Մարտի 16-ին Լենինգրադի բլոկադայի եւ պաշտպանության պետական թանգարանի հարուստ հավաքածուն համալրվեց եւս մեկով. սանկտպետերբուրգցի մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ, ջանքերով ու «Ժառանգություն եւ առաջընթաց» հումանիտար հիմնադրամի աջակցությամբՙ թանգարանում իր մշտական ու պատվավոր տեղը զբաղեցրեց Խորհրդային Միության նավատորմի ականավոր ծովակալ, Խորհրդային Միության հերոս, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պաշարված Լենինգրադի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած հայորդուՙ Հովհաննես Իսակովի բրոնզե կիսանդրին:
Իրադարձությունը հատկանշական էր նրանով, որ այս տարի լրանում է Հայրենական մեծ պատերազմի սկզբի 80-ամյակը: Մարդկության պատմության մեծագույն աղետներից մեկը շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլեց: Այդ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 հազար հայ զինվոր, նրանցից 300 հազարը քաջի մահով ընկան մարտի դաշտում, հետեւաբար մեր սուրբ պարտքն է աչքի լույսի պես պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր պապերի հերոսական սխրանքների մասին պատմող վկայություններն ու հիշողությունները:
Հայրենական մեծ պատերազմի թեման մշտապես եղել եւ մնում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակցիՙ Հրաչյա Պողոսյանի բարեգործական ծրագրերի գլխավոր առանցքներից մեկը: Նախկին զինվորական, պահեստի մայոր Հրաչյա Պողոսյանի գերդաստանը եւս անմասն չի մնացել պատերազմի թողած դառնություններից ու դաժանություններից. նրա պապերից մեկը Մեծ հայրենականից վերադարձել է հաշմանդամ, իսկ մյուսը զոհվել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ:
– Հայրենական մեծ պատերազմի տարեգրությանը նվիրված իմ բոլոր ձեռնարկումների առանցքը մեծագույն հարգանքի տուրքն է բոլոր նրանց հիշատակին, ովքեր պաշտպանում էին հայրենիքը, ովքեր հաղթանակ էին կերտում մարտական ընկերներիՙ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի տված, ովքեր պահպանում էին խաղաղությունն ապագա սերունդների համար,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Իմ հայրենի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղն, օրինակ, Մեծ հայրենականին տվել է 35 զոհ, եւ իմ ջանքերով հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվել այնտեղ: Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են պատերազմում ընկածների հիշատակը:
Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ բարեգործական գործունեության բոլոր տարիների ընթացքում Պողոսյանի նախագծերի կեսից ավելին այս կամ այն կերպ նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ իրադարձությունների մասին պատմական հիշողության պահպանմանը:
Ֆաշիստական Գերմանիայի կողմից 872 օր շրջափակման ենթարկված Լենինգրադի ազատագրման գործում անգնահատելի մասնակցություն ցուցաբերած հայազգի ծովակալի կիսանդրու հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին նվիրատուներըՙ համանուն բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանը եւ Հումանիտար հիմնադրամի նախագահ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուրոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի տնօրեն, ուրոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, մեր հայրենակից Արամայիս Քամալովը :
Բարեգործական կազմակերպությունների ղեկավարներն իրենց ելույթներում նշեցին այս միջոցառման առանձնահատուկ նշանակությունը եւ շնորհակալություն հայտնեցին թանգարանի տնօրեն Ելենա Լեզիկինՙ Իսակովի կիսանդրին նվիրելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաեւ միջոցառման մեկնարկից առաջ կազմակերպված հիշարժան էքսկուրսիայի համար:
Հայտնի է, որ լենինգրադյան բլոկադայի ընթացքում Հովհաննես Իսակովի ղեկավարությամբ Լադոգա լճի սառույցների վրայով կյանքի կոչվեցին առաջին բեռնափոխադրումները, որոնք պատմության մեջ մտան «Կյանքի ճանապարհ» անվամբ: Երախտագետ լենինգրադցիները գիտեն նաեւ, որ 1913 թվականին բարձր ցուցանիշներով ավարտելով Թիֆլիսի ռեալական դպրոցը, Հովհաննես Իսակովը մեկնել է Պետերբուրգ եւ ընդունվել տեխնոլոգիական ինստիտուտ: Այստեղ ուսումնառության տարիներին մի քանի անգամ փորձել է ընդունվել ծովային կորպուս, բայց նրան մերժել են ազնվական ծագում չունենալու պատճառով: Հետագայում, 1928 թվականին, Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները, 1932 թվականից դարձել Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել այդ ուսումնական հաստատությունումՙ մինչեւ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը:
– Ինձ համար, որպես Սանկտ Պետերբուրգի բնակչի, անչափ կարեւոր է եւ հաճելի, որ այսօր մենք պահպանում ենք անցյալի իրադարձությունների ու հերոսների հիշողությունը, եւ այն փոխանցում հաջորդ սերունդներին,-իր խոսքում ասաց Հրաչյա Պողոսյանը: Եվ շատ կարեւոր է, որ նման գործողություններով մենք հարգանքի տուրք ենք մատուցում եւ ուշադրություն դարձնում պաշարված Լենինգրադի կենդանի բնակիչներին:
– Այսօր մենք ականատես ենք լինում եզակի իրադարձության, – ասաց Արամայիս Քամալովը: Սա կիսանդրու փոխանցում է ոչ միայն Խորհրդային Միության հերոսի եւ զորավարի, այլեւ մի անձնավորության, որը գիտեր ինչպես համատեղել զինվորական ծառայությունն ուսուցման եւ գիտության հետ: Որպես ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալՙ Հովհաննես Իսակովը Ռազմածովային ակադեմիայի ղեկավարն էր, որտեղ եւ դասավանդում էր: Նրա գիտական աշխատությունների հսկայական մասը նվիրված էր աշխարհագրությանը, օվկիանոսների ուսումնասիրությանը եւ ռազմական պատմությանը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ կիսանդրու հեղինակըՙ քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Արվեստի եւ արդյունաբերության պետական ակադեմիայի պրոֆեսոր Լեւոն Բեյբությանը , որ հանդիսությանը մասնակցելու էր եկել Ակադեմիայի ռեկտոր Աննա Կիսլիցինայի հետ միասին:
Կիսանդրու հանձման արարողությանը ներկա էր նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան շրջանի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդական տեղապահ Պողոս Վարդանյանը , Հայաստանում Ռուսաստանի բիզնես-դեսպան Արթուր Սողոմոնյանը , «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիրը եւ շատ ուրիշներ:
Միջոցառման ընթացքում բարեգործական հիմնադրամների նախագահներ Հրաչյա Պողոսյանը եւ Արամայիս Քամալովը քննարկեցին նաեւ առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր:
Ի դեպ, այս տարվա հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանի ֆոնդը համալրող բարերարների թվում էր նաեւ Հրաչյա Պողոսյանը: Մեր հայրենակիցն այդ օրը հանդիսավոր պայմաններում թանգարանի տնօրեն Ռուսլան Նեխային հանձնեց Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի եւ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի բրոնզե կիսանդրիները, իսկ անցյալ տարվա մայիսի 8-ին, Մեծ Հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի նախօրյակին, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի հովանավորության արդյունքումՙ Հովհաննես Իսակովի մեկ այլ կիսանդրի էլ իր մշտական տեղը գտավ Կենտրոնական ռազմածովային թանգարանում:
Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր: