Հարցազրույց Էլժբետա Շվիենչիցկայի հետ
Շվեդաբնակ լեհ հետազոտող եւ դասախոս Էլժբետա Շվիենչիցկան թուրքերենի մասնագետ է եւ արխիվագետ: Թուրքագիտություն է ուսանել Կրակովի Յագելոնյան համալսարանում, 25 տարի թուրքերեն, թուրքական պատմություն եւ գրականություն է դասավանդել Շվեդիայի Ուփսալայի համալսարանում: Էլժբետա Շվիենչիցկան հեղինակ է թուրքերենին, թուրք-լեհական եւ թուրք-շվեդական պատմական կապերին, թուրքական գրականությանը եւ բառարանագրությանը նվիրված գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել լեհերեն, անգլերեն եւ շվեդերեն: Թոշակի անցնելուց հետո նա ժամանակ առ ժամանակ թուրքական գրականություն է դասավանդել Ստոկհոլմի համալսարանի Ասիայի, Միջին Արեւելքի եւ թուրքագիտության բաժնում:
Շվիենչիցկայի հետ ծանոթացել էի դեռեւս 1997 թվականին, Ուփսալայում: Մեր կապը շարունակվեց, տարբեր առիթներով վերստին հանդիպեցինք Վենետիկում եւ Ստոկհոլմում:
Սույն հարցազրույցի առիթն Էլժբետա Շվիենչիցկայի «Ջովանի Մոլինոյի «Իտալերեն-թուրքերեն լեզվի բառարանը» (1641). վերծանված, հակադարձված եւ ծանոթագրված» անգլերեն հատորն է (2020, «Դե Գրույթեր» հրատարակչություն. այս գրքի լույսընծայմանն «Ազգն» անդրադարձել է 2020 թվականի հունվարի 31-ի համարում): Այն 17-րդ դարի հեղինակ Ջովանի Մոլինոյի (նույն ինքըՙ Հովհաննես Անկյուրացի)ՙ իր տեսակի մեջ առաջին թուրքերեն բառարանի քննական վերահրատարկությունն էՙ լույս տեսած որպես Գերմանիայում հրատարակվող «Թուրքական ժողովուրդների լեզվի, պատմության եւ մշակույթի ուսումնասիրություններ» մատենաշարի 23-րդ պրակ: Հեղինակը Մոլինոյի մասին նշել է. «Հայ մշակույթի պատմության մեջ նրան հիշում են որպես գրական գործիչ, հրատարակիչ եւ կրոնական տեքստերի թարգմանիչ, որի ծառայությունները թուրքական լեզվի պատմությանն ու համապատասխան ներդրումը Օսմանյան Թուրքիայի մշակույթին մինչ այժմ անհայտ էին»: Էլժբետա Շվիենչիցկան ոչ միայն քննական հրատարակության է ենթարկել Մոլինոյի բառարանը, այլեւ այն վերակազմել է հակադարձ եղանակովՙ թուրքերեն-իտալերեն: Մոլինոյի բառարանի միավորները ներկայացված են ըստ ձեւաբանական եւ հնչյունաբանական սկզբունքների, իրենց ուղղագրական տարբերակներովՙ բացահայտելով ժամանակաշրջանի օսմաներենի ձեւաբանա-հնչյունաբանական օրինաչափությունները: Աշխատասիրողը ներկայացրել է նաեւ Մոլինոյի կենսագրությունը, նրա աշխատանքի համատեքստը, կապը նախորդների ու հաջորդների հետ եւ կատարել նախնական լեզվաբանական նշումներ:
– Հարգելի՛ Էլժբետա, անցյալ տարվա պատերազմի ծանր օրերին, երբ մենք բոլորս լուրեր էինք սպասում պատերազմի առաջնագծից (նույնիսկ Երեւանի երկնքում հայտնվեցին թուրքական երեք անօդաչու թռչող սարքեր), ես Շվեդիայից ստացա ձեր գիրքը եւ մեծ հաճույքով կարդացի: Խորհրդանշական էր. թուրքական նոր ագրեսիայի ժամանակ ես կարդում էի դարեր առաջ թուրքագիտությանը մի հայի բերած նպաստի մասին: Ցանկանում եմ արտահայտել իմ հիացմունքը ձեր ուսումնասիրության եւ ձերՙ որպես պատմաբանի եւ լեզվաբանի գիտական հմտությունների վերաբերյալ եւ հարցնել, թե ո՞րն էր հիմնական դժվարությունըՙ այս ուսումնասիրությունը գրելիս:
– Չգիտեմ` կարո՞ղ եմ ինչ-որ մարտահրավերի մասին խոսել: Ուրախ եմ, որ Ջովանի-Հովհաննեսի հետ իմ կյանքի գործն ավարտվեց նրա բառարանի հրատարակմամբ ու նրա կենսագրության առնվազն մասնակի վերակառուցմամբ: Ես արեւելագիտություն եմ ուսանել Կրակովի Յագելոնյան համալսարանում եւ կարդացել եմ արաբատառ օսմաներեն տեքստեր: Փնտրելով թեզի թեմաՙ ես հետաքրքրվեցի Ջովանի Մոլինոյի «Իտալերեն-թուրքերեն բառարանով», որի մի օրինակը գտա լեհ ականավոր թուրքագետ Տադեուշ Կովալսկու հավաքածուում: Մոլինոն լատինական տառադարձությամբ գրառել էր շուրջ ութ հազար թուրքերեն բառՙ իր բառարանն օժտելով նաեւ օգտակար ընդարձակ ցուցիչով եւ թուրքերենի քերականության ակնարկով: Այդ ժամանակ ինձ աղբյուրներն անհասանելի էին, որպեսզի ավելին իմանայի հեղինակի մասին, քան այն, ինչ նա գրել էր իր մասին բառարանի նախաբանում: Երբ տեղափոխվեցի Շվեդիա, անդրադարձա բառարանին ու դրա հեղինակինՙ ծրագրելով մանրամասն հետազոտել Մոլինոյի բառարանագրական նյութը: 1994-ին կարողացա գնալ Վենետիկ եւ գրադարաններում տեղեկություններ գտնել Ջովանիի մասին: Վենետիկի Պետական արխիվում հանդիպեցի հանգուցյալ Մարիա Պիա Պեդանիին, որը հետագայում գտավ դիվանագիտական նամակներ, որոնցում հիշատակված է, որ ոմն «երիտասարդ, խելացի, գեղեցիկ» Ջովանին, որն աշխատանք է փնտրում որպես թարգմանիչ, հայ է:
Եվ դու, Արծվի Բախչինյա՛ն, ինձ համար պարզեցիր Մոլինոյի հայկական անունըՙ Հովհաննես Անկյուրացի ու նրա կարեւորությունը հայ մշակույթի համար:
Ես այս հայտնագործությունը 2000 թվականին ներկայացրի օսմանագետների համաժողովում եւ նույն տարի տպագրեցի մի հոդվածՙ «Թարգմանիչ Հովհաննես Անկյուրացի, անվանյալ նաեւ Ջովանի Մոլինո» վերնագրով: Լատինական այբուբենով շուրջ ութ հազար հիմնական գրառում արձանագրելուց հետո, բառարանն օժտելով ընդարձակ ցուցիչով եւ թուրքերենի քերականության վերաբերյալ ուրվագծովՙ երկար ընդմիջումից հետո կարողացա վերստին աշխատել Մոլինոյի բառարանի վերաբերյալ մենագրության վրա: Այն պիտի հրատարակեր «Կլաուս Շվարց» հրատարակչությունը, սակայն հրատարակիչը մահացավ, եւ գործը ստանձնեց «Դե Գրյութերը»:
– Ձեր ուսումնասիրության շնորհիվ հայագետները կհայտնաբերեն Հովհաննես Անկյուրացու կյանքի եւ ստեղծագործության անհայտ կողմը`բացահայտելով նրա ներդրումը թուրքագիտության մեջ: Ինչպե՞ս կբնութագրեք նրա դերը թուրքագիտության պատմության մեջ:
– Մոլինոյի բառարանըՙ հրատարակված Հռոմում, 1641 թվականին, Եվրոպայում թուրքերենի լավագույն եւ ամենից գործածական բառարանն էր մինչեւ Մենինսկու «Տեզաուրուսի» հրատարակումը 1680-ին: Այնտեղ ընդգրկված 7611 բառերը վերցված են ոչ թե օսմանյան գրականությունից, այլ առօրեական լեզվից: Մոլինոն գրի է առել այն լեզուն, որը ժամանակի հետ անցել է, սակայն ծառայել է որպես չափանիշ թուրքերենի ժողովրդականացման համար եւ նպաստել ժամանակակից թուրքերենի ստեղծմանը: Մոլինոն պնդում էր (եւ նա իրավացի էր), որ ինքը գրառել է թուրքերենի «լավագույն տարբերակը»: Հավանաբար, նա նկատի ուներ Կոստանդնուպոլսի ընդհանուր լեզվի «միջին» տարբերակը, որը ձեւավորվել էր առօրյա կյանքի հետ սերտ կապի մեջ եւ ծառայել որպես կրթված դասերի խոսակցական լեզու: Շատ հավանական է, որ Հովհաննես Անկյուրացին «բռնել է» օսմաներեն-թուրքերենը դրա ստանդարտացման փուլում, երբ այն բարբառից վերածվում էր ավելի մեծ տարածքի համար հաստատված լեզվի:
– Հայ լեզվաբանները, վստահաբար, որոշակի դեր են ունեցել թուրքերեն բառարանների ստեղծման եւ Եվրոպայում թուրքերենի նկատմամբ հետաքրքրության արթնացման գործում: Մոլինոյից հետո եղել է Դոն Ջովանի Հակոբը (Ագոպ), ապա մի քանի մասնագետներ 19-20-րդ դարերում…
