Կովկասյան տարածաշրջանի հարցերով զբաղվող դիտորդները եկել էին այն եզրակացությանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումով, ինչպես այդ երկիրը շարունակում է պնդել, Կովկասում հնարավոր կլիներ վերադառնալ խաղաղ ժամանակներին: Նրանք չէին գիտակցում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մղված պատերազմը սոսկ նախերգանքն էր նոր անկայունության, որովհետեւ այդ պատերազմում Ադրբեջանը միայնակ չէր գործում: Թուրքիան բացահայտորեն մասնակցում էր հակամարտությանը: Պակիստանն իր ռազմական օդաչուներն էր ուղարկել, իսկ Թուրքիան Սիրիայից իր ծայրահեղական իսլամ վարձկաններին էր հավաքագրել: Իսրայելն էլ, իր հերթին, ԱԹՍ-երն էր ղեկավարում իր տարածքից: Յուրաքանչյուր մասնակից իր օրակարգն ու հաշվարկներն ուներ, որոնք ջրի երես եկան պատերազմից հետո:
Ներկայիս, Թուրքիան, Ռուսաստանի հետ լեզու գտնելուց հետո, արդեն իսկ լավ տեղակայված է Կովկասում: Ադրբեջանը դարձել է գերեվարված մի պետություն Թուրքիայի իշխանության ներքո, իսկ նախագահ Իլհամ Ալիեւը վերածվել է որովայնախոս խրտվիլակի, որ կրկնում է իր տիրոջը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Բուն Հայաստանից նվաճած տարածքների շնորհիվ Ադրբեջանը ընդարձակել է իր սահմանը Իրանի հետ, եւ Իսրայելը հնարավորություն է ստացել ընդլայնելու իր հետախուզական կարողությունները այդ երկրի հանդեպ: Ահաբեկիչների օրրան Պակիստանն էլ այնտեղ է նույնանման քաղաքական սարսափ տարածելու համար, ինչը իրականացրել էր Աֆղանստանում:
Ռուսաստանը հուսահատ փորձեր է անում պահպանելու համար իր դիրքերը, որոնք խարխլվել են ի նպաստ Թուրքիայի: Լեհաստանում` Ռուսաստանի սահմանին տեղակայված ՆԱՏՕ-ի կայազորը, Ուկրաինայում եւ Բելառուսում տիրող անկայունությունը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ սեպ խրելու Թուրքիայի ջանքերը Կենտրոնական Ասիայում ստեղծել են մի իրավիճակ, որը թույլ չի տալիս Մոսկվային դիմակայելու մի երկրորդ Չեչնիա: Այդ պատճառով էլ նա լուրջ է ընդունում Անկարայի սպառնալիքներն այն մասին, որ վերջինս կարող է ներսից պայթեցնել Ռուսաստանի Դաշնությունը` ոտքի հանելով այնտեղ գտնվող 25 միլիոն մահմեդականներին:
Ռուսաստանի անգործունեությունն ու զգուշավորությունը արտահայտվեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկչոտ հայտարարությունում, որ Կրեմլը ի վիճակի չէ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին, որովհետեւ նրանք գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Նման խոսքերը պարզապես ջուր են լցնում Ալիեւի ջրաղացին:
Քաղաքական հեռանկարներ ի մտի ունենալով Անկարան, որպես գործիք օգտագործելով Ադրբեջանին, նորանոր նախաձեռնություններ է առաջ քաշում: Ադրբեջանի նորացած ռազմամոլությունը Անկարայի թելադրանքների հնազանդ կատարումի հետեւանքով է: Թուրքիան այժմ որոշել է բացահայտ հակամարտություն բորբոքել Իրանի դեմ մի քանի պատճառներով: Իրանը, Հայաստանի նման, խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի պանթուրանական ծրագրերին: Ուրեմն նրան պետք է ոչնչացնել: Եթե Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի նման ամուր երկրները խորտակվեցին նմանատիպ արտաքին ճնշումների ներքո, ուրեմն Իրանի ճակատագիրն էլ վտանգված է: Զարմանալի չէ, որ կառավարամետ «Ենի Շաֆաք» թուրքական թերթը հետեւյալ վերնագիրն էր հրատարակել` «Իրանը քարտեզի վրայից կջնջվի»: Անկարայի նման ագրեսիվ դիրքորոշումը հույս ունի ստանալու Վաշինգտոնի հավանությունը, քանի որ վերջինս էլ շահագրգռված է Իրանի մասնատմամբ:
Չնայած Թուրքիան եւ Իսրայելը երեւութապես սերտ հարաբերություններ չեն տածում միմյանց հանդեպ, նրանք, թվում է թե, համաձայնել են անհամաձայն լինել, բայց ապրել միասին, քանի որ ամուսնական զույգերի նման «քնել են միասին»` օգտագործելով Ադրբեջանի տարածքը Հայաստանի վրա հարձակվելու համար:
Իսրայելը ըմբռնել է Էրդողանի դիրքորոշումըՙ նմանեցնելով այն պարզապես հաչոցի` առանց կծելու, քանի որ պաղեստինյան հարցի շուրջ 2010-ին ծագած «Մավի Մարմարայի» միջադեպից հետո, որի ընթացքում իսրայելական զորքերը հարձակվել էին Թուրքիայի ղեկավարության տակ շարժվող պաղեստինամետ նավերի վրա եւ սպանել մի քանի ակտիվիստների, Էրդողանը չէր փորձել նոր արկածախնդրություններով պաշտպանել պաղեստինցիներին եւ փչացնել իր հեղինակությունը:
Իսրայելը նաեւ պաղեստինցիների վերաբերյալ Էրդողանի անարդյունավետ հռետորաբանությունների մեջ գտել է իրեն պիտանի որոշ տարրեր, որոնք հատում են պաղեստինցիների անթաքույց պաշտպանը համարվող Իրանի հավակնությունները:
Թուրքիան այժմ Կովկասում նստած է «ավտոմեքենայի ղեկին», եւ Ալիեւին հրահրում է Իրանի դեմ պատերազմ սանձազերծել: Հակառակ Թեհրանից հնչած մկանացուցադրական հռետորաբանությանը, ղեկավարությունն այնտեղ չափազանց շրջահայաց է չընկնելու համար Թուրքիայի լարած թակարդի մեջ: Ալիեւը երբեք էլ այդքան խիզախ չի գտնվի, որպեսզի պատերազմ սանձազերծի Իրանի դեմ առանց Անկարայի քաջալերության: Ալիեւի հաստատակամությունը սպառնում է նաեւ Հայաստանին, որ կարող է անուղղակիորեն տուժող կողմ հանդիսանալ ներկայիս զարգացող հակամարտության հետեւանքում:
Չմոռանանք, որ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի նախօրյակին ադրբեջանական եւ թուրքական զինվորական ստորաբաժանումները համատեղ զորավարժությունների շարք էին անցկացրել: Այսօր, ռազմական լանդշաֆտը շատ ավելի սրված տեսք ունի դարձյալ մի շարք զորավարժություններով, որոնք տեղի են ունենում այնտեղ: Կասպից ծովում այս ամիս իրականացվող Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ռազմածովային վարժությունները խախտում են Կասպից ծովի կոնվենցիան, որն արգելում է նման զորավարժությունների անցկացումը օտար ուժերի կողմից: Բայց Թուրքիան վաղուց է միջազգային օրենքները խախտելու փորձ ձեռք բերել եւ մնացել անպատիժ: Նա նախ փորձեց Հյուսիսային Կիպրոսի անօրինական կառավարության անունից օրինական պահանջներ ներկայացնել Արեւելյան Միջերկրականի ջրերում: Այսօր, Ադրբեջանին վերաբերվելով որպես իր կողմից նվաճված տարածք, նա իրեն իրավունք է վերապահում իր ռազմածովային ուժերը Կասպից ծով մտցնել: Ոչ մի երկիր չարձագանքեց այս անօրինական գործողությանը, բացի Իրանից, որ տարօրինակ կերպով չի վավերացրել վերոնշյալ կոնվեցիան:
Պատերազմների շարունակականությունը հաշվի առնելովՙ չենք կարող մոռացության մատնել նախապատերազմյան Ղարաբաղի մթնոլորտը:
Այժմ անդրադառնանք Բաքվում կատարվող զորավարժություններին, որոնց մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի զինուժերը: Դրանց հաջորդում են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի համատեղ զորավարժություները եւ հոկտեմբերի 5-8-ը նախատեսված թուրք-ադրբեջանական համատեղ վարժությունները` Նախիջեւանում: Իրավացի կլինենք հարցնելու, թե ինչո՞ւ է տարածաշրջանում այսքան շատ զորավարժություններ անցկացվում այսքան կարճ ժամանակահատվածում, եթե մոտ ապագայում պատերազմ չի նախատեսվում հայտարարել:
Զինվորական այս սպառնալից գործողություններն, ինչ խոսք, իրավացիորեն տագնապ են առաջացրել Իրանի կառավարական շրջանակներում, որոնք լայնածավալ մկանացուցադրական զինվորական զորավարժություններ են սկսել Ադրբեջանի սահմանների մոտ, զարմանք պատճառելով նախագահ Ալիեւին:
Բաքուն իր նկրտումներն սկսեց հարկեր վերցնելով այն բեռնատար ավտոմեքենաներից, որոնք շարժվում էին Հայաստանի տարածքից Ադրբեջանին «անցած» 21 կմ. երկարությամբ ճանապարհով: Դրան հաջորդեց երկու իրանցի վարորդների ձերբակալումը, որոնք դեռ գերության մեջ են գտնվում Ադրբեջանում: Այնուհետեւ հարձակում տեղի ունեցավ Բաքվում իրանական դեսպանատան վրա: Ադրբեջանի նման բռնատիրական երկրում ոչ մի բան ինքնաբերաբար չի կատարվում: Բոլոր այս միջադեպերը ուղեկցվում էին երկու մայրաքաղաքների միջեւ փոխանակված բուռն հայտարարություններով:
Սեպտեմբերի 17-ին իրանցի հոգեւորական Այաթոլլահ Հասան Ամելին հայտարարեց. «Քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հարգում Իրանի իրավունքները որպես հարեւան երկիր, մենք պահանջում ենք Ազգային Գերագույն Անվտանգության խորհրդից, որ թույլատրի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ցուցադրելու սահմանի այս կողմում գտնվող Իրանի հզորության ընդամենը կեսը, նշելովՙ «մի՛ տրորեք առյուծի պոչը»: Ադրբեջանի պաշտոնական շրջանակների պատասխանը չուշացավ: «Մենք կկտրենք այդ պոչը», ասացին նրանք, սրելով հակամարտության հռետորաբանությունը: Հայաստանն այս գոտեմարտի մեջ է խրվում անպատրաստ:
Ադրբեջանն ու Թուրքիան առաջ են քշում նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի իրենց տարբերակը եւ պահանջում սկսել երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները: Նման սցենարի կիրառման դեպքում Հայաստանը կորուստներ է ունենալու եւ պարտված է դուրս գալու: Դրանով Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցմանը եւ զիջելու է իր տարածքի «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին:
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում են, որ միջանցքի հարցը քննարկումների օրակարգում չի ընդգրկված, իրանական կառավարությունը անքան էլ համոզված չէ դրանում: Համոզված չէ նաեւ Հայաստանի բնակչությունը: Այս բոլոր քաղաքական խաբեբայությունները Կրեմլի աչքի առաջ են կատարվում, բայց Կրեմլը դավադիր լռություն է պահպանում:
Հայաստանից միջանցք պահանջելու փոխարեն, Թեհրանն իր տարածքն էր առաջարկում Ադրբեջանին, որպեսզի կարողանա մուտք գործել Նախիջեւանի էքսկլավը: Բայց Բաքուն չի համաձայնվում: Այս իրավիճակում Թեհրանը պաշտոնապես հայտարարում է, որ իր համար որեւէ սահմանի փոփոխություն տարածաշրջանում հավասարազոր է կարմիր գիծը անցնելուն:
Իսրայելը արդեն 30 տարի է, ինչ ներկա է Ադրբեջանում: Իրանի կառավարությունը տեղյակ էր այդ փաստին, բայց մինչ օրս երբեք այդքան ուժգին չէր արտահայտել իր մտահոգությունները, որովհետեւ հիմա է, որ ուժեղացել են Իսրայելի հետախուզական կարողությունները` Բաքվի սահմանային ընդարձակումների հետեւանքով:
Թեհրանը նաեւ վստահ չէ, որ Հայաստանը կարող է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը: Այդ պատճառով էլ իր ձեռքն է վերցրել իր երկրի անվտանգության պատասխանատվությունը:
Մինչ օրս Թեհրանն ու Երեւանը պահպանել են բարիդրացիական հարաբերություններ, բայց վերջերս որոշ մտահոգություններ արտահայտվեցին Թեհրանում: Նույնիսկ կառավարամետ «Քեյհան» թերթը Հայաստանին մեղադրեց Արեւմուտքի հետ համագործակցելու եւ Իրանի դեմ դավադրելու մեջ: Վարչապետ Փաշինյանը Լիտվայում հրապարակավ վստահեցրեց Իրանին, որ Հայաստանը չի կարող դավադրել Իրանի դեմ: Դրանով չբավարարվելով նա արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղարկեց, որպեսզի վստահեցնի Թեհրանի ղեկավարներին, որ Հայաստանը նման մտադրություն չունի:
Թեհրանում նման կասկածի առաջացումը պայմանավորված էր այն համոզմամբ, որ Փաշինյանի կառավարությունը արեւմտամետ քաղաքականություն է վարում:
Թուրքիան եւ Մ. Նահանգները կարող են տարակարծություններ ունենալ քաղաքականության բնագավառում, Իսրայելն էլ կարող է նեղսրտել Էրդողանի ռազմատենչ հռետորաբանություններից, եւ Ադրբեջանն էլ կարող է դառնալ Թուրքիայի պատանդը, բայց նրանց բոլորի նպատակը մեկն է: Նրանք ցանկանում են մասնատել Իրանը ազգագրական ճեղքումի միջոցով: Եթե դա տեղի ունենա, աղետալի է լինելու ամբողջ տարածաշրջանի համար:
Հայաստանի անկարող եւ անփորձ կառավարությունը ի վիճակի լինելո՞ւ է նավարկելու այս փոթորկալից ջրերում եւ փրկելու երկիրը: Դժվար է գուշակել: Մի բան հստակ է, ակներեւ: Փոխանակ ներքին միասնությունը պահպանելու եւ միասնաբար արտաքին ճնշումների դեմն առնելու, կառավարությունը ձերբակալում է նախկին զինվորական ղեկավարներին եւ ընդդիմադիր առաջնորդներին` էլ ավելի խորացնելով բեւեռացումը երկրում:
Զգուշավոր եւ շրջահայաց մարդիկ խորապես մտահոգված են, որ երկրի փլուզումը հեռու չէ:
Անգլ. թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator)