Օրերս Սկոպյեում կայացած Դեւիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի մրցմանը Հայաստանի թենիսի ընտրանին իր ուժերը չափեց Ալբանիայի, Ադրբեջանի եւ Չեռնոգորիայի հավաքականների հետ եւ տպավորիչ հաղթանակների շնորհիվ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականըՙ հնարավորություն ստացավ հաջորդ տարի Դեւիսի գավաթի 3-րդ ենթախմբում հանդես գալու:
Հայաստանի հավաքականի թենիսիստներ` Հենրիկ Նիկողոսյանը , Սեդրակ Խաչատրյանը , Միքայել Ավետիսյանը եւ Նադիր Սարգսյանը , մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ խաղային առաջին օրը 2/1 հաշվով հաղթեցին Ալբանիայի ընտրանուն ,իսկ 2-րդ օրը նույն հաշվով պարտության մատնեցին Ադրբեջանի հավաքականին:
Ադրբեջանցիների դեմ մրցապայքարի առաջին խաղում Սեդրակ Խաչատրյանը 6:3, 6:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլվին Հաշիմովի նկատմամբ: Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանը 5:7, 4:6 հաշվով զիջեց Թամերլան Ազիզովին:
Զուգախաղում Սեդրակ Խաչատրյանն ու Հենրիկ Նիկողոսյանը 1 ժամ 48 րոպե տեւած պայքարում 6:4, 1:6, 6:1 հաշվով պարտության մատնեցին Թամերլան Ազիզով եւ Էլվին Հաշիմով զույգին:
Աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ընտրանին ենթախմբում զիջեց միայն Չեռնոգորիայի թիմին` 0/3 հաշվով:
Ադրբեջանի նկատմամբ տարած վստահ հաղթանակի, մրցաշարի եւ հարակից խնդիրների մասին զրուցեցինք Հայաստանի հավաքականի թենիսիստ Հենրիկ Նիկողոսյանի հետ.
– Տարաք անչափ կարեւոր հաղթանակ Ադրբեջանի թիմի նկատմամբ: Մե՞ծ էր պատասխանատվությունը խաղից առաջ:
– Շատ մեծ, որովհետեւ ընդհանուր հաշիվը 1-1 էր ու երրորդ խաղը զուգախաղ էր,որտեղ ես եւ Սեդրակ Խաչատրյանն էինք խաղում: Ընդհանրապես չէինք զգում ոչ հոգնածություն, ոչ լարվածություն, մեր նպատակը միայն հաղթանակն էր: Ամեն ինչ ստացվում էր իդեալական, եւ հաղթեցինք:
– Ի՞նչ զգացողություններ ունեցաք նման սկզբունքային մրցակցին պարտության մատնելուց հետո:
– Շատ մեծ բեռ ասես ընկներ մեր վրայից,այնպիսի տպավորություն էր, կարծես մեր ողջ կյանքի ընթացքում մարզվել էինք հենց այդ օրվա ու խաղի համար,իսկ հաղթանակից հետո ամեն բան թեթեւացավ մեր շուրջբոլորը:Անչափ կարեւոր հաղթանակ էր սա մեզ համար:
– Առջեւում կա՞ն նոր մրցարշարեր,որոնց մասնակցելու է թենիսի Հայաստանի հավաքականը:
– Հավաքականի խաղերը, որպես այդպիսին լինում է տարին մեկ անգամ, Դեւիսի գավաթի շրջանակներում,ուստի հաջորդ տարի պետք է խաղանք այդ մրցարշարի հաջորդ ենթախմբում:
– Չնայած վստահ հաղթանակներինՙ ենթախմբում զբաղեցրեցիք 2-րդ հորիզոնականը: Ի՞նչը չբավականցրեց 1-ին տեղը գրավելու համար:
– Կարծում եմ ավելի շատ փորձի պակասը խանգարեց մեզ, որ հաղթեինք Չեռնոգորիային: Ճիշտ է, իրենք ուժեղ էին, սակայն փորձի պակասը իր դերը խաղաց: Նրանք ի տարբերություն մեզ անընդհատ մասնակցում են մրցարշարերի, իսկ մեր դեպքում դա մեծ ֆինանսների հետ է կապված:
– Ի՞նչ քայլեր են հարկավոր ձեռնարկել թենիսը մեր երկրում էլ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար, ինչն էլ իր հերթին միջազգային նոր հաղթանակներ կբերի մեր երկրին:
– Ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնելու համար կարծում եմ պետք է գտնել հովանավորներ, որպեսզի ավելի շատ մրցումներ կազմակերպվեն մեր երիտասարդների ու երեխաների համար: