2021թ. հունիսի 21-ից հուլիսի 1-ը Մեծ Բրիտանիաում անցկացվեց Եվրոպայի գրքի ամենամեծ ցուցահանդեսներից մեկը`Լոնդոնի գրքի տոնավաճառը: 2021 թվականին առաջին անգամ ցուցահանդեսն անցկացվեց գլոբալ թվային ձեւաչափով: Ցուցանմուշների համար ստեղծվել էր 2 վիրտուալ հարկերի շքեղ առցանց տարածք:
1971թ.-ին ստեղծված Լոնդոնի գրքի ցուցահանդեսը 50 տարիների ընթացքում հաջողությամբ զարգացավ` դառնալով համաշխարհային առաջատար ֆորում, որն ավանդաբար միավորում է աշխարհի խոշորագույն հրատարակիչներին, գրադարանավարներին, առաջատար հեղինակներին, գրքի տարածողներին եւ գիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչներին: Մինչեւ 2020 թվականը ցուցահանդեսն անցկացվում էր ամեն տարի: 2021 թվականին այն առաջին անգամ անցկացվում էր առցանց:
Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի 10 օրվա ընթացքում վիրտուալ տարածքի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ առցանց հանդիպումներ, դասախոսություններ, սեմինարներ` նվիրված ժամանակակից գրականության խնդիրներին, գրքերի հրատարակում, գրքերի արտադրանքի տարածում եւ մատչելիություն, հեղինակային իրավունքի հիմնահարցեր, ներառյալ կրթական եւ գիտական հրատարակություններ:
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ, «Ազգ»-ի երկարամյա թղթակից Ստեփան Պապիկյանի աշխատանքը բարձր է գնահատվել Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ եւ ամփոփագիրը ներառվել է հատուկ կատալոգում (Լոնդոնի գրքի ցուցահանդեսՙ 2021 հունիսի 21-հուլիսի 1):
Ս. Պապիկյանը շուրջ 200 գիտական աշխատությունների հեղինակ է, բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ: Նա ներկայումս մեծ ծավալի աշխատանքներ է կատարում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, ինչպես նաեւ համաշխարհային էներգետիկայի զարգացման համար: Հեղինակել է «Հայաստանի էներգետիկայի պատմությունը» քառահատոր գիտական մենագրությունը: 2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման բնագավառում ծանրակշիռ ավանդի համար պարգեւատրվել է Արցախի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: Հաջողությամբ տպագրվում է նաեւ արտասահ-մանյան հեղինակավոր գիտական պարբերականներում:
«Ազգ»ը ջերմորեն շնորհավորում է իր աշխատակցինՙ արձանագրած հաջողությունների առթիվ: