ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ
«Զարթօնք», «Արեւ», «Պայքար», «The Armenian Mirror-Spectator», «Նոր օր», «Ապագայ», «Ազգ» եւ այլ պարբերականների պատմությունը, երբեմն էլ սկզբնավորումը անխզելիորեն կապված է նշանավոր հրապարակագիր եւ ազգային-հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի անվան հետ, որ պատնեշի վրա է անցյալ դարի 60-ականներից սկսյալ:
Ու դժվար է գտնել հայ ընթերցող Հայաստանում թե արտերկրում, որը կարդացած չլինի նրա հազարավոր հոդվածներից գեթ մեկը, չասելու համարՙ շատերը: Տարբեր տարիներին «Ազատյան» ստորագրությամբ հրապարակված հոդվածների մի մասըՙ գրական-հասարակական, պատմաքաղաքական եւ այլն, ամփոփվել են 5 հատորներումՙ «Կեանք եւ երազ Հայաստան» (1964), «Գրական գեղարուեստական սեւեռումներ» (1988), «Portraits and Profiles» (1995), «History on the Move» (1999), «Դիտումներ եւ դատումներ» (2006), «Ժամանակի եւ ժամանակակիցներու հետ» (2018), «Էջեր կորուսյալ եւ անկորուստ» (2019):
Ուշագրավ է այն, որ տասնամյակների հետ դույզն-ինչ չի մարում Երվանդ Ազատյանի գրելու սերը, ավելինՙ կիրքը: Օրերս լույս տեսած նոր գրքիՙ «Ազգային-քաղաքական յորձանուտի մէջ» (գիրք Ա), Առաջաբանում «Ազգ»ի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այդ երեւույթը պայմանավորում է «ընթերցողի հետ հերթական ժամադրության սպասողի անհամբերությամբ»:
Նշյալ հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանի «Թեքեյան» կենտրոնումՙ մասնակցությամբ ԱՄՆ-ից ժամանած հեղինակի եւ մտավորականության ներկայացուցիչների: Նորատիպ գրքի կազմող-խմբագիր Երվանդ Տեր-Խաչատրյանը , բացելով միջոցառումը, անկեղծացավՙ նշելով, որ դժվարություն է ունեցել հոդվածների ընտրության հարցում: Բանն այն է, որ «Պայքար» շաբաթաթերթի վերջին տարիների ազատյանական 180 խմբագրականներից հարկ էր ընտրել կեսըՙ իրարահաջորդ զույգ հատորների համար:
Ով ծանոթ է Երվանդ Ազատյանի ազգային-քաղաքական հոդվածներին, կարող է վկայել, որ դրանք աչքի են ընկնում լավատեղյակությամբ, վերլուծական նախանձելի կարողությամբ եւ փաստերն ու իրողությունները համադրելու եւ անաչառ ներկայացնելու վարպետությամբ: Այդ եւ Ազատյան հրապարակագրի անձի ու գրչի արդյունք հանդիսացող նրա հսկա ժառանգության այլ բարեմասնությունների մասին հանգամանալի խոսեց Հակոբ Ավետիքյանը ՙ ի մասնավորի ընդգծելով հեղինակի «սերն ու հավատարմությունը լրագրողի, հրապարակագրի կոչումին: Ավելի քան 60 տարի նա բնավ, երբեք եւ ոչ մի անգամ չլքեց իր կոչումը, որի հետ հավիտենական կենակցության մեջ էՙ որպես սիրուհի ունենալով գրականությունը»:
Իրոք, այդ երկուսի գիրկընդխառնության մեջ պիտի նախ եւ առաջ տեսնել Ազատյան գրող-լրագրողի ստեղծագործության գրավչությունն ու ձգողության ուժը: Անձամբ ես, չլինելով «քաղաքական», իսկ ավելի ճիշտՙ «քաղաքականացված» մարդ, մեծ հաճույքով եմ ընթերցում Ազատյանի նաեւ սուր քաղաքական հոդվածներն ու վերլուծությունները, որովհետեւ դրանք մատուցվում են գրական շնչով ու պատշաճ լեզվիմացությամբ: Այսօր սակավ են նրանք, ովքեր հավասարապես կարող են իրենց մտքերը շարադրել հայերեն ու անգլերեն: Չմոռանամ նշել, որ օտարալեզու շատ գրություններ «Ազգ»ում արեւելահայերենով լույս են տեսնում Հակոբ Ծուլիկյանի հիանալի թարգմանությամբ եւ նշանավոր երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանի (Toto) անկրկնելի ստեղծագործություններով, որոնց մի մասն էլ զետեղվել է նորընծա : ժողովածուում: Միջոցառման ժամանակ Ազատյանի արեւմտահայերեն վերլուծություններից մեկն ընթերցեց Քնարիկ Աբրահամյանը :
Թերթում ես նոր լույս տեսած գիրքը, որի պարունակյալ հոդվածների մի մասն արդեն ծանոթ է հավատարիմ ընթերցողին, եւ պարզում, որ դրանք արծարծում են բազմաթիվ ու բազմազան թեմաներՙ հայ-ամերիկյան, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի խնդիր, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հայրենադարձություն եւ այլն, եւ այլն: Զարմանալ կարելի է, թե ինչպես է մեր հայրենակիցը, ապրելով դրսում, այդչափ տեղեկացված է մեր ներսի խնդիրներից, որոնք նա քննում է համահայկական հարթության վրաՙ զուգադրելով ու բաղդատելով հայ սփյուռքի հարցերի հետ:
Լինելով ՀԲԸՄ ցկեանս նախագահ Ալեք Մանուկյանի գրասենյակի 37 տարիների տնօրենըՙ Երվանդ Ազատյանը ծավալել է նաեւ բարեգործական տպավորիչ գործունեություն, որի առանձին դրվագների իր ելույթում անդրադարձավ գրականագետ, Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն Հենրիկ Բախչինյանը : Իր հուշերն ու տպավորությունները ներկայացրեց նաեւ պատմաբան, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը :
Հավարտ շնորհանդեսի ելույթ ունեցավ ինքըՙ Երվանդ Ազատյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին, մյուս աշխատակիցներին եւ բոլորին, ովքեր մասնակիցն են եղել իր այս աշխատասիրության նախապատրաստությանն ու ծնունդին: Ներկաներս միաժամանակ տեղեկացանք, որ գրքի 2-րդ հատորը լույս կտեսնի աշնանըՙ առաջիկա հոկտեմբերին:
Ավելացնենք, որ ներկայացվող միջոցառմանը քնարական շունչ հաղորդեց «Նաիրյան» վոկալ համույթն իր կոմիտասյան շատ հարազատ, շատ յուրահատուկ կատարումներով: