Այդ հանդիպումը անցկացվել է առանձնազրույցի ձեւաչափով, իհարկե` դռնփակ
Սեպտեմբերի 29-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպեց իր ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումն անցկացվեց առանձնազրույցի ֆորմատով, առանց պատվիրակությունների, որին բացի նախագահներից ներկա էին միայն թարգմանիչը, ինչպես ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հանդիպման պարագայում էր, արձանագրություն նմանապես չկազմվեց:
Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ, ի տարբերություն ռուսական լրատվամիջոցների, թուրքականների ուշադրության կենտրոնում է: Վերջիններս, չհաշված իշխանամետներին, նախապես մատնանշում էին, որ Թուրքիայի նախագահին Սոչիում շատ ծանր հանդիպում է սպասում պարունակած ռիսկերի պատճառով եւ չի լինելու իրավահավասար կողմերի հանդիպում, որովհետեւ, բացի բազում խնդիրներից, Էրդողանը նախագահ Բայդենի վերաբերմունքից դժգոհ է վերադարձել Նյու Յորքից եւ իսկույն ապավինել Պուտինի աջակցությանը, առանց հաշվի առնելու, որ դրանով բանակցություններում ՌԴ նախագահի դիրքերն է ամրապնդում:
Հանդիպման պարունակած ռիսկերի մասին սեպտեմբերի 28-ին արտահայտվել էր նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը , ապա ռուս գործընկերոջը հանդիպելու պատրաստակամություն հայտնել եւ մատնանշել, որ իրենք հավատարիմ են մնացել դեռեւս 2019-հոկտեմբերի 22-ին ստորագրված Սոչիի համաձայնագրին: «Halk TV-ի» հաղորդման հեղինակ Այշենուր Արսլանը նույն օրը հերքել էր Աքարին, ասելով, թե Թուրքիան այդ համաձայնագրով պարտավորվել էր Իդլիբում պայքարել ահաբեկիչների դեմ, բայց փոխարենը սկսել էր հովանավորել նրանց:
Սեպտեմբերի 28-ի այդ հաղորդմանը միաժամանակ նշվել էր, որ Էրդողանն ու նրա իշխանությունները Սիրիայի նկատմամբ որդեգրած տխմար քաղաքականության պատճառով, որի նպատակը Թուրքիան տարածաշրջանային ազդեցիկ դերակատար դարձնելն էր, հարյուր հազարավոր սիրիացիներ զրկվեցին տնից-տեղից: Միաժամանակ խախտելով սեփական ժողովրդի անդորրը, Էրդողանն մնացել է միայնակ, հետեւաբար ստիպված Պուտինին ներկայանալու էր խնդրողի դերում, որն էլ հանդիպումից ստանալու էր այն, ինչ ցանկանում է:
Գալով Էրդողանի դժգոհությանը, նա Նյու Յորք էր մեկնել սեպտեմբերի 19-ին եւ 22-ին վերադարձել: Այնտեղ նախագահ Բայդենի հետ հանդիպման խնդրանքով դիմել է ամերիկյան կողմին, սակայն ամերիկացիները մերժել են նրա խնդրանքը, պատճառաբանելով, թե այդ հանդիպումը նախապես ծրագրված չէր: Ավելին, Էրդողանի խոսնակ եւ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը սեպտեմբերի 28-ին նշեց, որ ամերիկյան կողմը դեռեւս նախքան Թուրքիայի նախագահի Նյու Յորք ուղեւորվելն էր զգուշացրել Անկարային, որ այդ հանդիպումը տեղի չի ունենալու: Փաստորեն Էրդողանը համառել է:
Այնուհետեւ նա պատասխանել է ամերիկյան CBS հեռուստատեսության հարցերին: Թղթակցուհին Էրդողանին ասել է, որ նախագահ Բայդենը իրեն հաճախակի բռնապետ է անվանում, ընդգծում, թե «դուք երկրում սահմանափակում եք խոսքի ազատությունները եւ անընդհատ քրեական գործ եք հարուցում նրանց նկատմամբ, ովքեր քննադատում են ձեզ, ի՞նչպես եք դա գնահատում»: Հիրավի, «Halk TV-ի» տվյալներով, Էրդողանն անձնական վիրավորանք հասցնելու պատճառաբանությամբ 1914-ից ի վեր 38 հազար քաղաքական, հասարակական գործչի եւ լրագրողի դեմ դատական հայց է ներկայացրել, որոնցից 10 հազարը կալանվել են:
Հարցին ի պատասխան Էրդողանն ասում է. «Իմ դեմ ոչ ոք հայց չի ներկայացրել դատարան»: Թղթակցուհին մի պահ շփոթվում եւ ապա Էրդողանին հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Թուրքիային ներկայացրած միլիոնավոր եվրոյի հասնող տուգանքների մասին: Էրդողանի գանգատները շարունակվում են նաեւ Անկարայում: Նա ասում է, որ ինքը հադիպել է Օբամային, Թրամփին, բայց Բայդենի նման նախագահ մինչեւ հիմա չի տեսել, ապա ավելացնում. «ԱՄՆ-ը պետք է դուրս գա Սիրիայից»: Նա խոսում է նաեւ ռուսական հակաօդային պաշտպանության S-400 համակարգերի երկրորդ խմբաքանակը գնելու պատրաստակամության մասին, թե Թուրքիան անկախ պետություն է, կգնի այն զենքը, ինչ ուզում է, մոռանալով, իհարկե պատժամիջոցները, որոնց առնչությամբ նրան զգուշացրել էր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Էրդողանը ոչ միայն հաշվի չի առնում նախազգուշացումը, այլեւ հայտարարում, թե ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում Թուրքիայի կարիքն է զգում, հետեւաբար չի կարող հրաժարվել թուրքական պետությունից: Էրդողանի ասածները որքանով են համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը: Բայց որ նա Պուտինի հետ, բացի տարածաշրջանային խնդիրներից, չհաշված Աֆղանստանում տիրող իրավիճակը, պատրաստվում էր քննարկել Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերիՙ YPG-ի հարցը, որոնց ԱՄՆ-ը համարում է Սիրիայի դեմոկրատական ուժեր, իսկ Թուրքիան «ահաբեկչական» PKK-ի սիրիական մասնաճյուղը, քննարկելու էր նաեւ ռուսական բնական գազի մատակարարման խնդիրը, ոչ միայն դրա համար, որ դրա գինը, պայնավորված միջազգային շուկայի գների հետՙ զգալի աճել է:
Սկզբում Թուրքիան հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց Ռուսաստանին վճարում էր 188 դոլար, այնուհետեւ վճարեց 195 դոլար, իսկ հիմա 250 դոլար է վճարելու: Ընդ որում Ռուսաստանի հետ ստորագրված պայմանագրի ժամկետն էլ այս տարի լրանում է: Ըստ երեւույթին ակնկալվում էր, որ հանդիպման օրակարգում է լինելու ղարաբաղյան հիմնահարցը 3+3 ձեւաչափով կարգավորելու տարբերակը, ինչի մասին «Haber Turk-ի» էկրանից նշեց հեռուստատեսության մեկնաբան Մուհարրեմ Սարըքայան : Այս ձեւաչափը ենթադրում է կարգավորմանը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի կողքին Վրաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը: Այնուամենայնիվ թուրք մեկնաբանը նշեց, որ վարչապետ Փաշինյանը դեմ է այս ձեւաչափին:
Նշված խնդիրներին Թուրքիան մեծ կարեւորություն է տալիս: Սակայն նրա համար առանցքայինը Իդլիբի հիմնախդիրն է: Մանավանդ որ ամերիկացիներից զատ նաեւ ռուսներն են պահանջում թուրքական զորքերի դուսբերումը Սիրիայից: Ավելին, միայն սեպտեմբերին ռուսական օդուժը 258 հարված է հասցրել Իդլիբին, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է ցամաքային գործողությունների անցնելու մասին: Անկախ հայտարարությունից, օդային հարվածներն ինքնին ցամաքային գործողությունների դիմելու պատրաստություն են: Դա մտահոգում է Էրդողանին, որովհետեւ ցամաքային գործողությունների իրականացման դեպքում մեծանում է եւս մեկ մլն. փախստականների Թուրքիա փախչելու հավանականությունը:
Գալով Պուտինի հետ Էրդողանի առանձնազրույցի ձեւաչափով, առանց պատվիրակությունների անցկացված հանդիպմանը, ապա դա, հակառակ թուրքական լրատվամիջների ենթադրություններին եւ ընդդիմադիր թուրք դիտորդների մտահոգություններին, տեւել է 2 ժամ 45 րոպե, կողմերն ավելի քան գոհ են արդյունքներից: Թուրքական «TRT Haber» հանրային հեռուստատեսությունը դրան անդրադարձել է «Նախագահ Էրդողան. Սիրիայում խաղաղությունը պայմանավորված է Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններով», իսկ իշխանամետ «A Haber»-ըՙ «Ռուսաստանում վճռորոշ գագաթաժողով: Էրդողանն ասաց. Հետքայլ կատարել չենք կարող» վերնագրերով: Հետքայլի պարագայում խոսքը ռուսական S-400 համակարգերի մասին է, եւ ըստ հեռուստաալիքիՙ Թուրքիայի նախագահի այս խոսքերը հավասարակշռությունից հանել են Եվրոպային:
Ըստ թուրքական հանրային հեռուստատեսության, Էրդողանը, դիմելով լրագրողներին, հադիպման առնչությամբ շնորհակալություն է հայտնել Պուտինին, ասել է, որ շրջանառության մեջ է դրվում նախապես ձեռք բերված Սոչիի փոխհամաձայնությունը, Թուրքիա-Ռուսաստան փոխհարաբերությունները իսկապես ստանում են բոլորովին այլ բնույթ, բավականին գոհացուցիչ են երկու երկրների համախառն առեւտրի ծավալները, նա գոհունակությամբ է արտահայտվել նաեւ ռուս զբոսաշրջիկների մասին: Այնուհետեւ Էրդողանն անդրադարձել է «Աքքույու» ատոմակայանի շինարարությանը, ապա ավելացրել. «Անդրադարձել ենք ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ իրականացված քայլերին: Դրանց առանձին քննարկումը խիստ կարեւոր էր: Այդ մասին հայտնի անձիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հատուկ հարցրեցին ինձ: Մենք էլ նրանց պատասխանեցինք հարկ եղած ձեւով, որովհետեւ չենք կարող հետ կանգնել կատարված քայլերից: Հավատացած եմ, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն անշեղորեն զարգանալու են: Կարեւոր են նաեւ Սիրիայի հարցում մեր համատեղ քայլերը: Խաղաղությունն այնտեղ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններով է պայմանավորված»:
Պուտինն իր հերթին նշել է, որ մեծ նախագծերը իրականացվում են, այնպես ինչպես ծրագրված էին, էրդողանի հետ իրենց հանդիպումն ամեն անգամ հարթ չի անցնում, սակայն իրենք մշտապես կարողանում են գալ ընդհանուր հայտարարի: Ապա նա խոսել է բնական գազի «թուրքական հոսք» խողովակաշարի մասին, ավելացնելով. «Հաջողությամբ զարգանում է մեր համագործակցությունը միջազգային ասպարեզում: Մենք համագործակցում ենք նաեւ Ղարաբաղում, որը ինչպես հրադադարի, այնպես էլ մնայուն խաղաղության հաստատման լուրջ գործոն է հանդիսանում»: Այնուհետեւ ՌԴ նախագահը կարեւորել է հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի նշանակությունը Ադրբեջան-Հայաստան սահմանին: Եՙվ Պուտինը, ե՛ւ Էրդողանը հավանաբար շրջանցել են հանդիպման օրակարգի մնացած հարցերը, ըստ երեւուլթին նպատակահարմար չեն գտել դրանց մասին խոսելը: