Պատվելի Մաջիլ էլ-Շաֆին Կանադայում գործող «Միջազգային մեկ անկախ աշխարհ» (One Free World International) կազմակերպության հիմնադիր ղեկավարն է: Նրա հետ հարցազրույց է անցկացրել «Zoom-ով» Հայկարամ Նահապետյանը Միրոր-Սփեքթեյթրի համար: Պարզվել է, որ այլ միջազգային կարեւոր հարցերին զուգընթաց կազմակերպությունը զբաղվել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի ժխտողականության դեմ պայքարելու հարցերով: Իսկ 2016 թվի քառօրյա պատերազմից հետոՙ նաեւ Արցախի հիմնախնդրով: «Մենք խորհրդարանի պատգամավորներին ուղեկցեցինք եւ այցելեցինք Արցախ, տեսակցեցինք նախագահի հետ, ծանոթացանք պատերազմից տուժած մարդկանց եւ վայրերի հետ: Անցյալ տարվա պատերազմից հետո, որին մասնակցում էին Թուրքիան եւ վարձկանները Միջին Արեւելքից, մենք ընդլայնեցինք մեր գործունեությունը: Դարձյալ այցելեցինք Արցախՙ Իսլանդիայի խորհրդարանի մի պատգամավորի հետ եւ հրթիռների տարափի ներքո մենք արցախցի լրագրողների հետ հանդիպեցինք եւ մեր մտահոգությունը արտահայտեցինք կատարվող ագրեսիայի նկատմամբ: Հիմա էլ մտահոգված ենք ռազմագերիների, հոգեւոր եւ մշակութային կառույցների հանդեպ տարվող գործողությունների հարցերով»:
Մաջիլ էլ-Շաֆին այժմ վավերագրական ֆիլմ է պատրաստում Արցախի մասին, որին տվել է «Մենք ենք, մեր սարերը» խորագիրը: Ներկայիս այն մոնտաժման փուլում է: Դրանում նա ընդգրկել է նաեւ հինգ տարի առաջ նկարահանած իր նախորդ ֆիլմը:
Հարցազրույցի տեսաժապավենը կարելի է տեսնելՙ այցելելով Միրոր-Սփեքթեյթրի կայքը: