Դեռ պատերազմի օրերին ադրբեջանցիները տեսանյութեր էին տարածում, թե ինչպես են պղծում մեր արձանները, հուշակոթողները, տապանաքարերը, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո լիարժեք սանձարձակվեցինՙ առաջին հերթին հարձակվելով բարձրարժեք պատմամշակութային հուշարձանների վրա ու ջանալով ամեն կերպ ցավ պատճառել մեզ, տրորել մեր հոգիներն ու ինքնասիրությունը:
Մենք շատ լավ ենք ճանաչում ադրբեջանցիներին, գիտենք նրանց ձեռագիրն ու քաղաքականությունը, ոչ ոք կասկած չուներ, որ Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջացիները քարը քարի վրա չեն թողնելու, հայերեն արձանագրությունները քերել-մաքրելու են, պղծելու են մեր կոթողները:
Նոյեմբերի 11-ին արագ արձագանքի ակնկալիքով ֆեյսբուքյան հարթակում նամակներով դիմեցի ՀՀ ԿԳՄՍ, ԱԳ նախարարություններին, ԻԿՕՄՕՍ Հայաստանի գրասենյակին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան ներկայացուցչությանըՙ ահազանգելով, որ ադրբեջանցիները րոպե անգամ չեն կորցնելու եւ սկսելու են ոչնչացնել հայկական հուշարձանները, թանգարանները, հնավայրերը: Պետք է ոչ մի վայրկայն չկորցնել, համախմբվել, անհապաղ դիմել միջազգային կառույցներինՙ խնդիրը ներկայացնելով համաշխարհային մշակութային ժառանգության վտանգման տեսանկյունից, որովհետեւ Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Տիգրանակերտը, Շուշիի գորգերի թանգարանը հայկական լինելով հանդերձ, համաշխարհային մշակույթի ժառանգություն են: Պետք էր նախապես ծրագրել մեր քայլերի հաջորդականությունը, որպեսզի ոչ թե արդեն քանդածի ու ավերածի համար աշխարհից ողբաձայն ուշադրություն մուրայինք, ինչպես հիմաՙ պատերազմից վեց ամիս անց ենք անում, այլ ոճիրը, սպիտակ ջարդը դեռ սաղմնային վիճակում ջանայինք կանխել:
Ամբողջ օրն սպասեցի նամակիս պատասխանին. այդ ընթացքում ինձ հետ սպասում էին նաեւ լրագրող ընկերներս, մտահոգ մարդիկ, մտավորականներ, արվեստաբաններ: Ֆեյսբուքյան տիրույթից դուրսՙ անձնական նամամակով ԿԳՄՍՆ-ի լրատվականից պատասխանեցին, թե խնդրին հանրային հնչեղություն տալ չեն կարող, ինձ էլ խորհուրդ տվեցին շատ չխոսել այդ մասին, իբր ադրբեջանցիները գլխի կընկնեն, որ մենք, անհանգստացած լինելով մեր պատմամշակութային ժառանության պահպանմամբ, միջոցներ ձեռք կառնենք ու կկանխենք նրանց վանդալիստական մտադրությունները:
Եվ ի՞նչ, կանխեցի՞ք: Ինձ լռեցրիք, բոլորին լռեցրիք, ադրբեջանցիներն անպատիժ կերպով ոչնչացրին Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, Աղդամի մատուռը, Սուրբ Աստվածածին Ղազանչեցոց եկեղեցու հայերեն արձանագրությունները քերեցին, հայտնի հրեշտակների արձանիկները ոչնչացրին, մեր շիրմաքարերը ջարդեցին, Շուշիի հայկական գորգերի վրա նամազ արեցին ու այդ ամենը նկարահանեցին, տարածեցին համացանցով մեկ, իսկ մենք դեռ վախենում ենք ձայն հանել, պետական մակարդակով վիզներս ծռածՙ սպասում ենք վանդալիզմի ավելի նսեմացուցիչ օրինակների:
Օրերս կայացավ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգուցալուծում» ճոխ խորագրով համաժողով: Բանախոսները ներկայացրին ադրբեջանցիների վայրագություններն ու ոտնձգությունները: Վեց ամիս հետոՙ համաժողով, վեց ամիս հետո, երբ Արցախի զավթված տարածքներում վտանգված է պատմամշակութային ու ճարտարապետական 2000 հուշարձան, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ,125 դպրոցական գրադարանՙ 617 հազար գրքով, 3 շրջանային գրադարանՙ 68 հազար գրքային ֆոդով, 10 պետական եւ 2 մասնավոր թանգարանՙ 20 հազարից ավելի ցուցանմուշներով, այդ թվումՙ Հադրութի Արթուր Մկրտչյանի թանգարանըՙ մոտ 7 հազար ցուցանմուշներով ու անձնական իրերով, Մեծ թաղեր գյուղի Խամփերյանցի թանգարանը, Շուշիի պատմության թանգարանըՙ 5 հազար ցուցանմուշներով, Կերպարվեստի պետական թանգարանըՙ մոտ 700 ցուցանմուշներով, այդ թվումՙ շատ արժեքավոր կտավներով:
Շուշիի Գորգերի թանգարանից որոշ գորգեր տարհանվել են, բայց 860 նմուշ մնացել է ադրբեջանցիներին: Պատկերասրահի, Պատմության թանգարանի, Գորգերի թանգարանի էքսպոզիցիան ու պահոցները եւս մնացել են ադրբեջանցիներին: Տիգրանակերտի պատմահնագիտական արգելոց-թանգարանը դարձյալ թշնամու վերահսկողության տակ է:
Հոնուտի կիրճի ճակատագիրն անհայտ է, որովհետեւ այն գտնվում է չեզոք գոտում: Հայտնի չէՙ Հոնուտի կիրճն ում վերահսկողության տակ է անցնելու: Տող գյուղի Մելիքական ապարանքը եւս պատմամշակութային արգելոց է, որտեղ Մելիքի ընդունարանը վերականգնված էր, ապարանքի տարածքում պեղումների ընթացքում շատ արժեքավոր ցուցանմուշներ են հայտնաբերվել: Տողի Մելիքական ապարանքում պեղումներն սկսվել էին 2009 թվականից:
Ադրբեջանցիները երկու ուղղությամբ են արշավումՙ մի կողմից հայկական հուշարձաններն են ոչնչացնում, մուս կողմից քաղաքակրթական արժեքավոր հուշարձանները ներկայացնում են իբր իրենց քրիստոնյա նախնիներիՙ աղվանների ժառանգություն: Այս ուղղությամբ նրանք պետական ուժեղացված քարոզչություն են իրականացնում: Իսկ մենք մինչեւ հիմա ոչ մի անգամ չենք հակադարձել նրանց, չենք փորձել պատմական փաստերի հիման վրա ապացուցել, որ նրանք ստում են, կեղծում են, խեղաթյուրում են ամեն բան, մոլորեցնում են բոլորին: Բոլորովին էլ անսպասելի չի լինի, եթե նրանք հասկայածավալ զեկույցներով ու քարոզչությամբ մի օր էլ աշխարհին փորձեն ապացուցել, թե հայերը Հայկական լեռնաշխարհում եւ առավել եւս Արցախի ու Հայաստանի տարածքում բնիկներ չեն, եկվորներ են, որ «գրավել են» թուրքերի ու ադրբեջանցիների պատմական ու պապական հողերը: Դե եթե նրանց լռեցնող չկա, ավելինՙ Հայաստանը պետական մակարդակով է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնումՙ հայտարարելով, թե Ալիեւը կնոջ ու դստեր հետ նկարվել է Ադրբեջանի տարածքում գտնվող սոսիների պուրակում, էլ ո՞ւմից ու ինչի՞ համար նեղանանք: Թող մասնագետները, բնապահպանները, սյունեցի համայնքապետերն աղաղակեն, փաստեն, թե այն վայրը, որտեղ այցելել են Ալիեւները, միշտ, բոլոր ժամանակներում պատկանել է Հայաստանին, դա հայտնի «Սոսիների պուրակ» արգելոցն է, որտեղ հայ բնապահպանները երկուհազարամյա բացառիկ ծառերի վրա իրենց իսկ ձեռքվ անգամ ցուցատախտակներ են փակցրել:
Իսկ հետո հայտարարություն ենք կարդում, թե այդ տարածքը դեկտեմբերին է հանձնվել Ադրբեջանին: Հանձնվել… ու ո՛չ սյունեցիները, ո՛չ բնապահպանները, ոչ որեւէ հասարակ մահկանացու չի իմացել դրա մասին:
Արցախի Տիգրանակերտում 2005 թվականից պեղումներ էին կատարվում: Ազոխում միջազգային պեղումներ ու գիտահետազոտական արշավներ էին անց կացվել, բայց բոլոր ցուցանմուշներն ադրբեջանցիները հասցրել են Արցախից տեղափոխել Ադրբեջան: Քաշաթաղի շրջանի Կերենի դամբարանը, Միրիկի ամրոցը, որոնց հիման վրա պետք է պատմահնագիտական արգելոց ստեղծվեր, մնացին ադրբեջանցիներին:
Ադրբեջանցիները շատ լավ գիտեն, թե հատկապես որ հուշարձանների հետ է մեր հոգեհուզական կապն ավելի ուժգին ու հենց դրա՛նք են պղծում, անարգում, յուրացնում:
Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները պետք է այցելեին Արցախՙ մոնիտորինգ անցկացնելու, բայց ադրբեջանցիները խափանել են նրանց այցը: Դեռւես չկա այն սաստող ձեռքը, որը կարող է սանձել ադրբեջանցիներին, չկան կոնկրետ քայլեր, որոնք գոնե այս փուլում կկանխեն ադրբեջանցիների վայրագությունները:
Գաղտնիք չէ, որ երկար տարիներ Ադրբեջանը ջանքեր էր գործադրումՙ դիմելով զարտուղի ճանապարհներին, որպեսզի Փոլադ Բյուլբյուլօղլին դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար: Փառք ու պատիվ ազգային մտածողությամբ ու արժանապատվությամբ առաջնորդվող այն հայերին, որոնք Ադրբեջանի ախորժակի վրա դեռ չորս տարի առաջ քացախ լցրեցին, բայց չենք կարող հերքել, չէ՞, որ ախորժակը նորից չի գրգռվի: Եթե Ադրբեջանը թույլ չի տվել, որ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը մոնիտորինգի նպատակով այցելի Արցախ, ուրեմն չի բացառվում, որ այդ երկիրը դավադիր նոր ծրագրեր է մշակում կամ արդեն մշակել է, անգամ գործադրե՛լ: Ադրբեջանն «առել է» բոլորինՙ միջազգային կառույցներ, պատմամշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող հանձնախմբեր: Առել է, որովհետեւ առաջնորդվում է միայն ու միայն ի՛ր շահերովՙ ուրիշներին վնասելու, պատմական ու իրավական փաստերն արհամարհելու գնով:
Ո՞վ կարող է մեղադրել նրան. ոչ ոք: Կարողանում է, անում է, քաղաքական կամք ունի, պետական շահն է գերադասում, տե՛ր է կանգնում մեզանից յուրացրած, մեզնից գողացած հողատարածքներին, պատմամշակութային ժառանգությանը, կաշառում է, ծախում ու առնում է, շատերի բերանն է խավիարով ու նավթադոլարներով փակում, դրա համար էլ Ադրբեջանի հետ հաշվի են նստում, անգամ վախենում ու խուսափում են այդ երկրի հետ կոնֆլիկտ ունենալուց: Կարողանում է, անում է: Մենք, խավիար ու նավթ չունենք, բայց դոլար ու եվրո է՞լ չունենք: Չէի՞նք կարող մեր կողմը գրավել միջազգային կառույցների պատասխանատուներին, նրանց հետ «ընկերանալ, բարեկամանալ»ՙ հանուն ազգայի՛ն, պետակա՛ն շահի: Օ՜, ոչ, մենք ընկերանալ ու բարեկամանալ գիտենք միայն հանուն անձնակա՛ն շահի: Եվ այսքանից հետո, այսքանով հանդերձՙ ակնկալել, թե աշխարհը միգուցե մեզ քաղցր, արդար աչքով նայի, առնվազն անբարոյականություն է: