Շուրջ 150 տարի առաջ, երբ հայ ժողովուրդը հայտնվել էր իր պատմության հերթական բախտորոշ կեռմանում, անհրաժեշտություն առաջացավ նրա գոյության իրավունքն այս անգամ էլ պաշտպանել դիվանագիտության խորխորատներում: Ինչպես հայտնի է, այդ առաքելության ղեկավարը Խրիմյան Հայրիկն էր, որը հետագայում դառնացած ասում էր, որ երբ գնացի Բեռլինի վեհաժողով` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ եւ առաջ պետք է ունենալ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈԻ իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երեւի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ եւ արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջեւ բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարեւորը, որ ես հասկացաՙ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…
Այսօր, դարուկես հետո էլ, մենք ոչ միայն քրտնաջան տերեր ենք փնտրում, վիճում այս կամ այն հավանական տիրոջ առավելությունների ու վնասակար լինելու հարցում, այլեւ հաճախ աջ ու ձախ մեղադրում ենք նրանց, ոչ ավել ոչ պակաս, դավաճանության մեջ: Իսկապես խենթանալ կարելի այս տեսակ ու այսքան տեւական, առանց չափազանցությանՙ դարավոր կայուն ու անփոփոխ համառության, անուղղելի մանկամտության համար: Իրավ է ասված, որ հայ ժողովուրդը յուրահատուկ, շատ ու շատ բաներում առաջինը եղող ժողովուրդ է: Այլ բացատրություն ուղղակի չկա:
Մի տարօրինակություն էլ ունենք. դարեր շարունակ ինքներս մեզ կոչ ու քարոզ ենք անում լինել միասնական եւ ուժեղ: Բայց չէ՞ որ ուժեղներին սովորաբար չեն սիրում, քանի որ նրանք չեն կարող վերահսկվել: Ուժեղները լսում են իրենց ներքին ձայնին, գիտեն ինչի են արժանի եւ պատրաստ չեն հրաժարվել դրանից: Նրանք ունեն ուժեղ արմատներ, որոնք չեն կարող պոկվել կամ քայքայվել: Անհնար է ոչնչացնել նրանց երկաթյա ինքնասիրությունը, բարոյականությունը եւ հավատը իրենց հանդեպ: Հզորները կարողանում են դիմակայել ցանկացած ճշմարտության, ճակատագրի հարվածներին, նույնիսկՙ դավաճանությանը: Նրանք սովորում են, թե ինչպես վերքերը վերածել իմաստության եւ վայելել կյանքըՙ հոգու խորքում պահպանելով գեղեցկությունը, քնքշությունը եւ հավատը հաղթանակի նկատմամբ:
Հետո էլ ուժեղները չեն կանգնում ուրիշների ճանապարհներին, առեւտուր չեն անում հայրենիքով, երջանկությամբ, ոչ մեկից եւ ոչ մի դեպքում սեր չեն մուրում: Բայց եթե Աստված այդ զգացողությունն ուղարկի նրանց, նրանք դա ընդունելու են որպես հիանալի նվեր եւ երբեք չեն դավաճանի ո՛չ այդ սիրուն եւ ո՛չ էլՙ իրենց սիրելիին: Նրանք ապրում եւ գործում են ազնիվ, չեն կեղծում իրենց պատմությունը, ուրիշներին չեն սովորեցնում ինչպես ապրել, այլ գերադասում են խորանալ եւ զարգանալ հենց իրենք իրենց մեջ: Պատասխանատու են իրենց ասածի եւ արածի համար, եւ ընկնելու դեպքում էլՙ իրենք միայն իրենց են մեղադրում եւ, որ ամենակաեւորն է, դասեր են քաղում թույլ տված սխալներից: Ուժեղները բոլորից հուսալի են: Նրանց չեն կարող շեղվել իրենց սկզբունքներից, թույլ չեն տա իրենց կամքին հակառակ ինչ-որ բան պարտադրեն, իրենք էլ են խուսափում պարտադրել որեւէ բան որեւէ մեկին: Նրանք գիտեն նաեւ ինչպես ու երբ հեռանալ, ինչպես ընդմիշտ հրաժարվել վնասակար գաղափարներից: Երբեք խորհուրդ չի տրվում փորձության ենթարկել նրանց նվիրվածությունը, զգացմունքները, բնավորությունն ու համբերությունը:
Ուժեղների հետ կարողանում են մնալ միայն ուժեղները….Արդ, հարկավոր է նախ հասկանալ, մեկընդմիշտ ըմբռնել այս պարզ, բայց իրավացի ու բոլոր պարագաներում իրենց արդարացնող գաղափարները, հետո այնքան ուժեղ լինել, որ հնարավոր դառնա ուժեղների հետ մնալ:##
Անկախ պետականությունը ցանկացած ազգի հավաքական աշխարհայացքի բաղձալի գագաթնակետն է: Մենք էլ 30 տարի առաջ ազատ կամաարտահայտությամբ ընտրեցինք այդ ճանապարհը: Այսօր էլ մեր վիճակը կարող էր ավելի լավը լինել, ինչու չէ, նաեւՙ շատ ավելի լավը: Իհարկե, կարող էր նաեւ ավելի վատը լինել, քան կա այսօր (սրանից վատից Աստված հեռու պահի): Ինչ որ է: Այսօր նշենքՙ փառք բոլոր նրանց, ովքեր այդ ճանապարհին իրենց կյանքը զոհեցին: Շնորհակալություն նրանց, ովքեր անշահախնդիր իրենց ներդրումն ունեցան այդ նպատակներն իրականացնելու գործում: Միայն անձնական շահի համար գործածների մեղքն էլ իրենց վիզը: Շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ եւ մաղթում, որ Աստծո կամոք մեր հավաքական երազանքների Հայաստանը օր առաջ իրականություն դառնա…
Այսօր լրացավ Հայաստանի անկախության վերականգնման կամ, որ նույնն է, Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման 30-մյակը: Բարդ ու հակասական եղան այդ երեսուն տարիները: ՀՀ անկախության գործընթացն ընթացավ 1988թ. սկզբնավորված արցախյան շարժման զուգորդությամբ, շարժումՙ որն աստիճանաբար վերածվեց ազատագրական պատերազմի: 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված անկախության մասին «Հռչակագիրը» մատնանշեց այն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղենիշները, որոնց հիմքով պետք է վերակերտվեր անկախությունը: Իսկ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեին ժողովուրդը գնաց միակամ, այն համոզվածութամբ, որ եկել է մեր մեծ երազիՙ ուժեղ, անկախ եւ ազատ Հայսատան կերտելու ժամանակը:
Սակայն, ստիպված ենք արձանագրել նաեւ, որ, ցավոք, այդ երեսուն տարիների ընթացքում, անկախությունը որպես գերագույն արժեք, պատճառաբանված ու լրջորեն չհիմնավորվեց, տեղ չգտավ մեր ժողովրդի հոգում եւ այդպես էլ մնաց սոսկ կենացի թեմա, մոդայիկ բառաեզրույթ: Ավելին, ժամանակի ընթացքում այդ վեհ գաղափարը գրեթե մոռացվեց, մնաց թերթագրքային մակարդակում, ավելինՙ ոտնահարվեց հետեւյալ պատճառներով.
1. Արցախյան պատերազմում մեր հաղթանակը, 1991-98թթ. վարված արտաքին ճկուն քաղաքականությունը, որն ընթանում էր մեր ինքնուրույնության ամրապնդման, արցախյան խնդրի արժանապատիվ լուծման ճանապարհով, կտրուկ շրջադարձ կատարեց դեպի պարտվողական ուղին, առավելապաշտությունը կամ ավելի ճիշտՙ դրա քողի ներքո իշխանության հասնելու բուռն ցանկությունը, Արցախին դուրս մղեց բանակցային գործընթացից:
2. 1998 թվականից սկսած այն անձինք, որոնք իշխանության եկան Արցախի խնդրի շահարկումով, բանակցություններ վարեցին դարձյալ փոխզիջումների, ավելինՙ զիջումների ճանապարհով: Նրանք նաեւ ժողովրդին ներշնչում էին այն թյուր համոզմունքը, որ հայոց բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, սակայն երկու տասնամյակից ավելի հայոց մայրերի սրտերում իշխեց տագնապն ու անհանգստությունը, որ հանկարծ չլսի սեփական զավակի կորստի բոթը: Արցախի խնդիրը ծառայեց որպես իշխանություն պահելու միջոց եւ ամեն անգամ ներքին հակաիշխանական շարժումների դեպքում մատնանշվում էր արտաքին հարձակման վտանգը: Ինչպես նաեւՙ իշխանության հասնելու միջոցՙ իշխանություններին քննադատելով այդ խնդրում զիջումների կամ նույնիսկ դավաճանության գնալու կարգախոսներով:
3. Բանակի եւ Արցախի ամրապնդման քողի տակ մսխվեցին միլիարդավոր ֆինանսական ռեսուրսներ, Հայստանում ձեւավորվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որն հարստանում էր հայրենասիրության շահարկմամբ, առավելապաշատության մարմաջով, անտեսելով Ադրբեջանի օրեցօր ուժեղանալու հանգամանքը եւ քաջությունը չունենալով կամ հատուկ չհայտարարելով այն մասին, որ բանակցում են միայն ու միայն հողեր զիջելու շուրջը եւ միանգամայն անխուսափելի էր, որ դա ընթանում էր երկրի համատարած թալանի եւ կողոպուտի պայմաններում:
4. Մեր հարեւանների հետ նորմալ դիվանագիտության հարաբերություններ ձեւավորելու գործընթացն աստիճանաբար վերածվեց նրանց հետ ստիպողաբար հարաբերությունների գնալու գործընթացի, քանի որ այդպես էին պահանջում մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը:
5. Այդ ամենի արդյունքում, արդեն մեկ տարի առաջ սկսված պատերազմը մեզանից խլեց մի ամբողջ սերունդ, լրիվ հողին հավասարեցրեց անկախության վեհ գաղափարը, որի մասին նույնիսկ արդեն ոմանք խոսում են քամահրանքով: Արցախի գրեթե 75 տոկոսը մնաց մեր թշնամուն:
Բայց եղածն արդեն անցյալում է, անկախությունն էլ, անշուշտ, պետք է նշվեր, առանց ավելորդ ցուցամոլության եւ ամպագորգոռ ճառերի, մեր նահատակների առջեւ խոնարհումով եւ այն ազգային անվտանգության հայեցակարգի մատուցումով, որը պետք է տանի նորից անկախության նկատմամբ հավատի վերականգնմանը եւ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդմանը: Ստեղծված պայմաններում դա դյուրին գործ չէ եւ պահանջում է համախմբում, դավաճանական ձգտումների բացառում, փոխադարձ հարգանք, մեկը մյուսի նկատմամբ սեր եւ հանդուրժողականություն: Եկել է ժամանակը, որ թոթափենք ատելությունը, սխալ ենքՙ հեռանանք, թերի ենքՙ լրացնենք մեկս մյուսին: Մեր գործած սխալները չբարդենք ուրիշների վրա: Վերջնականապես չդառնանք մեծերի քաղաքականության կցորդը, չապրենք ողորմության ձեռք մեկնելով: Հաղթում է նա, ով ունի կամք, ունի խելք. այդ դեպքում ուժն ինքնաբերաբար կգա: Շնորհավոր անկախության տոնը, հոգեկան անդորր, արիություն եւ սեր մեր ժողովրդին, որին հիմնական ուղղորդողը հայ քաղաքական միտքը պետք է լինիՙ անցյալի դասերով հղկված եւ կոփված: Փառք անկախության բոլոր նահատակներին: Խոնարհում նրանց եւ ապրող հերոսներին:
Եկեք չմոռանանք, որ ինչպես իրավամբ ձեւակերպել է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը , մենք միշտ ասում ենք` Հայրենիքը մեր մայրն է, մեր ծնողն է: Բայց այսօր անհրաժեշտ է փոխել բեւեռները եւ ասել, որ ՀԱՅՐԵՆԻՔԸՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆ Է, իսկ հայ մարդն իր զավակին երբեք չի լքել եւ չի լքի… Հայ մարդն ամուր է, առաքելություն ունի այս աշխարհում նախ եւ առաջ իր միասնականությամբ, քանի որ «Ցեղն է միայն ընդունակ դնել հավիտենական, սրբազան եւ զորավոր նպատակ: Ցեղի հավիտենական խնդիրը Հայրենիքն է: Ցեղի համար դա ո՛չ թե շահագործելի հող է եւ ավելի լավ ապրելու միջոց, այլ` էության պահանջ» ( Հայկ Ասատրյան ): Իսկ անկախությունն իսկապես բացարձակ արժեք է եւ անգամ այս դժվարին պայմաններում անկախությունը քննարկման կարիք չունի: Դա, ինչպես հաճախ կրկնում էր Վազգեն Սարգսյանը , մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է: Այդ ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը:
Շնորհավորում եմ անկախության երեսամյակը: Միանում այդ առիթով հնչած անկեղծ, հոգու խորքից ու գիտակցված բոլոր մաղթանքներին:
21.08-21.09.2021