Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Օրենքի եւ իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն: Այս օրենսդրական նորմը, որը հուլիսի 9-ի իր հույժ տեղին հաղորդագրությունում հիշեցրեց ՀՀ լեզվի կոմիտեն, ըստ ամենայնի հաճախ կրկնելու կարիք կա մեր տնտեսվարողների ու նույնիսկ տարբեր պետական կառույցների համար:
Ինչպես հիշյալ հաղորդագրությունում նշվում էր, հուլիսի 7-ին մայրաքաղաքում աշխատանքը սկսած նոր կառույցիՙ պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:
Դժվար է ասելՙ օտարների դարեդար տիրապետությա՞ն, թե՞ հատկապես անկախության այս տարիներին սերմանվածի հետեւանքով մեզանում տեղ գտած հոգեբանությամբ այսօր հաճախ ենք ականատես լինում մեր իսկ կողմից մեր ազգային արժեքների թերագնահատմանն ու ստորադասմանը օտար արժեքներին, այդ թվումՙ լեզվին: Ժամանակին շատ է խոսվել, օրինակ, մայրաքաղաք Երեւանի, հանրապետության մյուս քաղաքների ու այլ բնակավայրերի խանութների, տարբեր հաստատությունների, հասարակական եւ այլ օբյեկտների անվանումների, դրանց ցուցանակների լեզվի մասին, բայց օտարալեզու, օտարատառ եւ օտարաբառ անունների տարածվածությունը պետական ոչ բավարար հսկողության պատճառով ավելի է խորացել: Այնքան, որ կարծես սկսել է սովորական դառնալ: Ի դեպ, պետական վերահսկողության հարցում միայն Լեզվի կոմիտեի իրավասությունները բավարար չեն:
Պատահում են անգամ այնպիսի ցուցանակներ, որոնցում հայերենն ընդհանրապես բացակայում է: Մեծ խումբ են կազմում այնպիսիք, որտեղ հայերենը կա, բայց այս կամ այն կերպ գերիշխողը, առավել աչքի ընկնողը օտարատառ-օտարալեզուն է, հատկապես անգլերենը: Կան եւ հայատառ օտարաբառ ցուցանակներ… Չգիտեմ ինչ «Օկայ» ու «գարդեն», ինչ-որ «Ֆուդ սթայլ քորտ» ու եսինչգիտեմ ինչ… Որ փորձենք թվարկումը շարունակել, երեւի թերթի էջը չի բավականացնի: Բանն այնտեղ է հասել, որ Կումայրի-Գյումրիում, օրինակ, միայն լատինատառ է գրված քաղաքի կենտրոնի մի գողտրիկ խանութի… «Մեծ Հայք» անունը:
Ո՞ւմ համար են այսպիսի ցուցանակները: Ակնհայտորենՙ ո՛չ հայ հաճախորդի: Գուցե օտարերկրացիները հե՞րթ են կանգնել, որ գան մեր խանութները, սրճարաններն ու սպասարկման այլ օջախներն այցելեն, օգտվեն, հիանան մեր հրավերով, մեր ցուցանակներում մեր ազգային դեմքի բացակայությամբ…
Չկա՛ նման բան: Առեւտուրն ու սպասարկումն իրենց տեղը, էլի թող լինեն, բայց եկեք նախ մի քիչ էլ ինքներս մե՛զ համար ապրենք: Օտարալեզու ցուցանակներն էլ, իհարկե, պետք են, բայց հայերենից հետո: Որովհետեւ հարկ է մի քիչ էլ մեր ազգային արժանապատվության մասին մտածել: Դրսից եկող օտարը գալիս է նաեւ մեր արժեքները, մեր ազգային դեմքն ու դիմագիծը տեսնելու: Երբ նա թեկուզ այդ ցուցանակներում մեր ազգային արժանապատվության բացակայությունը տեսնի, մեր լեզուն ստորադասված տեսնի, մի՞թե մեզ կհարգի:
Լեզուն ազգի գլխավոր հատկանիշն է: Եվ մեր լեզուն ուրիշներինին ստորադասելովՙ մենք ակնհայտորեն նաեւ մեզ ենք ստորադասում որպես ազգի:
…Եվ մեր պաշտոնական լեզուն
Եթե ՀՀ պետական լեզուն հայերենն է ընդհանրապես, ապա պաշտոնական լեզուն ԳՐԱԿԱ՛Ն հայերենն է: Սա նույնպես օրենսդրական նորմ է, որը սակայն, գուցե ամենից շատ է խախտվում: Եթե ոչինչ չլինի, այդ միջավայրում գրեթե համատարած ա-ախոսությունը բավական է այդպես պնդելու համար:
Թվում էՙ կա՞ ավելի պաշտոնական մի վայր Հայաստանում, քան երկրի խորհրդարանն էՙ Ազգային ժողովը: Այստեղ խոսվող լեզուն ընդհանուր առմամբ պետք է ուշադիր ուսումնասիրվի եւ կարծում ենքՙ ավելի պատասխանատու դառնա: Եթե հիշում ենք, Գերագույն խորհրդի ժամանակ, արդեն 90-ականների սկզբին, այնտեղ պատգամավոր էր նաեւ անվանի լեզվաբան, բանասեր համալսարանականների ոչ մեկ սերնդի սիրելի դասախոսներից Ռաֆայել Իշխանյանը , որն իր հեղինակությամբ կարողանում էր ինչ-որ չափով ուղղել պատգամավորների պաշտոնական խոսքի որոշ սխալներ: Մինչդեռ այն ժամանակ Հայաստանի խորհրդարանում խոսվող լեզուն անհամեմատելի է մեր այս տարիների խորհրդարաններում խոսվող լեզվի հետ, որը ոչ սակավ դեպքերում ավելի կենցաղային մակարդակի է եւ այդպիսի մտածողություն հիշեցնող:
Ներկա Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջին նիստերից մեկում, օրինակ, օրենսդիր մարմնի նախագահությունից ռեպլիկի կարգով դիմելով ելույթ ունեցող պատգամավորին, ասաց. «Պարոն (այսինչ), նենց չի, որ դուք պետք ա ասեքՙ ինքը խոսի, հետո դուք խոսեք»: Հուսով ենքՙ պրն. Սիմոնյանն այս բառապաշարն ուղղելու հնարավորություն եւս կունենա: Կամ նույնիսկ գեղեցիկ գրական հայերենով խոսքը սկսած մի պատգամավորուհի ի վերջո ասաց. «Սե՞նց էիք որոշում կայացրել»…
Մինչդեռ երեւի ակնհայտ է, որ օրենսդիրն ինքը ոչ միայն պարտավոր է օրենքի պահանջը կատարել եւ հրապարակային պաշտոնական խոսքի օրինակ տալ, այլ նաեւ հարկ եղած դեպքում քննարկել, ուղղորդել գոնե, ասենք, հանրային հեռուստաեթերում հնչող խոսքը…