– Օսմանյան մշակույթի շրջանակներում հայ մտավորականներն ունեցել են որոշակի ներդրում, ներառյալ բուն թուրքերեն ստեղծագործողները: Հիշեմ Հովսեփ Վարդան փաշայի եւ Հովհաննես Պալըքճյանի գրություններն ու թարգմանությունները, Ջովանի Մոլինոյի, Դոն Ջովանի Հակոբի, Վ. Հ. Հակոբյանի, Արթին Հինդօղլուի, Պետրոս Քերեսթեճյանի, Անտոնիո Չադըրջըի, Տիրան Քելեկյանի անունները եւ, վերջապես, այն նշանակալի ներդրումը, որ կատարեց «Թուրքերեն լեզուների ընկերակցության» գլխավոր քարտուղար Հակոբ Դիլիչար Մարթայանըՙ մեծապես օժանդակելով արդի թուրքերենի ստեղծմանը:
– Դուք հայագիտությամբ չեք զբաղվում, բայց ձեր մասնագիտությունը ձեզ հաճախ է «հանդիպեցնում» հայ գործիչների: Իհարկե, ձեր հիմնական «հերոսը» Ջովանի Մոլինոն է, բայց ես հիշում եմ ձեր ուսումնասիրությունը լեհահայ ազնվական, դիվանագետ Զակարիաշ Գամոցկիի վերաբերյալ, ինչպես նաեւ մի քանի այլ պատմական անուններՙ ձեր հոդվածներում:
– Իմ առաջին «հանդիպումը» Զակարիաշ Գամոցկիի հետ առնչվում է նրաՙ որպես Մարտին Լյութերի «Կատեխիզմի» թուրքերենի համաթարգմանիչը լինելու իրողությանը: Այն 1675 թվականին Ստոկհոլմում հրատարակել է գերմանացի պատմաբան եւ գրող Յոհաննես Հերբինիուսը: Գամոցկին լեհահայ էր, ծնունդով Կամենեց-Պոդոլսկից: Նա Շվեդիայի թագուհի Քրիստինայի օրոք մեկնել է Շվեդիա եւ որոշել է ծառայել շվեդներին: Ժամանակ առ ժամանակ նրան հանձնարարվել է որպես թարգմանիչ հանդես գալ շվեդ-թաթարական դիվանագիտական ներկայացուցչություններում: Հայտնի է, որ Ղրիմի դեսպանության երկու անդամներ Շվեդիայում մշտական բնակություն են հաստատել 1671 թվականի սեպտեմբերից մինչեւ 1672 մարտը, ժամանակակից տերմինովՙ քաղաքական ապաստան են խնդրել: Ապաստան ստանալու պայմանը Շվեդիայում ընդունված Աուգսբուրգ-Ավետարանական հավատքին անցնելն էր, իսկ ապաստան հայցողները գիտեին միայն թուրքերեն, ուստիեւ առաջացել է հավատքի հիմնական կետերը թուրքերեն թարգմանելու անհրաժեշտություն, ինչը եւ կատարել է Գամոցկին: Նա զինվորական էր, այլ տրամաչափի մարդ, քան գրական գործիչ Մոլինոն:
– Դուք դեռ չեք եղել Հայաստանում (բարո՛վ այցելեք), բայց կարծես որոշակի շփումներ ունեցել եք հայագետների եւ հայագիտական կենտրոնների հետ:
– Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Քո շնորհիվ, Արծվի՛, ես կարողացա քննարկել հայ եկեղեցու բարդ եկեղեցական իրավիճակը Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր արքեպիսկոպոս Լեւոն Զեքիյանի հետ, որն ինձ հրավիրել էր 2012-ինՙ դասախոսություն կարդալ Ջովանի-Հովհաննեսի մասին Վենետիկում, հայոց լեզվի եւ մշակույթի ամառային խտացյալ դասընթացի ուսուցիչների եւ ուսանողների համար: Ես երախտագիտությամբ կհիշեմ մեր ուղեւորությունը Սուրբ Ղազար կղզիՙ Մխիթարյանների մատենադարանը, որտեղ տեսա Հովհաննես Անկյուրացու գլուխգործոցների բնօրինակ հրատարակությունները: Քո շնորհիվ ես նաեւ կարողացա կապ հաստատել «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ. հայ գրական ավանդույթի տեսողական հետազոտություն» ցուցահանդեսի ստեղծող դոկտոր Լեւոն Ավդոյանի հետՙ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից, որտեղ ցուցադրվում էին Մոլինոյի որոշ հրատարակություններ:
Իմ գրքի վերջաբանում ես գրել եմ. «Թուրքիան ունի հարուստ պատմություն: Անցյալը տարբերվում էր ներկայից: Կայսրության փլուզումից հետո մնացին միայն հայերի, հույների, ասորիների, արաբների եւ այլոց մշակույթների հետքերը: Թուրքական մշակույթը, որքանով ընդունում է օսմանյան անցյալի շարունակությունը, կարող է հարստանալ կայսրության բացակա համերկրացիներիՙ ընդհանուր մշակույթում անցյալի ներդրման կարեւորության մասին գիտելիքներով»:
«Հայագիտական ուսումնասիրությունների հանդես» (ԱՄՆ), թիվ 27 (2020):
Նկար 2. Արծվի Բախչինյան եւ Էլժբետա Շվիենչիցկա, Սուրբ Ղազար-Վենետիկ, 2012: