Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՈՒԼՅԱՆ

«Եթե բեմադրիչն ապրում է իր ժողովրդի խնդիրներովՙ նրա ֆիլմը կլինի ազգային»

Շատ երջանիկ մի օր էրՙ երկար տարիներ լրագրող աշխատելուց հետո ինձ վերջապես հաջողվեց ձայնագրիչ գնել: Անցյալում մնացին զրուցակցին տվածս հարցերի պատասխանները գրի առնելու տանջալից ջանքերը: Դա միշտ չէր ստացվում: Շատ դժվար էր դրանց ճշգրիտ պատասխանները հիշելը: Վերջապես ես կաշխատեմ լիարժեք լրագրողի պես: Թանկարժեք ձեռքբերումով ես մտա Կինոյի տուն, որտեղ խորհրդակցություն էր ընթանում: Առաջին անգամ ինձ մոտեցավ Հենրիկ Մալյանը. բնականաբար խոսեց կինոյի խնդիրների մասին: Ես հիշեցի իմ թանկարժեք գնումի մասին եւ առաջարկեցի Հենրիկ Սուրենովիչին ինձ հարցազրույց տալ: Նա ուրախությամբ համաձայնեց: Այլեւս չգնացինք խորհրդակցության եւ ինչ-որ սենյակում տեղավորվելովՙ սկսեցինք զրույցը: Բնականաբար, նախապատրաստած հարցեր չունեի (սովորաբար այսպիսի հանդիպումներին շատ մանրակրկիտ պատրաստվում էի, եւ գալիս էի մանրամասն մտածված հարցերով), ուստի հարցերն առաջանում էին զրույցի ընթացքում:

– Որտե՞ղ է անցել ձեր մանկությունը, եւ ինչպե՞ս է սկսվել ձեր ճանապարհը դեպի Կինո:

– Ծնվել եմ Վրաստանում, Թելավի փոքր քաղաքում: Զարմանալի է, երբ քաղաքում բոլորն իրար ճանաչում են, եւ ոչ մեկը մյուսից գաղտնիք չունի: Հայրս երաժիշտ էր եւ հաճախ թաղումներին էր նվագում: Մենք ապրում էինք գերեզմանոցից ոչ հեռու, եւ հաճախ հուղարկավորությունների էի ականատես լինում: Ես վախենում էի հանգուցյալներից, իսկ ողջերին հաճույքով էի հետեւում: Ի՜նչ հիանալի թատերախաղեր էին դրանք: Այնուհետեւ մենք ապրեցինք Թիֆլիսում: Պատերազմի ավարտից հետո տեղափոխվեցի Երեւան եւ ընդունվեցի Թատերական ինստիտուտՙ հայ ազգային դերասանական դպրոցի հիմնադիր Լեւոն Քալանթարի արվեստանոցը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատեցի հանրապետության տարբեր թատրոններում: Կիրովականում նույնիսկ առաջարկեցին թատրոնի գլխավոր բեմադրիչի աշխատանքը: Երեւանը, ուր 1945-ին տեղափոխվեցի Թիֆլիսից, ինձ փոքրիկ, հանդարտ քաղաք թվաց: Իսկ գավառական քաղաքը նման է թատրոնի, որտեղ բոլոր դերերը բաշխված են, բոլոր ասույթներըՙ նախօրոք հայտնի: Եվ այդ թատրոնում ես միաժամանակ եղել եմ ե՛ւ հանդիսատես, ե՛ւ մասնակից: Կարծում եմ, դա էլ եղել է իմ գլխավոր ինստիտուտըՙ Թելավի, Թիֆլիս, Երեւանՙ աշխարհի ամենաիրապաշտական թատրոնը:

– Ինչ եք կարծում, ո՞րն է ազգային կինոն:

– Ինձ համար ծիծաղելի են որոշ բեմադրիչներիՙ ազգային կինո ստեղծելու ջանքերը: Եթե բեմադրիչն ապրում է իր ժողովրդի խոհերով, հոգսերով, խնդիրներովՙ նրա ֆիլմը կլինի ազգային: Իսկ ազգային առանձնահատություններն ուսումնասիրելով եւ «ուղեղի լարումով» այս կամ այն ֆիլմը որպես ազգային նկարելու բոլոր բացառիկ ջանքերն իզուր են լինելու: Այդպիսի ֆիլմի կեղծիքն անմիջապես աչքի կընկնի: Իրական ազգային բեմադրիչի ստեղծագործությունը միշտ անկեղծ է: Որքան էլ ջանամ որեւէ մեկին նմանվելՙ միեւնույն է, չեմ նմանվի: Իմ մեջ պիտի ապրի Մատենադարանի շունչը, Գառնիի եւ Գեղարդի գեղեցկությունը, Սարդարապատի վեհությունը: Հենց այդ ամենն ինձ պետք է դարձնի ազգային բեմադրիչ: Ազգայինը միշտ ներկա է այնտեղ, որտեղ անկեղծություն կա:

– Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ դուք երբեք ֆիլմ չեք նկարի, ասենք, Իսպանիայի կյանքից:

– Գուցեՙ այո: Չնայած ասացի «այո» ու մտածեցիՙ իսկ չէի՞ ուզենա, օրինակ, Գոյայի մասին ֆիլմ նկարել: Անհատի կյանքի մասին: Սակայն նույնիսկ այս պարագայում ես իմ եւ Գոյայի միջեւ ընդհանուր, իրար մտերմացնող հատկանիշներ պետք է տեսնեի: Եվ չեմ կարծումՙ դա կլինի իսպանական ֆիլմ : Դա կլինի հայկական ֆիլմ:

– Ինձ թվում էՙ ձեր «ամենահայկական» ֆիլմը «Նահապետն» է:

– Ցեղասպանություն վերապրած հայ ազգի ողբերգությունը միշտ ներկա է եղել հայ արվեստում: Բայց այդ թեման միշտ չէ հեշտ ճանապարհ բացել իր համար: Այսօր այն բաց քննարկվում է մամուլում, հեռուստատեսությունում, առհասարակ մշակույթում: 70-ականներին դրա վրա առհասարակ արգելք էր դրված: «Նահապետի» ճանապարհը երկար եւ ծանր էր: Որքան էլ տարօրինակ է, Ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու անհրաժեշտության հարցը բարձրացված էր պետական մակարդակով: Դրանով անձամբ հետաքրքրված էր Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Նա կարծում էր, որ հասել է դրա մասին բացեիբաց, ամբողջ ուժով խոսելու ժամանակը: Այդ ծանրագույն, բայց գերապատիվ աշխատանքն ինձ վստահեցին: Հրաչյա Քոչարի պատվածքի հիման վրա սցենար գրելը ես ինքս հանձն առա: Սցենարի վրա աշխատելիս ինձ չէր լքում այն զգացումը, որ Հրաչյա Քոչարն իր պատմվածքը հորինելիս իմացել է, որ այն երբեւիցե էկրանին է հայտնվելու:

– Դերասանների ընտրության հարցում խնդիրներ առաջացա՞ն:

– Պատմվածքի կերպարները, թվում էր, ստեղծվել էին որոշակի դերասանների համար: Նահապետըՙ Սոս Սարգսյանի, նրա քույրըՙ Գալյա Նովենցի, նրա ամուսինըՙ Ֆրունզիկ Մկրտչյանի համար: Դժվարություններ առաջացան Նահապետի կնոջՙ Նուբարի կերպարի հետ կապված: Քոչարի մոտ նա վայելչակազմ, կապուտաչյա եւ շիկահեր էր: Մենք նրան երկար էինք փնտրում: Նա չկար ո՛չ դերասանների, ո՛չ էլ ներգրավված կերպարների մեջ: Ոչ մի կերպ չէինք կարողանում գտնել Նուբարի դերակատարի: Այդ ժամանակ որոշեցինք շեղվել գրական կերպարից եւ ստեղծել նորը: Մի անգամ փողոցում հանդիպեցի իմ նախկին ուսանող Սոֆիկ Սարգսյանին: Ուշադիր զննեցի: Միգուցե նա՞ է: Միակ բանը, որով նա նման էր կերպարինՙ հասակն էր: Նրա հետ երկրորդ հանդիպումը նույնպես պատահական էր: Անցավ մեկ տարի. ոչ մի կերպ չէինք կարողանում դերասանուհի գտնել Նուբարի կերպարի համար: Հրավիրեցինք Սոֆիկ Սարգսյանին: Նա այնքան հուզված էր, որ սենյակ մտնելով ու չիմանալով ինչ անելՙ վերցրեց ավելն ու սկսեց հատակն ավլել: Ես նայեցի նրան ու հասկացա. նա՛ էր, Նուբարն էր: Այնուհետեւ սկսվեցին իսկական փորձությունները: Սոսն ու Սոֆիկը ոչ մի կերպ չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել: Անհասկացության պատը բաժանում էր նրանց: Դա ինձ ձեռք էր տալիսՙ Նահապետն ու Նուբարը չպետք է միանգամից մտերմության ճանապարհ գտնեին: Այդ «սառցե հարաբերությունները» պետք է տեւեին մինչեւ բքի տեսարանը, երբ Նահապետն ու Նուբարը փրկում են խնձորենիների երիտասարդ տնկիները: Այնուհետեւ նրանք նստում են խարույկի մոտ, եւ Նահապետը կարծես առաջին անգամ նկատում է այդ կնոջը:

– Ֆիլմի վրա աշխատանքը շա՞տ էր ծանր:

– Գիտե՞ք, կինոբեմադրիչը երբեք հեշտ աշխատանք չի ունենում: Օրինակ, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումները ես եւ օպերատոր Կարեն Մեսյանը սկսեցինքՙ չունենալով ո՛չ սցենար, ո՛չ նկարահանող խումբ, ո՛չ տեսախցիկ, ո՛չ ժապավեն: Պարզապես երկուսս էլ սիրահարված էինք Հրանտ Մաթեւոսյանի արձակին, նրա անսովոր հերոսներին եւ նրանց հետ պատահող անսովոր պատմություններին: Շուտով պատրաստ էր մի սցենարի տարբերակը, եւ Հրանտ Մաթեւոսյանը գնաց Մոսկվաՙ սցենարային բարձրագույն դասընթացների: Իսկ ես ու օպերատորը մնացինք անավարտ սցենարով մեն-մենակ: Ֆիլմը բարեհաջող նկարահանեցինք: Ես շատ էի վախենում, որ ֆիլմը Հրանտին դուր չի գա: Բայց Մաթեւոսյանը շատ գոհ էր: Նկարահանումների ժամանակ ծիծաղելի իրավիճակ ստեղծվեց: Ոստիկանության լեյտենանտի կերպարը գրվել էր հատուկ Սոս Սարգսյանի համար: Ֆրունզիկ Մկրտչյանը ցանկացավ խաղալ լեյտենանտի դերը եւ քիչ էր մնում այդ պատճառով կռվեր Սոս Սարգսյանի հետ: Ինձ համար միշտ շատ կարեւոր է, որ նկարահանումների ժամանակ ամեն ինչ առավելագույնս մոտ լինի իրականությանը: Ես պայքարեցի, որ դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Ազատ Շերենցն ու Արտավազդ Փելեշյանը իրե՛նք հնձեն խոտը: «Ո՛չ մի կրկնօրինակող», կտրականապես հայտարարեցի: Երբ մենք նկարում էինք Ազատ Շերենցի հերոսի լողանալու տեսարանը, մեզ շատ բաներ հուշեցին գյուղի բնակիչները: Պարզվեցՙ լողանալը մի ամբողջ արարողակարգ է: Այստեղ կարեւոր էՙ քանի՛ դույլ ջուր է հարկավոր բերել, ո՛ր կողմից լցնել ջուրը եւ ինչպե՛ս այն ճիշտ օգտագործել, որպեսզի անվերջ աղբյուրը չվազես:

– Ձեր «Եռանկյունի» ֆիլմը հանգրվանային դարձավ ոչ միայն ձեզ, այլեւ ողջ հայ կինոյի համար: Հայկական էկրանին առաջին անգամ խոսեցին ոչ թե «խորհրդային մարդու», աշխատավորի եւ զինվորի սխրանքների, այլ սովորական մարդու, նրա հոգսերի եւ խնդիրների մասին:

– Պատահական չէր, որ որպես գործողությունների վայր մենք չընտրեցինք տուն, բնակարան, եւ ոչ էլ նույնիսկ բակ, այլ… դարբնոց: Յուրաքանչյուր հայի ծանոթ էին «պատիվ», «ընկերություն», «նվիրվածություն» հասկացությունները: Շատ հայերի սրտում ապրում է կորցրած հայրենիքիՙ «Էրգրի» ցավը, որը մնացել է ոչ հեռու անցյալում: Եվ աշխարհագրորեն էլ հեռու չէր: Հերոսներից ոչ մեկը չի խոսում կորցրած հայրենիքի մասին, «այնտեղ» թողած տան մասին: Բայց այդ գաղափարը ներկա է: Ֆիլմում հերոսը մեկը չէ, հինգն են: Նրանք միասին զվարճանում են եւ տխրում, ուրախանում են, աղմկում ու իրենց հարաբերություններն են կարգավորում այս դժնդակ կյանքում:

– Ես ներկա եմ եղել «Եռանկյունի» ֆիլմի դիտմանը Մոսկվայի Կինոյի տանը: Երբ վառվեցին դահլիճի լույսերը, դահլիճում քար լռություն էր տիրում: Մի քանի վայրկյան անց դահլիճը բառացիորեն պայթեց ծափերի պոռթկումից: Ծափահարում էին հոտնկայս, շատ երկար: Ըստ իս, դա ֆիլմի աստեղային ժամն էր:

– Ցավոք, ես դահլիճում ներկա չեմ եղել: Ինձ ընկերներս են պատմել:

– Հանդիսատեսը ներկա՞ է ձեր երեւակայության մեջ, երբ դուք հորինում կամ նկարահանում եք ֆիլմը:

– Եթե ես մտահղացման կամ ֆիլմի ստեղծման ժամանակ մտածեմ հանդիսատեսի մասին, ապա ինձնից անկախ ինչ-որ բան կանեմ նրան գոհացնելու համար: Իսկ դա արդեն կլինի իմ ընկալումից, իմ զգացումներից դուրս: Նշանակում էՙ ես կստեղծեմ ո՛չ իմ, այլ ուրիշի ֆիլմը:

Այդ ֆիլմը դավաճանություն կլինի իմ հանդեպ եւ հարգանքի բացակայությունՙ հանդիսատեսի հանդեպ: Եվ եթե նույնիսկ մտածեմ հանդիսատեսի մասին, ապա իմ առջեւ կհայտնվեն հավելյալ խնդիրներ. ինչպիսի՞ հանդիսատեսի մասին ես պիտի մտածեմ: Կարճ ասածՙ ֆիլմ ստեղծելիս ես չեմ մտածում հանդիսատեսի մասին, որովհետեւ նրան չափազանց շատ եմ հարգում:

– Ձեր ֆիլմերից կա՞ մեկը, որն ամենաշատն եք սիրում:

– Ո՛չ: Երբեք չի եղել: Վստահ եմ, որ չի էլ լինի: Պարզապես, անկախ նյութերի տարբերությունից, անկախ տարբեր ժամանակ իմ կարծիքներից, անկախ ստացված կամ չստացված ֆիլմերից, դրանք բոլորն էլ իմ կողմից ընկալվում են որպես մեկՙ գերերկարամետրաժ կինոնկար, որն ինձ համար շատ թանկ է: Իսկ եթե շատ անհրաժեշտ լինի ինչ-որ մի ֆիլմ առանձնացնել, դա կլինի ամենաթույլ կինոնկարը, որովհետեւ ամենաշատը նրա առջեւ եմ մեղավոր: Նրա հետ ես ինձ կզգամ, ինչպես մայրն արատավոր երեխայի հետ: Հենց նրան ես կդիտեմ որպես ամենասիրելին, ոչ թե որպես ստացված կամ չստացված: Իսկ թե ո՛րն է իմ ամենաչստացված ֆիլմը, դա արդեն դուքՙ կինոքննադատներդ գիտեք: Չնայած կարող եմ ասել, որ ամենա «իմ» ֆիլմը «Եռանկյունին» է:

– Յուրաքանչյուր ֆիլմ, մինչեւ ֆիլմ դառնալը, գոյություն ունի որպես մտահղացում: Ձեր ստեղծագործության մեջ ի՞նչ հարաբերակցության մեջ են մտահղացումն ու ֆիլմը:

– Հաճախ դրանք նույնն են: Ես շատ եմ մտերմանում իմ հերոսների հետ: Նրանք ինձ համար մտերիմ են դառնում, ինչպես իրական մարդիկ: Այդ մտերմության գործընթացը ինձ մոտ տեղի է ունենում մտահղացումը կինոնկարի վերածվելու ողջ ընթացքում: Դրա համար ես չեմ կարող զգալ տարբերությունը մեր միջեւ: Ինձ համար շատ կարեւոր է սցենարի առաջին ընթերցումը: Այնուհետեւ դրա վրա աշխատելիս ես ամեն ինչ գիտեմ իմ ֆիլմի, իմ հերոսների մասին: Նրանք դառնում են իմ գոյության, իմ մարմնի մի մասը: Նկարահանումներին անցնում եմ իմ հերոսների ամբողջական ճանաչությամբ:

– Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ստեղծագործական գործընթացի մեջ եք մինչեւ նկարահանումները, իսկ նկարահանումների պահին ստեղծագործում, որպես այդպիսին, չկա:

– Այո, այո: Գուցե մանրուքներում այն պահպանվում է: Բայց ընդհանուր առմամբՙ ոչ: Ես հասկանում եմՙ ինչ գրավիչ կլիներ, եթե ասեի, որ նկարահանման հրապարակում ստեղծագործում եմ: Բայցՙ ոչ: Մինչեւ նկարահանումներն իմ մեջ խտացած է ամեն ինչ: Ինձ մոտ ամայացման, ինքս ինձնից կտրվելու, ինքս ինձնից հեռանալու գործընթաց է սկսվում: Նկարահանումների վերջում ես բացարձակ ամայացած եմ: Նկարահանումներն սկսում եմ հարուստ, ինչպես Կրեսոսը, իսկ դրանք ավարտում եմ բացարձակապես աղքատացած:

(վերջը հաջորդիվ)

Ռուսերենից թարգմանությունը` ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Նկար 1. Հենրիկ Մալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով

Հաջորդ գրառումը

ԱԴԱՄԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ – 60

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԴԱՄԵԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ - 60

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական