամակցության փոխակերպիչ դինամիկայի վրա էր, ինչը տեսանելի է Արեւելյան Եւրոպայի նոր անդամների, թեկուզ դանդաղ, փոփոխության մեջ: Վերջիններս ժողովրդավարության ավելի մեծ պաշար չունեին Միության մեջ մտնելուց առաջ: Նրանց ուղին քաոսային է, բայց դինամիկան իրոք առկա է: Թուրքիան չստացավ Արեւմտյան Եւրոպայի վստահությունը, եթե ոչ հանդուրժողականությունըՙ նրա թեկնածությունն ավարտին հասցնելու համար: Բանակցությունների վերջին փուլն սկսվելուն պես, Սարկոզիի ղեկավարությամբ սկիզբ առավ մի տեսակ քաղաքական պայքարՙ գործընթացը տապալելու նպատակով: Սխալ չհասկանանքՙ դրա պատճառն այն էր, որ Թուրքիան համարվում էր մայրցամաքի համար օտար մարմին: Իսկ տեղական կաշկանդվածությունները, հատկապես վաղեմի հակաարեւմտամետությունը, կայսերական կարոտախտը եւ քաղաքական ղեկավարների տեսլականի բացակայությունը կատարեցին մնացյալը:
– Ձեր գրքում դուք նշում եք քեմալիստական հեղափոխությունից առաջ արեւմտականացման ձախողման մասին, ինչին իր մասն ունի Եւրոպան: Ձեր կարծիքով, որքանո՞վ են եւրոպացիները նպաստել աստիճանական այս ապաարեւմտականացմանը, ինչը հանգեցրեց պատերազմական վիճակիՙ ինչպես երկրի ներսում, այնպես էլՙ երկրից դուրս:
– Այս թեկնածության հանդեպ ունեցած թշնամանքով, եւրոպացիները Թուրքիայի հին հակաարեւմտյան հոսանքի ջրաղացին առատ ջուր բերեցին: Ժողովրդի մեջ մերժվածության զգացումը շատ ուժեղ է: Նույնիսկ ամենաեւրոպամետներն իրենց մերժված են զգում: Հետթեկնածության ներկայիս փուլում եւրոպացիները թքած ունեն Թուրքիայում իրավական պետության պահպանման վրա: Նվազագույն զգոնության այդ պակասը վարչակարգին խրախուսում է անտեսել արդարության եւ իրավունքի ցանկացած կանոնՙ ինչպես ներսում, այնպես էլՙ դրսում: Այս հրաժարումը հասավ այնպիսի չափերի, որ Թուրքիան ապաարեւմտականանում է թե՛ իր ներքին քաղաքական գործունեթյան մեջ եւ թե՛ իր արտաքին դաշինքներում ու դրանցից բխող պարտականություններում: Այսօր նա մի ազատ էլեկտրոն է, որին չեն զսպում ոչ մի միջազգային նորմեր, եւ որն ինչ ուզումՙ անում է : Աշխարհը նայում է ու սպասում այն օրվան, երբ նա ինքն իր «քիթը քարին կտա»:
– Դուք համամի՞տ եք այն մտքին, թե Էրդողանի վարչակարգի մնալու միակ ճանապարհը հրկիզող խաղալն է, թե՞ սա շատ զավեշտական բացատրություն է:
– Արեւմուտքը սարսափում է Թուրքիայի փլուզումիցՙ քառապատի՜կ Սիրիա: Էրդողանը խաղարկում է այդ վախը եւ ամեն անգամ սասանում սահմանված չափերը: Այսՙ ի վերջո ինքնակործան գործելակերպը ձեռնտու է նրան, երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում, քանզի նա վամպիրի պես ապրում է հակամարտությունների շնորհիվ: Եւրոպացիների միամտությունը հենց նրանում է, որ կարծում են, թե կարող են Էրդողանի հետ նստել սեղանի շուրջ ու մարել նրա հետեւողականորեն վառած հրդեհները: Նա նախընտրում է ուժը բանակցություններից, եւ նրա հրկիզած հակամարտությունները կհանգչեն միայն նրա վարչակարգի ավարտով: Սա վերաբերում է հատկապես քրդերի դեմ պատերազմներին Իրաքում, Սիրիայում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ նրաՙ միջազգային իսլամիստական ահաբեկչության հովանավորը լինելուն:
– Թեեւ արեւմտյան երկրները փորձում են սանձել Էրդողանի վարչակարգը, նրանք ցուցաբերում են միաժամանակ թե՛ անզորություն եւ թե՛ անհասկանալիություն: Պետք է ուրեմն վերանայե՞լ Օսմանյան կայսրության պատմությունն ու Եւրոպայի հետ նրա երկիմաստություններով լի հարաբերությունները:
– Թուրքիայի հետ փոխհարաբերություններում քաղաքական որոշում կայացնողներին անհրաժեշտ է պատմությանը կողքից նայել: Մեծ Պատերազմից հետո Թուրքիանՙ ինչպես հիմա են սիրում ասելՙ անհետացավ եւրոպական ռադարներից: Երկրի ճանաչումը, հարաբերությունների պատմությունը արխիվներում են, որոնց մասին այսօր շատ բան չգիտենք: Թուրքիայի այլությունը, որ անբաժան է Եւրոպա-Թուրքիա հարաբերություններից, անտեսված է եւ կամ թյուրիմացված: Պետք է վերաճանաչել Թուրքիան պատմության լույսի ներքոՙ կարողանալու համար խելացիորեն առնչվել նրա հետ: Սա է ինչ-որ չափով թուրքական խռովքի նպատակը, որը վերլուծման ուղղություն է առաջարկում:
– Ի՞նչ կարծիք ունեք Ղարաբաղի հակամարտության լուսաբանումներում Բաքվի հետ կապված Անկարայի պանթուրքիստական հայտարարությունների իրականության ու սահմանների մասին: Թուրքական հանրային կարծիքն արդյո՞ք առնչակից է զգում իրեն այս հակամարտությանը, թե՞ սա խաբեություն էՙ ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական դժվարություններից շեղելու համար:
– Թուրքական հանրային կարծիքը նույնիսկ քարտեզի վրա չի կարողանա տեղակայել ո՛չ Ղարաբաղը, որին հաճախ շփոթում է Մոնտենեգրոյի հետ (թուրքերենՙ Ղարադաղ), ո՛չ Ադրբեջանը : Թուրքերն իրենք իրենց բորբոքվում են հայի նկատմամբ ատելությամբՙ գաղափար անգամ չունենալով իրականության մասին:
Ինչ վերաբերում է պանթուրքիզմին, այն այլեւս նույն նշանակությունը չունի քան մեկ դար առաջ, ոչ էլ խորհրդային կայսրության փլուզումից հետո պանթուրքիստական վերակենդանացած քիմեռների ժամանակ: Փաստացիՙ Անկարա- Բաքու կապն առաջին հերթին տնտեսական է, քանի որ Թուրքիան ստանում է ադրբեջանական լուրջ ներդրումներ: Պետք է ավելացնել նաեւ ռազմական համեղ կողմըՙ ԱԹՍ-ների զանգվածային վաճառք, ջիհադիստների եւ, պարզ ասենք, ամենայն հավանականությամբ թուրքական բանակի կոմանդոսների արտահանում: Այնուհետեւ, նրանք Արեւմուտքում ժխտողականների դուետ են ստեղծում, ինչը ձեռնտու է նրանցՙ հակահայկական լոբբիինգ իրագործելու հարցում: Մյուս կողմից, ադրբեջանական շիականությունը եւ կամ աթեիզմը թուրքական սուննիի հետ լավ չեն, եւ Ալիեւը, հոգու խորքում, գարշում է Էրդողանից: Եվ վերջապես, այն տեսակետը, որ Էրդողանն օգտագործում է արտաքին պատերազմներն իր տնտեսական ձախողումներին չանդրադառնալու համար, ինձ համար երբեք համոզիչ չի եղել: Թուրքական հանրային կարծիքի մի հսկայական հատված բացարձակապես կողմ է իր առաջնորդի նվաճողական պատերազմներինՙ դեռ մի բան էլ ավելի, ինչպիսին էլ լինի տնտեսական վիճակը: Էրդողանի պատերազմների եւ երկրի տնտեսական վիճակի մեջ ոչ մի պատճառահետեւանքային կապ չկա, չնայած որ պատերազմներն ավելի են քանդում տնտեսությունը:
Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, Սիստերոն, Ֆրանսիա